Եվրոպացի առաջնորդներն աջակցություն են հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև եռակողմ գագաթնաժողովի գաղափարին՝ կոչ անելով Ռուսաստանի վրա ճնշումը պահպանել մինչև խաղաղության հասնելը, այդ թվում՝ պատժամիջոցների միջոցով։
«Մենք կշարունակենք խստացնել պատժամիջոցները և ավելի լայն տնտեսական միջոցառումները, մինչև արդար և երկարատև խաղաղություն չհաստատվի», - հայտարարել են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվրոպացի առաջնորդները նաև պնդել են, որ Մոսկվան «չի կարող արգելափակել» Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին։
Առանձին հայտարարությամբ Մեծ Բրիտանիայի ու գերմանիայի առաջնորդները դրվատել են Միացյալ Նահանգների նախագահի միջնորդական ջանքերը՝ պնդելով, թե դրանց արդյունքում պատերազմի դադարեցման հեռանկարը մոտ է ավելի, քան երբևէ։
Ֆրանսիայի նախագահը, մինչդեռ, X-ում ընդգծել է՝ ապագա ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է ունենա «անխախտ» անվտանգության երաշխիքներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ, քննարկել են Ալյասկայում կայացած հանդիպման արդյունքները