Գլխավոր դատախազությունում ուսումնասիրել են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը Պաշտպանության նախարարությանը պատկանող հողն ու շինությունը հետ վերցնելու ու եկեղեցուն նվիրելու մասին: Յոթ տարվա վաղեմության որոշման մեջ հակաօրինական դրվագներ են տեսել ու դիմել Հակակոռուպցիոն դատարան:
«Կառավարության 2018 թվականի մարտի 29-ի որոշման և անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ տվյալ պայմանագիրը կնքվել է օրենսդրության պահանջների խախտմամբ, ուստի դատախազության կողմից ներկայացվել է գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներ», - մասնավորապես ասված է դատախազության տեղեկանքում:
Հողն ու շինությունները՝ շուրջ 10 հազար քառակուսի մետր, Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բարձունքում են, տեսարժան վայրում: Գետահովիտի վարչական ղեկավարը պատմեց՝ խորհրդային տարիներին այդտեղ հանգստավայր էր, ու չգիտի ինչու՝ Ռուսաստանից, Տյումենից էին գալիս: 90-ականների սկզբին այստեղ է ապաստանել նաև Վրաստանից արտաքսված նախագահը՝ Զվիադ Գամսախուրդիան: Հետո Տյումենի հանգստավայրը դարձավ Հայաստանի պաշտպանության նախարարության զորամաս: Հետո արդեն որոշումն էր, որ այժմ վիճարկում է դատախազությունը:
Գետահովիտի գյուղապետ Արթուր Ղազարյանն ասում է՝ գյուղում դեմ էին, որ տարածքը Մայր Աթոռին տան. - «Դեմ էր ժողովուրդը, որ հենց նենց նվեր տան: Գիտեինք՝ որ տվին, էլ հետ վերցնել չկա: Ժողովուրդը ոտի կանգնեցին, չէին ուզում, հետո էլ արդեն դե Կառավարության որոշումով տվել են, էլ ըտե մեզական բան չկար, էլի»:
Ըստ Ղազարյանի՝ գյուղի վարչական տարածքում գտնվող այդ շենքն ու հողամասը կարող էին 50 միլիոն դրամ բերել իրենց բյուջե, բայց քանի որ Մայր Աթոռն է եղել նվերն ստացողը, գյուղը փող չի ստացել: Գյուղապետը Փաշինյանի իշխանության գալուց հետո մի քանի նամակ է գրել, ու հիմա շատ է ուզում, որ դատախազությունը հաջողի:
Իսկ ի՞նչ է անում Մայր Աթոռը այդ տարածքում:
2022 թվականին այստեղ բացվեց մանկական հոգևոր վերականգնողական կենտրոն: Մայր Աթոռին նվիրաբերված տարածքում այդպիսի կենտրոն գործարկելու նախաձեռնությունը Տավուշի թեմի առաջնորդ, այժմ կալանավորված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանինն էր, հովանավորը՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամն ու Իտալիայում բնակվող Լուսի Պալյանը:
Բագրատ արքեպիսկոպոսը Տավուշ հեռուստաընկերությանը պատմում էր՝ այդտեղ պիտի ապաքինվելու, վերականգնվելու գան քիմիաթերապիայի ծանր փուլն անցած երեխաները՝ ծնողների հետ. - «Մենք գիտենք, որ քաղցկեղով հիվանդությունը ոչ միայն ֆիզիկական առողջության հետ կապ ունի, այլ նաև խորը հոգեբանական և հոգևոր նշանակություն ունի, ազդեցություն ունի: Եվ այդ պատճառով մենք ծրագրել ենք, որպեսզի քիմիոթերապիայի ամբողջական այդ բժշկական շրջանը անցնելուց հետո պարտադիր երեխաները իրենց ծնողներով գան այստեղ հանգստանալու և հոգևոր վերականգնողական այդ գործընթացով անցնելու»:
Բացմանը նաև մանկական ուռուցքաբաններ են, այս կենտրոնը համարում են եզակի հնարավորություն քաղցկեղով երեխաների համար, տեղանքը նույնպես բացառիկ է՝ սարի գլխին, մաքուր օդ, բնության ձայներ: «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամից «Ազատություն»-ը տեղեկացավ՝ մինչև այժմ այս կենտրոնում բնակվել է քիմիաթերապիայի փուլերով անցած 17 երեխա: Կենտրոնն այս պահին չի գործում:
«Ներսը մի փոքրիկ բաներ կա, դետալային աշխատանքներ կա, ըտեղ մի փոքր էդ գազաֆիկացման հետ կապված՝ էդպիսի խնդիր կար, դա էր, ուրիշ խնդիր չկա, շենքը ամբողջությամբ պատրաստ է», - «Ազատությանը» ասաց Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Սամվել վարդապետ Մխիթարյանը: Նա վստահեցրեց՝ ամեն ինչ անում են, որ տեխնիկական խնդիրները լուծվեն, ու երեխաները ծնողների հետ վերականգնվելու գան այստեղ: Շեշտեց՝ ահռելի գումարներ են ծախսել, ամեն ինչ պատրաստ է: Մի քանի ամիս առաջ էլ ջերմոց են հավաքել տարածքում. - «Որպեսզի երեխաները այնպիսի բույսերի մշակմամբ զբաղվեն, իրենց օրը անցկացնեն՝ հապալաս է, հոն է, մոշ է, այսինքն՝ որ քիմիական նյութերով չի պարարտացվելու»:
Դատական գործընթացը վարդապետը համարում է եկեղեցու թիրախավորում, ուրիշ ի՞նչ, հարցնում է. - «Օրինականության հետ կապված ոչ ի խնդիր չկա»:
Ինչո՞վ կավարտվի Գեղահովիտի բարձունքի դատական այս օպերացիան՝ Հակակոռուպցիոն դատարանը հայցն առայժմ վարույթ չի ընդունել:
Սա Մայր Աթոռի տնօրինության տակ գտնվող գույքի վերաբերյալ միակ դատական գործընթացը չէ. Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին նույնպես պետությունը հետ է պահանջում: «Ազատություն»-ն այս թեմային մեկ տարի առաջ էր անդրադարձել. դատախազությունը դատարանից խնդրում է անվավեր ճանաչել համայնքապետի որոշումը, որով համայնքի սեփականությունն է դարձել Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին, հետո էլ այն նվիրել են Մայր Աթոռին: Ապարանի համայնքապետն ասում էր՝ մտածել են՝ եթե եկեղեցի, ուրեմն՝ Մայր Աթոռին. - «Ասում են՝ «ինչի՞ համար եք տվել եկեղեցուն, Մայր Աթոռին», ես չեմ իմանում՝ եթե կա, որ պետք է մենք եկեղեցիները տանք Ազգային անվտանգությանը, կամ տանք պաժառնիներին, չեմ իմանում, ո՞ւմ տանք, լավ, եթե Մայր Աթոռին չենք տալիս»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազությունը փորձում է Մայր Աթոռի տնօրինության տակ գտնվող միջնադարյան եկեղեցին վերադարձնել պետությանը