Այսօր առավոտյան իր մեկուկես տարեկան երեխային մանկապարտեզ տանելիս իրավապահները ձերբակալել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն: Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հարկադրանքի եղանակով շորթման համար:
Վարդան Ղուկասյանը պնդում է՝ որևէ ծանուցում չեն ստացել, իսկ որդուն բերման են ենթարկել, երբ մի երեխան գրկին է եղել, մյուսը՝ մեքենայի մեջ:
«Մանկապարտեզում, ուրեմն, էսպես, ոնց որ թուրքական շպիոն՝ մի տաս մեքենայով, բանով, շրջափակել են՝ էրեխեն գիրկը հոր, մյուս երեխան էլ էլի մեջը, բան... Վերջը, տենց կալանավորել տարել են տղայիս», - պատմեց Գյումրիի քաղաքապետը:
Ղուկասյանի ձեռքի տակ մոտ մեկուկես տարի առաջ հարուցված քրեական գործն է, որի հիման վրա էլ, ասում է, ձերբակալել են որդուն. - «Փաստաբանները, ուրեմն, սրանց էդ մեղադրական եզրակացությունն են վերցրել, մեջը գրված է, որ 24 քառակուսի մետր խիբարի համար՝ խիբար, 24 քառակուսի, իրենք իրենց կազմել են, որ դա ընդամենը 90 հազար դրամ է, չորս երեխայի հորը էդպես բռնում կալանավորում են: Բայց էդ հայրը էս քաղաքի համար, ինձ հետ միասին, միլիոն դոլարների ներդրում է արել, միայն Ամենափրկիչ եկեղեցին որ նայես՝ էդ 90 հազարը էդ եկեղեցու մի հինգ կիլո մխի արժեք ունի, էլի»:
Պնդում է՝ քրեական վարույթի մասին նոր են իմացել, չգիտի՝ քննիչները ումից ինչ շորթելու համար են կասկածում որդուն: Իսկ թե ինչու մեկուկես տարի անց հիշեցին այս գործն ու, ըստ քաղաքապետի, 90 հազար դրամի համար տղային ձերբակալեցին, Ղուկասյանն իր վարկածն ունի. - «Դե ես գիտեի, որ այդպես պիտի լինի, որովհետև երբ որ եպիսկոպոսի (Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի. - խմբ.) դատին գնաց մասնակցեց, ինձ մարդիկ ասեցին, թե «պարոն Ղուկասյան, իրեն կկալանավորեն»: Ասի՝ ինչի՞, բա՝ էդպես է: Ու չէի հավատում, ճիշտն ասած, իրոք չէի հավատում, բայց էսօր ցայտուն երևաց, որ շատ հիշաչար մարդկանց հետո գործ ունենք: Ուղեղիս մեջն էլ չի մտնում, թե ինչի համար, ոնց»:
Վարդան Ղուկասյանը չբացառեց, որ ինքը ևս կմասնակցի Շիրակի թեմի առաջնորդի գործով դատական նիստերին. - «Միանշանակ կգնամ, ինչի՞ չեմ գնա որ սրբազանի դատին: Ես սրբազանին պաշտպանում եմ ամեն ինչով սրբազանին, պարտադիր, պարտադիր: Ի՞նչ, կարող է հանկարծակի ես վախենամ գնալուց կամ բա՞ն, մտքերիցդ հանեք: Ես ավելի կխորանամ, ավելի կհզորանամ նմանատիպ բաներ անելուց, նմանատիպ բաներ անելուց մենք չենք կոտրվում»:
Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը, որ ինքն էլ մեղադրյալ է փողերի լվացման ու պաշտոնական լիազորությունների չարաշահման հոդվածներով, իշխանություններին է դիմում՝ թե հարց ունեն իր հետ, ինչո՞ւ են ընտանիք մտնում. - «Գիտե՞ք ինչ, եթե ինչ-որ հաշիվ եք մաքրում, եթե հարց ունեք հոր հետ, ընտանիք ինչի՞ եք մտնում, գետինը մտնիք: Բան կա՝ արեք, ես պատրաստ եմ ամեն ինչի: Այսինքն՝ եթե մարմինս կոտրես, հոգիս չես կոտրի: Դու պտի սիրով ապրես, ես քեզ ասեցի՝ բռնել տալով երկիր չեն պահում, պատին ծեփելով, ասֆալտին փռելով՝ դրանով ավելի մարդկանց հանում ես քո դեմը: Երկիրը պահում են սիրով: Սրանով ցույց են տալիս, որ իրենց վերջն ա»:
ՏԻՄ ընտրություններում պարտության հետ չեն հաշտվում, պնդում է Ղուկասյանը ու չի հասկանում, թե ինչու են այսքան ցավոտ տանում. - «Արցախը տվեցիք՝ էդքան չեք խառնվե իրար, էս Գյումրու քաղաքապետարանի համար էս ի՞նչ եք անում, էս ի՞նչ ողբ ու ոռնոց եք դրել, էս ի՞նչ ողբ եք կապել, էս ընչի՞ եք էսքան ոռնում, ի՞նչ, էստեղից շատ ատկատ կա՞ր, որ տանում էիք: Որ մի քիչ խորանամ՝ խայտառակ կլինեք, ամոթ է, ձեն չեմ հանում»:
Իշխանության շարքերից առայժմ չեն արձագանքել Ղուկասյանի պնդումներին, նախկինում էլ հայտարարել են, որ ընտրության արդյունքներն ի գիտություն են ընդունում և Գյումրիում որպես ընդդիմություն են դիրքավորվել:
Մինչ այդ, Գյումրիի քաղաքապետը պնդում է՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ճնշումներն իր նկատմամբ հակառակ էֆեկտը կտան: «Ազատության» հարցին` արդյո՞ք մասնակցելու է, Ղուկասյանն արձագանքեց. - «Անպայման մասնակցելու ենք: Ես չգիտեմ՝ վարչապետի թեկնածություն կառաջադրեմ, թե չեմ առաջադրի, բայց որ անպայման իմ գիտեցած թեկնածուին պաշտպանելու եմ, էդ փաստ է լինելու: Չեմ էլ առարկում, որ կարող է չմասնակցեմ: Բայց հստակ ոչ մի բան հիմա էս պահին չեմ կարող ասել: Փնտրտուքի մեջ ենք»:
Իրավապահները ՏԻՄ ընտրությունների նախաշեմին էլ հենց Վարդան Ղուկասյանին էին բերման ենթարկել ոստիկանություն, որտեղ մի քանի ժամ պահելուց հետո ազատ արձակեցին: Հիշեց, որ ընտրությունների նախօրեին էլ իրեն քաղաքապետ դառնալուն պակասող ձայն ապահոված «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանի որդուն ձերբակալեցին ու հիմա դատում են:
«Էն, ճիշտն ասած, Մարտունենց, Կամոյենց թոռին, հա՞, թոռին դատում են շիբինի համար, իմ տղուս էլ՝ խիբարի համար: Արա, սրանք արի էնքան շիբին ու խիբար տանք ձեզի, տարեք, եսիմ, վրեքդ լցեք: Սպես բան ո՞վ է տեսե՝ մեկին դատում են շիբինի համար, մեկին է՝ խիբարի համար: Ես սպես մարդիկ չեմ տեսե՝ սպես անպատկառ», - հայտարարեց Գյումրիի քաղաքապետը:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել դատարան: Քննությունը հավանաբար երեկոյան կսկսվի: Նրան առաջադրված՝ հարկադրանքի եղանակով շորթման հոդվածով նախատեսված է մեկ ամսից մինչև չորս տարվա ազատազրկում:
2007 թվականին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության գործով Սպարտակ Ղուկասյանը մեկուկես տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ խուլիգանության հոդվածով: