«Եթե Թեհրանին ստիպեն զրոյացնել ուրանի հարստացման ծավալները, բանակցությունները կտապալվեն»․Իրանի ԱԳՆ

Եթե Թեհրանին ստիպեն զրոյացնել ուրանի հարստացման ծավալները, միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները կտապալվեն, այսօր հայտարարել է իսլամական հանրապետության փոխարտգործնախար Մաջիդ Թախտռավանչին։

«Ուրանի հարստացման հարցում մեր տեսակետը հստակ է, և մենք այն բազմիցս կրկնել ենք»,- նշել է իրանցի դիվանագետը, հավելելով,- «Միջուկային խաղաղ ծրագիրը մեր համազգային ձեռքբերումն է, որից հրաժարվելու մտադրություն մենք չունենք»։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը հայտարարել է, որ միջուկային խնդրի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ցանկացած համաձայնագիր պետք է Իրանի կողմից ուրանի հարստացման ամբողջական դադարեցում նախատեսի։