Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Զանգեզուրի միջանցք» բացելու թեմայից չհրաժարվող Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր ընդդիմախոսը հենց Իրանն է: Ամենաբարձր մակարդակով Թեհրանը մի քանի անգամ հայտարարել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Էրդողանն ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի անցուղու» հարցում «Զանգեզուրի միջանցքի» շուրջ որևէ քննարկում չկա. ԱԽ քարտուղարԱյսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին. Մեհդի ՍոբհանիԱդրբեջանի և Թուրքիայի զինվորականները մոտ երեք շաբաթ Հայաստանին սահմանակից Նախիջևանում համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Մինչև հունիսի 30-ը ծրագրված երկփուլ վարժանքների մեկնարկը երեկ է տրվել:
«Տեղաշարժեր չկա՞ն սահմաններին», - այս հարցին Գրիգորյանն արձագանքեց. - «Մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում: Ես չէի շտապել գնահատական տալ այս էսկալացիային, եկեք սպասենք, հասկանանք, թե ինչ զարգացումներ կլինեն, այնուհետև, կարծում եմ, որ որոշակի ժամանակ է պետք՝ գնահատելու, թե այս հարձակումը ինչպիսի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա»:
Վարչապետը Չեխիայում է: Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ այս պահին ծրագրված չէ, Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ ըստ իրավիճակի կարող են հավաքվել:
Նիկոլ Փաշինյանն այսօր Պրահայում անցկացվող միջազգային ֆորումի հարթակն օգտագործեց՝ դատապարտելու Իրանի դեմ իսրայելական հարձակումը:
«Դա հարցականի տակ է դնում փխրուն կայունությունը, որն ունենք տարածաշրջանում։ Եվ մենք շատ մտահոգ ենք», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:
Դատապարտում Երևանից նաև Արտգործնախարարության մակարդակով է հնչել: Պաշտոնական Երևանը հարձակումը միակողմանի է որակել, կոչ արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Շատ մտահոգ ենք». Փաշինյանը՝ Իրանի վրա Իսրայելի հարձակման մասին«Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է». Արմեն ԳրիգորյանՊաշտոնական Երևանը դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը«Ըստ սցենարների մենք ունենք պլանավորում», - ասաց Արմեն Գրիգորյանը:
Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև խնդիր է Հայաստանի համար, «ԱՊՐԻ Արմենիա»-ի ֆորումում քննարկման ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ Իսրայելի գործողությանը կոնկրետ գնահատական տալով. - «Սա Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում, և էսկալացիան ոչ մի օգուտ, բնականաբար, տարածաշրջանի երկրներին չի բերելու: Մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով կարգավորել նաև հարցը»:
Սպառնալիքներին արձագանքելու հիմնական գործիքը, ըստ Արմեն Գրիգորյանի, խաղաղության օրակարգն է: Ադրբեջանի հետ համաձայնեցված պայմանագիրը ստորագրելու հարցում Անվտանգության խորհրդի քարտուղարը ոչ մի նորություն չփոխանցեց: Բանակցված փաստաթղթի տակ իր ստորագրությունը դնելու համար Բաքուն երկու նախապայմաններից՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից չի հրաժարվում: Այս պայմաններում Երևանը հնարավորինս շուտ ստորագրման հույսը չի կորցնում:
Չնայած սահմանամերձ Սյունիքում չդադարող կրակոցներին, Գրիգորյանը կարծում է՝ Հայաստան - Ադրբեջան հարաբերություններում կարողացել են որոշակի կայունության հասնել:
Ինչո՞վ են պայմանավորված կրակոցները, իր ղեկավարած կառույցը ունի՞ ուսումնասիրություն:
«Հնարավոր նպատակներից մեկը նաև խաղաղության պայմանագրի շուրջ ունեցած հաջողություններից միջազգային հանրության կարող է շեղո՞ւմն է: Կարող է այլ նպատակներ էլ ունենալ: Իհարկե, մենք շարունակում ենք հետևել և փորձել հասկանալ, թե որոնք են այդպիսի քայլերի նպատակը», - ասաց ԱԽ քարտուղարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Շատ մոտ հակառակորդն ու չմոտեցող խաղաղությունը Խնածախում Կրակոցներ հնչում են, մենք դրան ուշադրություն չենք դարձնում. ԳՇ պետ«Ես ի՞նչ իմանամ՝ ի՞նձ վրա են կրակում, թե՞ օդ». Սյունիքի գյուղերում կրակոցները մշտական ենՍյունիքում բնակելի տների թիրախավորումից հետո Հայաստանի առաջարկը Բաքվին՝ հետաքննել և հրապարակային պարզաբանել, մնում է անարձագանք:
«Ադրբեջանական կողմին նաև մենք խնդրել ենք դետալներ մեզ փոխանցեն ըստ իրենց միջադեպերի խախտումների վերաբերյալ, մենք մանրամասն հետաքննություն ենք կատարել և պատասխանել ենք: Կարող եմ ասել, որ գրեթե մեր կողմից խախտում չի եղել: Մենք նաև ինֆորմացիա, դետալներ ենք փոխանցել իրենց կողմից խախտումների վերաբերյալ, նույնիսկ տեսագրություններ, որոնք փաստում են, և ակնկալում ենք ադրեջանական կողմի հետաքննությունը այս ինֆորմացիայի», - նշեց Գրիգորյանը:
Խաղաղության պայմանագրից բացի՝ Բաքվի հետ մյուս երկու ուղղություններով՝ սահմանազատման ու ապաշրջափակման բանակցություններում ևս առաջընթաց չկա:
Արմեն Գրիգորյանը չհերքեց, որ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Էրդողանին: Թե ինչ օրակարգով կլինի հանդիպումը, պաշտոնյան չբացահայտեց:
Մեկ շաբաթ առաջ հաղորդվեց Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին:
Վարչապետի գրասենյակը փոխանցեց՝ Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Թե ի՞նչ հարցեր էին շեշտադրվել, կողմերի դիրքորոշումները Երևանի պաշտոնական հաղորդագրության մեջ չնշվեցին:
Էրդողանը հայ - թուրքական հարաբերությունները չէր զատել հայ - ադրբեջանական կարգավորումից: Թուրքիայի նախագահի գրասենյակից փոխանցել էին. - «Ընդգծելով տարածաշրջանում համապարփակ կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը՝ նախագահ Էրդողանն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև շփումների կապակցությամբ»:
Անկարան շեշտել էր՝ զրույցը կայացել է Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ:
Արմեն Գրիգորյանը չնշեց՝ Թուրքիայի հանդիպումն ո՞ւմ նախաձեռնությամբ կկայանա, նաև՝ այցի օրը. - «Մանրամասների մասով եկեք սպասենք վարչապետի աշխատակազմի կոմունիկացիային»: