Էջմիածնի ընտրություններից առաջ իրավիճակը սկսել է թեժանալ

Էջմիածնի ընտրություններից 60 օր առաջ կրքերն սկսում են եռալ։ Ընդդիմադիր կուսակցություններն այստեղ արդեն գրասենյակներ են բացում, հայտարարում թեկնածուների մասին։

«Մայր Հայաստան» դաշինքն օրեր առաջ հայտարարեց՝ մասնակցելու են Վաղարշապատի ընտրություններին, նոր գրասենյակում շամպայնով բաժակ բարձրացրին ու շատ չանցած դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանն ահազանգեց՝ իրենց ցուցակի առաջատարների՝ Դողս ու Ծաղկունք համայնքների նախկին ղեկավարների նկատմամբ «ճղճիմ քայլեր է անում իշխանությունը»։

«Որ պահին մենք հայտարարեցինք, որ «Մայր Հայաստան»-ը մասնակցելու է ընտրություններին, և այս թեկնածուներն են գլխավորելու մեր ցուցակը՝ Գրիշա Հարությունյանը և Դավիթ Կարապետյանը, իրենք անմիջապես սկսեցին հսկվող, վերահսկող, քննող, հոտոտող և այլ տիպի պետական մարմիններով հարձակվել Դողս և Ծաղկունք համայնքի վրա այն առումով, որ սկսեցին ուսումնասիրել, թե ինչպես են կառավարել Գրիշա Հարությունյանը և Դավիթ Կարապետյանը», - ասաց նա:

Ստուգում են, որ մի բան գտնեն նրանց պաշտոնավարման տարիներից, վստահ է Թևանյանը։ Դավիթ Կարապետյանը «Մայր Հայաստան»-ի երկրորդ համարն է, Ծաղկունքի 21 տարվա գյուղապետը։ Իշխանափոխությունից հետո 2018-ին տեղական ընտրություններում նա համայնքապետի 128 թեկնածուներից միակն էր, որ Հանրապետականին էր ներկայացնում, շատերն արագ անցել էին «Քաղաքացիական պայմանագրի» շարքերը։ Այսօր պնդեց՝ ինչ էլ ստուգեն, ոչինչ չեն գտնելու։

«Թող ստուգեն, ոչ մի անհանգստացնող հարց չկա, ի՞նչ գտնեն, ի՞նչ եմ արել, որ գտնեն: 21 տարվա մեջ, որ մի հատ տնամերձ հողամաս չունեմ անգամ, ի՞նչը գտնեն, ի՞նչ ունեմ», - ասաց նա:

Դավիթ Կարապետյանը վստահ է՝ Ծաղկունքի ստուգումները շատ ուղիղ կապ ունեն ընտրական իր հայտի հետ. «Հատուկ է արվել: Մինչև հիմա չէին ստուգում, հիմա առաջադրվեցի»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ն Վաղարշապատում մտադիր է գնալ արտահերթ ընտրությունների. թեկնածուն Արմավիրի մարզպետն է

Ծաղկունքը Խոյ համայնքի կազմում էր, բոլորով խոշորացան Վաղարշապատի հետ։ Ընդդիմությունը վստահ է, որ իշխանությունն այս օպերացիան կազմակերպեց, որովհետև իրենց համայնքապետի թեկնածուն, այժմ պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Խոյից է, նրան այնտեղ լավ են ճանաչում, ուրեմն Խոյը պետք է միացնել Էջմիածնին, որ ընտրվի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն։ Իշխանությունն այս վարկածը հերքել է, այժմ էլ պնդում են՝ եթե նույնիսկ ստուգումներ կան, դրանք նախընտրական մոտիվներ չունեն։

«Իրենց հայտարարությունն օդի մեջ է, ես կոնկրետ այդ մասով տեղեկություն չունեմ, ուշադրություն էլ չենք դարձրել այդ հայտարարություններին: Եթե նույնիսկ ստուգումներ լինեն, ապա հիմնովին կապացուցվեն, եթե ստուգումներ եղել են, ինչ հիմքերով են եղել, և դրա արդյունքները բոլորս կտեսնենք», - «Ազատությանն» ասաց Խոյի համայնքապետ ու կուսակցական ցուցակի երկրորդ համար, ՔՊ-ական Լյուդվիգ Յայլոյանը։

Նա վստահեցնում է՝ որևէ թեկնածուի չեզոքացնելու պլան չունեն, որովհետև համոզված են՝ համայնքի համար իրենց արած ու անելիք գործը վաղարշապատցիները կգնահատեն։

«Մենք հստակ գնում ենք մեր քարոզարշավով, մեր արած աշխատանքով», - նշեց նա:

Այս ընտրություններին մասնակցության հայտ նաև Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունն է ներկայացրել։ Նրանց համայնքապետի թեկնածուն բանաստեղծ, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանն է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արտախորհրդարանական ուժերի փակ հանդիպում՝ Վաղարշապատի ընտրություններին ընդառաջ

Օգոստոսի վերջին հայտնի դարձավ, որ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր՝ «Հայ ազգային կոնգրես», «Լուսավոր Հայաստան», «Ապրելու երկիր», մի քանի այլ կուսակցություններ քննարկում են այս ընտրություններին մասնակցության ձևաչափը։ Ընդդիմադիր ուժերի լայն համախմբման ու դաշինքով մասնակցելու հնարավորության մասին չի հայտարարվել։

Վաղարշապատում այս ընտրություններն արտահերթ են։ Համայնքը 7 տարի ղեկավարած ՔՊ-ական Դիանա Գասպարյանը հրաժարական տվեց մայիսին՝ ժամանակը ընտանիքին նվիրելու հիմնավորմամբ, բայց ընտանիքի անդամների հետ էլ հայտնվեց մեղադրյալի աթոռին։ Էջմիածինն ու հարակից 18 գյուղերը կառավարել ցանկացող կուսակցություններն ու դաշինքները փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պիտի տանեն հոկտեմբերի 2-ից։