Դատավոր Վահե Դոլմազյանը հրաժարվեց քննել Հովիկ Աբրահամյանի գործը

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Դատավոր Վահե Դոլմազյանն այսօր հրաժարվեց քննել Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործը՝ ինքնաբացարկ հայտնելով։ Պատճառաբանեց՝ երբ Դատախազությունում է եղել, այս գործի օրինականության նկատմամբ վերահսկողություն է իրականացրել:

«Արդարադատություն ըստ էության չի կարող իրականացնել: Եթե նույնիսկ խնդիր դատարանը չտեսնի, ապա անաչառ կողմի մոտ, երրրորդ անձի մոտ կարող է կասկած առաջանալ, որ դատավորը, որը նախաքննության ընթացքում քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական ղեկավարում է իրականացրել կամ օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացրել, կարող է որպես դատավոր լինել անաչառ», - հայտարարեց Դոլմազյանը:

Հովիկ Աբրահամյանն այսօր առաջին անգամ էր կանգնում քրեական դատարանի առաջ։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով:
Այս գործը հարուցվել է դեռ 2018 թվականին և դատարան մտավ միայն 7 տարի անց: Փաստացի Աբրահամյանը մեղադրյալի աթոռին է արդեն 7 տարի:

Այսօր դատարանի բակում նախքան նիստի մեկնարկը լրագրողների հետ ճեպազրույցում Աբրահամյանն ասաց՝ մեղադրանքը չի ընդունում:

«Այսինքն՝ Դուք քաղաքական ենթատե՞քստ եք այս ամեն ինչի մեջ տեսնում», - «Ազատության» այս հարցին նախկին վարչապետը պատասխանեց. - «Կորոշեք: Ես ուրախ եմ, որ դուք ներկա եք, նիստին մասնակցեք՝ կտեսնեք՝ ինչ են խոսում ու ինչ մեղադրանք են առաջադրում, որի հետ համաձայն չեմ, իրականության հետ աղերս չունի, և 7 տարի առաջ սկսվել է այս մեղադրանքի առաջադրումը և մինչև հիմա որևէ տենց լուրջ... »:

Լրագրողներից մեկի հարցին էլ՝ «ըստ Ձեզ, ինչո՞ւ են հիմա ակտիվացրել», Աբրահամյանն արձագանքեց. - «Բա իրենց պիտի հարց տաք»:

Կարճ տևած նիստի ավարտից հետո Հովիկ Աբրահամյանը հրաժարվեց որևէ գնահատական տալ կատարվածին։ Անարձագանք թողեց հարցը՝ արդյոք պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն։

Լրագրողները հիշեցրեցին Աբրահամյանի բարեկամական կապը գործարար Սամվել Կարապետյանի հետ, որ այս պահին անազատության մեջ է իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան արձագանքեց՝ իրականացվող քայլերն անհանգստացնող են. - «Բոլորիս են անհանգստացնում»:

Նախկին վարչապետը հունիսի 13-ին ձերբակալվեց, հաջորդ օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվեց խափանման միջոց տնային կալանք, իսկ հուլիսի վերջին արդեն տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ։

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Հովիկ Աբրահամյանին սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում:

Մեկ այլ գործով պետությունը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում պահանջում է Աբրահամյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույք։ Դատախազությունը պնդում է, որ Աբրահամյանները, ինչպես նաև նախկին վարչապետի վարորդը, թիկնազորի աշխատակիցը, որոնց անուններով ևս նախկին բարձրաստիճան պաշտոնյան գույք է գնել, պետությանը պետք է վերադարձնեն 59 անշարժ գույք,15-ը՝ Երևանում՝ մեծամասամբ կենտրոնում: Բացի այդ, ապօրինի է որակվել 20 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր։ Եթե դատարանը բավարարի Դատախազության պահանջը, Աբրահամյաններն անշարժ գույքից, բաժնետոմսերից ու փոխառություններից բացի պետությանը պետք է վերադարձնեն նաև ավելի քան 55 միլիոն դոլար։ Այս գործն էլ քննվում է 2023 թվականից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հովիկ Աբրահամյանի գործով նախագահող դատավորն ինքնաբացարկ հայտնեցՀովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը. փաստաբանՀովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԳույքի բռնագանձման գործերով անցնող նախկին պաշտոնյաներից ամենամեծ ունեցվածքը կուտակել են Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ ԽաչատրյանըԴատախազը ներկայացրեց, թե պետությունը ինչ գույք ու որքան գումար է ցանկանում բռնագանձել Հովիկ Աբրահամյանից Հակակոռուպցիոն կոմիտեն լրացրել է Հովիկ Աբրահամյանի մեղադրանքըՀովիկ Աբրահամյանի քրեական գործով բացահայտվել են ապօրինի կերպով հողատարածքներ վաճառելու դեպքերՀովիկ Աբրահամյանին ՀՔԾ-ում մեղադրանք են առաջադրել և երկրից չհեռանալու ստորագրություն վերցրել