Ուկրաինային ԱՄՆ նախագահի խոստացած հակաօդային պաշտպանության Patriot համակարգերն արդեն Եվրոպայում են, և աշխատանքներ են ընթանում դրանք հնարավորինս շուտ տեղ հասցնելու համար: Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից զորքերի գերագույն հրամանատար գեներալ Ալեքսուս Գրինկևիչն ասել է, որ այս հարցով սերտ համագործակցում են Գերմանիայի հետ, սակայն չի մանրամասնել, թե խոսքը քանի միավորի մասին է:
«Ինձ հանձնարարվել է դրանք հնարավորինս արագ տեղ հասցնել։ Այնպես որ, մենք զբաղվում ենք այս հարցով», - հայտարարել է Գրինկևիչը:
Դոնալդ Թրամփի հայտարարած նոր սխեմայով ամերիկյան զենքն Ուկրաինային կտրամադրվի ՆԱՏՕ-ի միջոցով, բայց դրա համար կճվարեն դաշինքի եվրոպական անդամ երկրները: Սակայն նրանցից գրեթե ոչ ոք դեռ չի համաձայնել այս սխեմային, մի քանիսն էլ դեմ են, օրինակ՝ Իտալիան, Ֆրանսիան: Փարիզը հայտարարել է, որ ցանկանում են գնել ոչ թե ԱՄՆ-ի, այլ եվրոպական արտադրողների զենքը, որպեսզի զարգացնեն եվրոպական արտադրությունը:
Չեխիան, իր հերթին, այսօր հայտնել է, որ այս տարի Ուկրաինային տրամադրած հրետանային զինամթերքի ծավալն ավելացրել է: Ըստ այդմ՝ հուլիսի կեսի դրությամբ տրամադրվել է հրետանու 850 հազար արկ, այն դեպքում, երբ ամբողջ 2024-ին մատակարարվել է 1.5 միլիոն արկ:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անդրադառնալով Ուկրաինա զենքի մատակարարումներին, հայտարարել է, որ Արևմուտքը լայնածավալ պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, ուստի Մոսկվան պետք է համարժեք արձագանքի դրան և անհրաժեշտության դեպքում սկսի «կանխարգելիչ հարվածներ»:
Երեկ էլ Մոսկվան Կիևին կոչ էր արել վերսկսել ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը: Արձագանքելով այդ կոչին՝ Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ Կիևը պատրաստ է հրադադարի շուրջ բանակցությունների՝ ցանկացած վայրում ու ձևաչափով: Ըստ Անդրեյ Սիբիգայի՝ լավ կլիներ, որ հաջորդ հանդիպմանը մասնակցեին այլ երկրների առաջնորդներ, առաջին հերթին՝ ԱՄՆ նախագահը, եվրոպացի առաջնորդները:
«Կարծում ենք՝ նման հանդիպումը կարող է որակական փոփոխություն բերել, նախ՝ հրադադարի հասնելու գործում՝ ցամաքում, ծովում, օդում, երկարաժամկետ հրադադարի, որը ճանապարհ կբացի ռուսական կողմի հետ հետագա, ավելի լայն բանակցությունների համար», - ասել է Սիբիգան:
Մինչ հասկանալի չէ, թե երբ տեղի կունենա հաջորդ հանդիպումը, Եվրոպական միությունը երեկ կրկին չկարողացավ հաստատել Ուկրաինա ներխուժելու համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, որը նպատակ ունի Մոսկվային զրկել պատերազմը ֆինանսավորելու հնարավորությունից:
Նոր փաթեթին կրկին դեմ էին Սլովակիան և Մալթան: Սլովակիան դժգոհ է մինչև 2028 թվականը ռուսական գազից ամբողջությամբ հրաժարվելու առաջարկից և պահանջում է փոխհատուցում: Երկրի վարչապետը խոստացել է շարունակել փաթեթի արգելափակումը, քանի դեռ փոխհատուցման մասին երաշխիքներ չի ստացել:
Ու մինչ եվրոպական երկրները չեն կարողանում համաձայնության գալ պատժամիջոցների հարցում, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ Եվրամիության 2028-2034 թվականների 7-ամյա բյուջեով նախատեսվում է Ուկրաինայի աջակցության նպատակով 100 միլիարդ եվրո հատկացնել։
«Առաջարկում ենք 100 միլիարդ եվրո՝ Ուկրաինայի համար նախատեսված հիմնադրամը համալրելու համար, որպեսզի աջակցենք երկրի վերականգնմանը, դիմակայունությանը և, իհարկե, ԵՄ անդամակցության ուղուն», - ասել է ֆոն դեր Լայենը:
Այս ֆոնին այսօր Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմում զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են արել: Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին սոցցանցում հայտնել է, որ Մոսկվան Կիևին է հանձնել ուկրաինացի 1000 և ստացել է ռուս 19 զինվորի մարմին։ Ռուսաստանի նախագահի Երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, իր հերթին, հայտնել է, որ Ուկրաինա է վերադարձվել 11 երեխա:
Իսկ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կարծես չի նվազում: Ռուսական զինուժը հայտնել է, որ ևս երեք բնակավայր է վերցրել Ուկրաինայի արևելքում: Երեկ էլ ավիառումբ է նետել Դոնեցկի մարզի Դոբրոպիլյա քաղաքում գտնվող առևտրի կենտրոնի վրա։ Կա երեք զոհ, առնվազն 27 վիրավոր: Անօդաչուների զանգվածային հարձակման է ենթարկվել նաև Դնեպրը, կա մեկ զոհ, հինգ վիրավոր, երկու զոհ էլ կա Կոնստանտինովկայում:
Վորոնեժում ուկրաինական անօդաչուն հարվածել է բազմահարկ շենքի, կան վիրավորներ, հարձակման են ենթարկվել Բրյանսկի և Տուլայի մարզերը, Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, «Պուլկովո» օդանավակայանը կասեցրել է աշխատանքը:
Ուկրաինայի նախագահը դատապարտել է խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները: Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կշարունակի գործընկերների հետ աշխատանքը, որպեսզի Ռուսաստանին ստիպեն դադարեցնել պատերազմը:
«Սա պարզապես սարսափելի, ռուսական հիմար ահաբեկչություն է։ Նրանց հարվածների հիմքում ռազմական իմաստով տրամաբանություն չկա, սա պարզապես փորձ է սպանել հնարավորինս շատ մարդկանց», - պնդել է Զելենսկին:
Այսօր խորհրդարանում էլ Ուկրաինայի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի հետ ձեռք բերված ապագա համաձայնագրերի մասին, որոնք, նրա խոսքով, կուժեղացնեն երկիրը։ Սակայն մանրամասներ չի ներկայացրել: