«Ժողովուրդը գիտի պատերազմ ա սկսել». - սահմանամերձ Խնածախում մայիսի 1-ի լուսադեմից լսվող ադրբեջանական կրակոցների ինտենսիվությունը բնակիչներին խուճապի է մատնել: Նրանցից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պատմեց՝ այդքան երկար այս մեկուկես ամսում չէին կրակել:
Ժամեր շարունակ հնչած կրակոցներից գյուղում չեն տուժել: «Ազատության» զրուցակիցը նաև դժվարացավ ասել՝ կրակոցները գյուղի ուղղությա՞մբ էին, թե՞ ոչ. - «Տարբեր տեսակի զենքերով են է խփում, ես չեմ տարբերում: Ծանր ոնց որ տեխնիկա խփի՝ բարձր դմբոց, հեռու գնում ա նորից դմբում: Չգիտեմ ինչ տեխնիկաներով են խփում»:
Որ նախորդ գիշերը լարված է եղել, հայտնել էր նաև ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանը շուրջ չորսժամյա անընդմեջ կրակահերթ է իրականացրել Խնածախ գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից:
«Խնածախի ադրբեջանական դիրքերից առավելագույնը 5 րոպե դադարով կրակահերթեր են եղել: Ընդ որում` կրակահերթերը եղել են ոչ թե մեկ, այլ մի քանի ադրբեջանական դիրքերից: Որքան էլ իշխանությունը պնդի, որ կրակահերթերը հիմնականոն անկանոն բնույթ ունեն, սակայն հայկական բնակավայրերի` առաջնագծին մոտ գտնվելը բավականին լարված և վտանգավոր իրադրություն է ստեղծում և՛ մեր դիրքերի, և՛ սահմանամերձ գյուղերի համար», - գրել է Աբրահամյանը:
Ադրբեջանական կրակոցների մասին Պաշտպանության նախարարությունը ոչ մի տեղեկատվություն չի տրամադրել: Ռազմական գերատեսչությունը սահմանային կրակոցներին անդրադառնում է միայն այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը թիրախավորում է քաղաքացիական շինություններ, իսկ հիմնականում՝ երբ անհրաժեշտ է լինում հերքել ադրբեջանական կողմի մեղադրանքները, թե հայկական կողմը կրակել է իրենց դիրքերի ուղղությամբ, բայց արդեն չորրորդ օրն է՝ ՊՆ-ն առհասարակ լուռ է: Բաքվից ևս կրակոցների մասին մեղադրանքներ չկան: Լարվածությունը, սակայն, պահպանվում է բնակիչների շրջանում, այս գիշեր էլ լուսացրել են ավանդական դարձած կրակոցների ձայների ներքո:
«Դաշտավայրերում չեն թողում աշխատեն, մարդկանց վարելահողերը հենց իրանց թիրախում ա, այգի չեն մշակում: Ապրելը դառել ա արդեն վախենալու, ընտանիքներ կան՝ արդեն պատրաստված ուզում են տեղափոխվեն, ամեն օր անասուն են վաճառում: Որ սենց գնա, ինձ թվում ա գյուղը կդատարկվի», - ասաց «Ազատության» զրուցակիցը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սյունիքում կրակոցները շարունակվել են. նախօրեին նախարարներ են այցելել գյուղեր, կրակոցների մասին հրապարակած տեսանյութում՝ ոչ մի բառ Ճամբարակում կրակոց չեն լսել, բայց Սյունիքի գյուղերի ուղղությամբ դրանք չեն դադարումԽոզնավարում և Խնածախում այս գիշեր էլ հանգիստ չի եղելԻրավիճակը նույնն է հարևան Խոզնավարում
Իրավիճակը նույնն է նաև հարևան Խոզնավարում, այստեղ ևս չդադարող կրակոցները օրեցօր ավելի զգուշավոր են դարձնում բնակիչներին, պատմում է նրանցից Ռոման Գրիգորյանը: Ասում է՝ վերջին մեկ ամսում իրենց կենսակերպը փոխվել է, երեկոյան ժամերին փողոցները դատարկ են, մարդիկ տներից դուրս չեն գալիս:
«Էս ներքևում մի հատ «Խաչի ուս» ենք ասում՝ ըտեղից ա էդ կրակոցները մեր գյուղի վրա, հենց մեր տարածքն ա, մեր տարածքում իրանք նստած են, ըտեղից ա, որ կրակում են գյուղի վրա, բնակչությանը ըտեղից են էլի կրակում», - «Ազատությանն» ասաց Գրիգորյանը:
2022 թվականի սեպտեմբերյան հարձակումից հետո Ադրբեջանը նաև այս ուղղությամբ է տարածքներ օկուպացրել: Դրանից հետո ադրբեջանական զորքերն է՛լ ավելի են մոտեցել Խոզնավարին: «Ազատության» զրուցակիցը չի հասկանում՝ ինչո՞ւ են հայաստանցի պաշտոնյաները օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին լռում:
«Ինչ ձևի ադրբեջանցիք որ կրակում են՝ չենք հասկանում ինչի հմար են կրակում, նույն ձևի էլ մեր իշխանություններն ա՝ չենք հասկանում ինչի հմար չեն խոսում: Որ իրանք վերցել են, մոտավոր ասեմ, որ անձամբ ես, անասուն եմ պահելուց եղել, որ իրանցն ա, հիմա իրանք էկել են ընդե, մի 200 հեկտարի չափով իրանք ներխուժած են մեր տարածք», - նշեց Ռոման Գրիգորյանը:
Պաշտոնական տվյալով՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ է Հայաստանի տարածքից շուրջ 200 քառակուսի կիլոմետրը: Հայաստանի իշխանությունը բազմիցս ասել է, որ այդ տարածքները ռազմական ճանապարհով հետ բերելու մտադրություն չունի, քանի որ այդ հնարավորությունը տալիս է սահմանազատումը: Տավուշի հատվածում մոտ 12 կիլոմետր սահմանազատելուց մեկ տարի անց, սակայն, գործընթացի շարունակականության մասին պաշտոնական որևէ տեղեկություն չկա: