Փարիզում և Լոնդոնում կայացած ճգնաժամային հանդիպումներից հետո եվրոպացի առաջնորդներն այս շաբաթ հավաքվեցին Բրյուսելում՝ «հատուկ գագաթնաժողովի», որի նպատակն էր կենտրոնանալ միության ռազմական հզորությունն ընդարձակելու, Ուկրաինային աջակցելու վրա:
«Եվրամիությունն իսկապես կշրջի էջը» պաշտպանության հարցում, գագաթնաժողովից առաջ ասել էր ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, հավելելով, որ դրա համար «բոլորի» կողմից կա «հստակ պատրաստակամություն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ առաջնորդները Բրյուսելում քննարկում են Կիևին աջակցության և Եվրոպայի անվտանգության հարցերըՈ՞րն է Եվրոպան վերազինելու ծրագիրը
Առանցքային կետերից մեկը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից մարտի 4-ին ուրվագծած ծրագիրն է, որը կոչվում է REARM Europe (ՎԵՐԱԶԻՆԵԼ Եվրոպան):
Այն նախատեսում է մինչև 800 միլիարդ եվրո (844 միլիարդ դոլար) տրամադրել ԵՄ անդամ պետություններին՝ պաշտպանության ոլորտում ծախսելու համար: Գագաթնաժողովի եզրակացությունների նախագիծը, որի հետ ծանոթացել է «Ազատություն» ռադիոկայանը, ընդհանուր առմամբ ողջունում է ծրագիրը՝ ճանապարհ հարթելով ավելի մանրամասն որոշումների համար, որոնք կարող են հաստատվել մարտի 20-21-ը կայանալիք Եվրոպական խորհրդի հանդիպման ժամանակ:
Տեքստում մատնանշվում է «պաշտպանության ծախսերի զգալի ավելացման» անհրաժեշտությունը և կոչ է արվում ուժեղացնել ռազմական կարողությունները՝ «Ռուսաստանից և Բելառուսից բխող սպառնալիքներին ի պատասխան»։
Ակնկալվում է, որ ԵՄ առաջնորդները կողջունեն նաև Եվրոպական ներդրումային բանկի կողմից ներկայացրած վարկավորման նոր կանոնները, որոնք թույլ կտան ֆինանսավորել այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են զորանոցների և զինվորական հոսպիտալների կառուցումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ առաջնորդները հավանություն տվեցին պաշտպանական ծախսերի ավելացմանըԳագաթնաժողովից առաջ Ֆոն դեր Լայենը նամակ էր հղել անդամ 27 երկրներին, որը ընդհանուր առմամբ դրական արձագանք է ստացել։
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն ասել է, որ դա «կարևոր առաջին քայլն է»։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն էլ ընդգծել է՝ «այժմ մենք պետք է մանրամասների վրա աշխատենք»:
Սա արտացոլում է այն փաստը, որ չնայած եվրոպացի պաշտոնյաների լավատեսական հռետորաբանությանը, շատ մանրամասներ դեռ պետք է պարզաբանվեն ու հստակեցվեն, և դեռ անպատասխան է հարցը՝ արդյոք ծրագրի ընդհանուր արժեքը իրատեսական է:
Քննադատները պնդում են, որ ԵՄ-ն այս ծրագրին նոր գումարներ չի տրամադրում, այլ պարզապես վերաբաշխում է առկա բյուջետային միջոցները:
Կարո՞ղ է արդյոք Եվրոպան պաշտպանել ինքն իրեն առանց ամերիկյան օգնության
Եվրոպացիները քննարկում են վերազինման ծրագիրը մի փուլում, երբ Վաշինգտոնը կասեցնում է ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային։ Ոմանք համարում են, որ այսպիսով Եվրոպան պատրաստվում է վատագույն՝ առանց ամերիկյան «պաշտպանիչ հովանոցի» մնալու սցենարին:
Եվրոպացի քաղաքական գործիչները հիմնականում հերքում են նման ենթադրությունները։
«Մենք չպետք է հրաժարվենք ԱՄՆ-ի հետ աշխատելուց», - շաբաթասկզբին հայտարարեց Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն էլ անցյալ շաբաթավերջին էր պնդել՝ «Ես չեմ ընդունում, որ ԱՄՆ-ն անհուսալի դաշնակից է»:
Բայց թեկուզ այն փաստը, որ նման հայտարարություններ են հնչում, արդեն իսկ ցույց է տալիս, թե որքան ցնցված է Եվրոպան Վաշինգտոնում կայացվող որոշումներից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը. Financial TimesՈ՞վ կարող է զորք ուղարկել Ուկրաինա
Մարտի 2-ին Լոնդոնում կայացած գագաթնաժողովի առանցքային եզրակացություններից մեկն այն է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ երկրներ կաշխատեն Ուկրաինայի հետ՝ համատեղ խաղաղության ծրագրի վրա, որն այնուհետ կներկայացնեն Վաշինգտոնին։ Այդ շարքում քննարկվում է նաև Ուկրաինայում եվրոպական զինուժ տեղակայելու հնարավորությունը՝ խաղաղության ամրապնդման համար։
Մինչ այս պահը Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան են հայտարարել, որ պատրաստ են զորքեր տրամադրել։ Սթարմերը Լոնդոնում ասել է, որ այլ երկրներ նույնպես պատրաստ են մասնակցել, սակայն հրաժարվել է նշել, թե խոսքը կոնկրետ որ երկրների մասին է։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ անդամ պետությունները պատրաստակամություն են հայտնել, միաժամանակ նշել, որ «դեռ վաղ է մանրամասների մասին խոսել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փարիզի փոխանցմամբ, Զելենսկին, Սթարմերն ու Մակրոնը հնարավոր է Վաշինգտոն մեկնեն