Կիևի եվրոպական դաշնակիցներն աշխատում են Կիևի և Մոսկվայի միջև խաղաղության համաձայնության դեպքում Ուկրաինայում զորքերի պոտենցիալ տեղակայման «բավականին ճշգրիտ պլանների» և «հստակ ճանապարհային քարտեզի» վրա, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
The Financial Times-ում երեկ հրապարակված մեկնաբանություններում ֆոն դեր Լայենը հավելել է, որ նման ձեռնարկը կարժանանար Միացյալ Նահանգների լիակատար աջակցությանը:
«Անվտանգության երաշխիքներն առաջնահերթ և բացարձակապես անհրաժեշտ են: Մենք հստակ ճանապարհային քարտեզ ունենք, և մենք համաձայնություն ունեինք Սպիտակ տան հետ ... և այս աշխատանքը շատ լավ առաջ է գնում», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արևմյան դաշնակիցներից և հատկապես Միացյալ Նահանգներից անվտանգության երաշխիքներ է ակնկալում՝ որպես Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնության բաղկացուցիչ մաս: Մոսկվան, այդուհանդերձ, մինչ այժմ խաղաղության համաձայնության հասնելու ձգտման նշաններ ցույց չի տվել:
Ֆոն դեր Լայենը հայտնել է, որ եվրոպացի առաջնորդներն աշխատում են «բազմազգ զորքերի տեղակայման և ամերիկացիների սատարման» համար:
«Անշուշտ, դա միշտ պահանջում է համապատասխան երկրի քաղաքական որոշումը, քանի որ զորքերի տեղակայումը որևէ պետության կարևորագույն ինքնիշխան որոշումներից է: Բայց հրատապության զգացումն անչափ մեծ է: Դա առաջ է գնում: Դա իրոք ձև է ստանում», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը:
«Նախագահ Թրամփը մեզ վստահեցրել է, որ կլինի ամերիկյան ներկայություն՝ որպես աջակցման մաս: Դա հստակ և բազմիցս հաստատվել է», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Եվրոպացի առաջնորդները խոսել են խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում Ուկրաինա տասնյակ հազարավոր զինծառայողներ ուղարկելու հնարավորության մասին: Միացյալ Նահանգները, ըստ հաղորդումների, կապահովի հրամանատարական, վերահսկողական, հետախուզական միջոցներով, սակայն ցամաքային զորքեր չի տրամադրի:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը եվրոպացի առաջնորդներին սեպտեմբերի 4-ին Փարիզ է հրավիրել բարձր մակարդակի խորհրդակցությունների համար, հաղորդում է The Financial Times-ը՝ վկայակոչելով երեք դիվանագիտական աղբյուր: