Չինաստանը վաղվանից 84 տոկոս մաքսատուրք կսահմանի ամերիկյան ապրանքների համար

Չինաստանը վաղվանից 84 տոկոս մաքսատուրք կսահմանի ամերիկյան ապրանքների համար՝ նախկինում հայտարարված 34-ի փոխարեն: Սրանով Պեկինը պատասխանում է չինական ապրանքների համար ԱՄՆ սահմանած 104 տոկոս մաքսատուրքերին, որոնք ուժի մեջ են մտել այսօր՝ էլ ավելի սաստկացնելով Դոնալդ Թրամփի հայտարարած գլոբալ առևտրային պատերազմը:

Այս լուրի ֆոնին եվրոպական ֆինանսական շուկաները, որոնք բացասական ցուցանիշներով էին մեկնարկել առավոտյան, շարունակել են անկում գրանցել: Brent տեսակի նավթի գինն իջել է 2021-ի փետրվարից ի վեր ամենացածր մակարդակին՝ 60 դոլար մեկ բարելի դիմաց: Միայն Չինաստանի ֆոնդային շուկան է աճ գրանցել ենթադրաբար կառավարության միջամտության շնորհիվ:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Fox Business Network-ին ասել է, որ Չինաստանի այս որոշումն անհաջող և պարտվողական է:

«Ըստ իս՝ ցավալի է, որ չինացիներն իրականում չեն ցանկանում գալ և բանակցել, քանի որ նրանք միջազգային առևտրային համակարգում ամենավատ իրավախախտներն են», - նշել է Բեսենթը:

Չինաստանի հայտարարությունից րոպեներ անց նախագահ Թրամփն արտերկրում գործող ընկերություններին կոչ արեց տեղափոխվել ԱՄՆ՝ խոստանալով բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծել և մաքսատուրք առհասարակ չկիրառել:

«Սա հիանալի ժամանակ է ձեր ընկերությունն ԱՄՆ տեղափոխելու համար, ինչպես Apple-ը, և ռեկորդային թվով շատ այլ ընկերություններ են անում … Մի՛ սպասեք, եկե՛ք հիմա», - նշել է Թրամփը:

Աշխարհի խոշորագույն արտահանողի նկատմամբ ԱՄՆ-ն 104 տոկոս մաքսատուրք էր սահմանել, երբ Չինաստանը հրաժարվեց վերացնել իր պատասխան մաքսատուրքերը՝ խոստանալով պայքարել մինչև վերջ: Պեկինը Վաշինգտոնին կոչ էր արել չեղարկել մաքսատուրքերը և բանակցել։ Սակայն Թրամփը մերժել էր՝ ասելով, որ Չինաստանն իրականում ցանկանում է գործարք կնքել և ինչ-որ պահի կանի դա, պարզապես չգիտի, թե ինչպես:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեկինը չի պատրաստվում տեղի տալ Թրամփի տնտեսական սպառնալիքներին

Բրյուսելն իր հերթին պատասխան մաքսատուրքեր սահմանեց

ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք էր սահմանել նաև ԵՄ-ից ներկրվող պողպատի և ալյումինի նկատմամբ: Այսօր Բրյուսելն իր հերթին պատասխան մաքսատուրքեր սահմանեց: Եվրոպական հանձնաժողովի հայտարարությունում ասվում է, որ մաքսատուրքերն արդարացված չեն և վնասում են երկու կողմերին: ԵՄ-ն պատրաստ է բանակցությունների միջոցով հավասարակշռված և փոխշահավետ լուծումներ գտնել:

Չնայած երկխոսության այս առաջարկին, Ֆրանսիայի բանկի ղեկավար Ֆրանսուա Վիլերոյ դե Գալաուն հայտարարել է, որ չեն կարող փոխել ամերիկյան քաղաքականությունը, որի հետևանքով կարող է տուժել հենց ԱՄՆ տնտեսությունը:

«Նույնիսկ ենթադրություններ կան ԱՄՆ-ում հնարավոր ռեցեսիայի մասին, որը հնարավոր չէր պատկերացնել երեք ամիս առաջ: Սա պարզապես ցույց է տալիս, որ ԱՄՆ ստեղծած այս իրադրությունից առաջին հերթին տուժում է ամերիկյան տնտեսությունը», - նշել է Գալաուն:

Շարքային քաղաքացիներն իրենց հերթին դժգոհ են այս իրավիճակից: Գերմանիայի Քյոլն քաղաքի բնակիչ Ալֆրեդ Վալատն ասում է, որ ԱՄՆ-ին պետք է անտեսել, քանզի աշխարհն Ամերիկայով չի սահմանափակվում:

«Ամերիկան 340-400 միլիոն բնակիչ ունի ընդամենը, կներեք։ Չինաստանն ունի 1,2 միլիարդ բնակչություն, մի փոքր ավելի ունի Հնդկաստան։ Ընդհանուր ստացվում է 2,4 միլիարդ մարդ, ուրեմն մեր ինչի՞ն է պետք ԱՄՆ-ն», - ասել է Վալանտը:

Մարիան Շուերմանն էլ ասում է, որ ստեղծված իրավիճակին պետք է արձագանքել միայն ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան մաքսատուրքերով. - «Այսքանը պետք է ասեմ: Ուղղակի անհավատալի է, թե ինչ է անում այս մարդը բոլորիս, ողջ աշխարհի հետ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուժի մեջ են մտել 60 երկրի նկատմամբ ԱՄՆ նախագահի սահմանած աննախադեպ մաքսատուրքերը

«Վաշինգտոնն իրեն պարտավորված չի զգում հետևելու միջազգային առևտրային իրավունքի նորմերին»

Ռուսաստանը, որի նկատմամբ Թրամփը մաքսատուրքեր չի կիրառել, հայտարարել է, որ չինական ապրանքների վրա 104 տոկոս մաքսատուրք սահմանելով՝ ԱՄՆ-ն խախտում է միջազգային առևտրի կանոնները: «Վաշինգտոնն իրեն պարտավորված չի զգում հետևելու միջազգային առևտրային իրավունքի նորմերին», - ասել է Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Վերջին օրերին համաշխարհային բորսաներում արժեթղթերի արժեզրկման պատճառով մի քանի տրիլիոն դոլար է փոշիացել: Ըստ Forbes-ի՝ նոր մաքսատուրքեր սահմանելուց հետո Թրամփն ինքն է կես միլիարդ դոլար կորցրել:

ԱՄՆ նախագահն այս մաքսատուրքերով ցանկանում է նվազեցնել ապրանքների ներհոսքը և կանխել աշխատատեղերի արտահոսքը այլ երկրներ՝ ամերիկյան արտադրությունն աշխուժացնելու համար: Սակայն, ըստ տնտեսագետների, այս քաղաքականությունը մեծացնում է ռեցեսիայի վտանգն ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն իր սահմանած մաքսատուրքերի հետևանքով կես միլիարդ դոլար է կորցրել․ Forbes