Երևանից Ստեփանավան տեղափոխվելը Ռուբեն Խաչատրյանի համար պարզապես բնակության փոփոխություն չէր։ Նա այսօր համայնքի գրադարանում նոր կյանք է տալիս գրքերին ու կրթությանը։
Ռուբենը ծրագրավորող է։ Ասում է՝ հեռակա աշխատանքն իրեն թույլ է տալիս ապրել այնտեղ, ուր ուզում է, արտոնություն, որ, ինչպես ինքն է ասում, օգտագործում է նաև փոքր քաղաքի համար։ Լոռու Ստեփանավանում ոչ միայն իր տունն է գտել, այլև համայնքում՝ տեղը։ Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցում է, կրթական ծրագրեր իրականացնում։
«Դա մեր կյանքի մի մասն է, գործի մասը չէ», - ասում է նա:
Ստեփանավանի երեխաներին ծրագրավորում է սովորեցնում, գրադարանը վերափոխում, դարձնում ուսումնական ու նորարարական միջավայր. «Ինձ համար շատ ցավալի էր, որ գրադարանը մենակ գրքերի տեղ է, որովհետև այդպես չէ ոչ մի տեղ, մեր գրադարանները պետք է լինեն գիտելիքի, կրթության օջախ, ինչպես դպրոցը, այլ ենթակառուցվածքներ, որոնք կրթական են և գիտական, նաև մշակութային»։
Երեք տարի առաջ ինքն ու կինը որոշեցին Երևանի կենտրոնից՝ աղմուկից, խցանումներից ու վտանգավոր փողոցներից հեռանալ դեպի Լոռի։
«Երևանի մեր տունը Չարենցի վրա է։ Չարենց փողոցի վրա տնից դուրս գալը շատ վտանգավոր է՝ փողոց անցնելը շատ վտանգավոր է, ու կարող ես ընկնել ավտոյի տակ։ Իսկ այստեղ, օրինակ, այդ խնդիրը չունենք, ես հանգիստ կարողանում եմ երեխայից ձեռքից բռնելիս բաց թողնել ու շանը, չմտածել, որ կընկնեն ավտոյի տակ, որովհետև ավտոները շատ քիչ են: Որ ասեմ՝ ենթակառուցվածքի խնդիր զգում ենք, չէ, հակառակը՝ առավելություններ ենք զգում, խցանումներ չկան, կարողանում ես մարդկանց հետ ժամ պայմանավորվել, որ չուշանաս անհասկանալի պատճառներով: Դա շատ առավելություն է ու արդյունավետ, որովհետև շատ բան ես կարողանում օրվա մեջ տեղավորել», - նկատում է Ռուբեն Խաչատրյանը:
Երևանում՝ սրճարաններ, ռեստորաններ, Ստեփանավանում՝ պատշգամբում սուրճի շուրջ ջերմ զրույցներ։ Այս ամենը գրավում է մայրաքաղաքից հեռացած երիտասարդներին: Անգամ ծնողները, որ սկզբում ծանր են տարել որդու տեղափոխությունը, այսօր հաճախ են գալիս ու համաձայնում՝ հրաշալի վայրում է նա ապրում։
«Այստեղ կան կաֆեներ, բավականին շատ են արդեն, բայց այստեղ մշակույթը ավելի շատ պատշգամբում նստելն է, ինչն ուրիշ մշակույթ է փաստացի, այսինքն՝ մարդիկ գնում են իրար տուն գնալ, ուրիշ հարաբերություններ են», - նշում է նա:
Երևանը Ռուբենի համար մնացել է երկու ժամվա ճանապարհ։ Ամսվա մեջ մեկ-երկու անգամ գնում է՝ ընկերներին տեսնելու, ծնունդներին մասնակցելու։ Բայց տունն ու աշխատանքն այստեղ են՝ բաց, հանգիստ ու ազատ։
Your browser doesn’t support HTML5
Երևանից՝ Ստեփանավան. երբ փոշոտված գրքերին նոր շունչ են տալիս
«Օրինակ՝ մարդիկ ասում են՝ օպերա չկա Ստեփանավանում, ո՞նց ես առանց օպերա, բայց այդ նույն մարդկանց հարցնում եմ՝ ե՞րբ ես վերջին անգամ գնացել օպերա, ասում են 5 տարի առաջ, ասում եմ՝ ես քեզնից շուտ-շուտ եմ գնում օպերա, չնայած ապրում եմ Ստեփանավանում: Իրականում հնարավորությունը մարդու համար ավելի թանկ է թվում, քան իրականում դա անելը: Ստեփանավանում ապրելը չի նշանակում, որ դու Ստեփանավանից դուրս չես գալիս, ու հակառակը՝ որովհետև շատ մարդիկ Երևանից երբեք դուրս չեն գալիս, իսկ ես Հայաստանում համարյա բոլոր տեղերը լինում եմ», - պատմում է Խաչատրյանը: