Էրդողանն ու Զելենսկին նախօրեին բանակցել են, հանդիպումն ավելի քան երկու ժամ է տևել

Անկարա,15-ը մայիսի, 2025թ․

Անկարայում նախօրեին կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ նախագահական համալիրում մամուլի համար փակ երկկողմ հանդիպումն ու աշխատանքային ընթրիքը՝ պատվիրակությունների մասնակցությամբ, տևել է 2 ժամ 45 րոպե։

Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Աքիֆ Քըլըչը։

Հանդումից մանրամասներ կողմերը չեն հաղորդում։ Հանդիպումից հետո Զելենսկին X-ում միայն շնորհակալություն է հայտնել «Էրդողանի թիմին և Թուրքիայի ժողովրդին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու համար»։

Զելենսկին երեկ է ժամանել Թուրքիա, որտեղ նախատեսված են ուկրաինական հակամարտության հարցով ռուս-ուկրաինական բանակցությունները։

Թուրքիայի նախագահականն երեկ ավելի վաղ հաղորդել էր, որ Զելենսկին կժամանի Թուրքիա, բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ վերջին զարգացումները, կընդգծվի հրադադարի անհապաղ մեկնարկի և խաղաղ բանակցությունների վերաբերյալ Թուրքիայի մոտեցումը, կարծիքներ կփոխանակվեն նաև Թուրքիա-Ուկրաինա երկկողմ օրակարգի վերաբերյալ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը չմեկնեց Ստամբուլ՝ Կիևի հետ բանակցելու ուղարկելով 8-հոգանոց պատվիրակություն
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները Ստամբուլում կսկսվեն մայիսի 16-ին․ աղբյուրներ