Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջում է Ադրբեջանից Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը:
Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դեռևս հուլիսին ադրբեջանական կողմը միջնորդել էր վերացնել հաշվետվություն ներկայացնելու իր պարտականությունը: Սակայն Հայաստանի կառավարության և Եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչների առարկություններից հետո դատարանն ի վերջո մերժել է Ադրբեջանի միջնորդությունը և պարտավորեցրել Բաքվին հայ գերիների մասին տեղեկություն ներկայացնել:
Իրավապաշտպանը նշում է, որ, իհարկե, տրամադրվող տեղեկատվությունը կազմվում է հենց Ադրբեջանի իշխանությունների կողմից, և բազմաթիվ անգամներ արձանագրել են կեղծված տվյալների տամադրում, բայց անգամ այդ հատվածական տեղեկությունների հիման վրա կարող են որոշակի դիտարկումներ անել:
«Անգամ տեսնենք ոնց են մեր գերիները, ուրիշ բան չեն ասի, գոնե մի հատ տեղեկություն՝ ոնց են էդ մարդիկ: Գոնե էդ մարդկանց գոյությունը պահեն, որ մինչև տեսնեն ինչ են անում՝ հետ են գալիս, չեն գալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց գերիներից մեկի հարազատը:
Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները շուրջ երեք ամիս է հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել: Նրանց պահման, առողջական ու հոգեբանական վիճակի մասին տեղեկություն չկա: Իրավապաշտպանները, սակայն, հղում անելով նրանց հարազատներին՝ ահազանգում են գերիների շրջանում ինքնասպանության փորձերի մասին:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որ վերջին անգամ հայ գերիներին տեսակցել էր հունիսին, անցած ամիս Բաքվի պահանջով վերջնականապես դադարեցրեց իր գործունեությունը Ադրբեջանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է հայ ռազմագերիներին առնչվող հարցերԱրդյոք ԱԱԾ տնօրենը Բաքվում քննարկել է 10 գերիների վերադարձի հարցը«Մեր գերիները մնալու են Աստծո հույսին». ի՞նչ է արվում նրանց պաշտպանելու համարԲաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. Սիրանուշ ՍահակյանԻնչո՞ւ Փաշինյանը չի ասում, որ Բաքվում հայերն ապօրինի են պահվում. իրավապաշտպանը տարակուսած է
«Երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը նույնպես մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է ... »:
«Եվ երկարատև կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց խնդիրների հասցեագրումը ... »:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս թե՛ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից և թե՛ ԵԽԽՎ-ում հպանցիկ անդրադարձավ Բաքվում պահվող հայ գերիներին՝ նրանց որակելով իբրև «կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ գտնվող անձինք»:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը կարևոր է համարում, որ Հայաստանի վարչապետը գերիների անազատությունը կապել է կոնֆլիկտի հետ, բայց ըստ Սահակյանի խնդրահարույց է, որ վարչապետը միջազգային հանրության առջև ունեցած իր ելույթներում այդպես էլ չնշեց, որ հայերը ապօրինի են անազատության մեջ պահվում. հենց այդ անօրինական բնույթն է առաջ բերում անհապաղ ազատ արձակելու պարտականություն:
«Արդյո՞ք մենք չպետք է խոսեինք այդ անազատության բնույթի մասին՝ համարձակորեն նշելով, որ անազատության մեջ գտնվելը ապօրինի է, ոչ օրինական է, և կարծում եմ՝ այդ կարևոր իրավական որակումը պետք է տրվեր նաև քաղաքական ամբիոնից, և սա չանելն է, որ մեզ մոտ տարակուսանք է առաջացնում», - նշեց Սահակյանը:
Իրավապաշտպանը նկատում է՝ Փաշինյանի համարձակության պակասը պայմանավորված է հայ - ադրբեջանակն բանակցություններով: Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանի համար ոչ ցանկալի ձևակերպումների օգտագործումը բացասաբար է անդրադառնում բանակցային գործընթացի վրա, և հետևաբար Փաշինյանը խուսափում է այնպիսի ձևակերպումներից, որոնք կարող են անձնապես զայրացնել Իլհամ Ալիևին:
Օհանյան. Իրականում հենց Բաքուն պետք է հայտնվեր մեղադրյալի աթոռին
Մինչ հայ գերիների շահերի ներկայացուցիչները ճանապարհներ են փնտրում Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների վիճակի մասին տեղեկություն ստանալու համար, Ադրբեջանում շարունակվում է 16 հայերի, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը:
Բաքվի զինվորական դատարանը արդեն հասել է 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին՝ կրկին տարբեր հանցագործություններ վերագրելով Հայաստանի Զինված ուժերին: Նախօրեին տեղի ունեցած դատական նիստում ադրբեջանցի մեղադրողը ներկայացրել է փաստաթղթեր, որոնք իբր վկայում են, թե այդ ժամանակ Հայաստանը սպիտակ ֆոսֆոր պարունակող հրթիռներ է արձակել Թերթերի շրջանի Էսկիպարա գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Չինգիզ Սալման օղլուն, ով հետմահու ազգային հերոսի կոչում է ստացել:
«Ինչպես դատավարությունն է կեղծ, այնպես էլ այդ տվյալներ են կեղծ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը:
Հակադարձելով Բաքվից հնչող մեղադրանքներին, նշում է, որ Ադրբեջանը դատավարություն է իրականացնում ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, այլև՝ Հայաստանի դեմ:
Արձագանքելով սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին կեղծ մեղադրանքներին, պաշտպանության նախկին նախարարը պնդում է՝ Հայաստանը նման զինատեսակ չի էլ ունեցել:
«Այնպես որ՝ այդ ամեն ինչը կեղծիք է, Հայաստանի Հանրապետությունը երբևիցե չի ունեցել սպիտակ ֆոսֆորով նման արկեր չի ունեցել: Իրականում 44-օրյա պատերազմի ժամանակ ֆոսֆորային արկեր կիրառել է Ադրբեջանը՝ Արցախի նկատմամբ», - ընդգծեց Օհանյանը:
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ դատավարական այս պրոցեսում դերերի տեղափոխություն է եղել, իրականում հենց Բաքուն պետք է հայտնվեր մեղադրյալի աթոռին, քանի որ Ադրբեջանն է մշտապես խախտել հրադադարի ռեժիմները և զինված հարձակումներ գործել՝ ներառյալ 2016-ի քառօրյայի, 2020-ի 44-օրյա պատերազմի, ինչպես նաև դրանց հաջորդած՝ Հայաստանի տարածքում իրականացված ռազմական գործողությունների ընթացքում: