Գալստանյանի և մյուսների գործով 15 մեղադրյալ կմնա կալանքի տակ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և մյուս մեղադրյալները դատարանում, Երևան, օգոստոս, 2025թ.

Չորրորդ դատական նիստին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զայրացավ, խնդրեց իրեն այլևս աշխարհիկ անունով չդիմել: Նիստի սկզբում քարտուղարն է ներկայացնում մեղադրյալներին ու ամեն անգամ նշում Վազգեն Գալստանյան անունը: Դատավորն ընդունեց նրա հորդորը:

«Եթե ինքնության ճշգրտումը ձևական է, խնդրում եմ հիմիկվանից ասեք, մենք էլ ըստ այդմ վարվենք: Ես Վազգեն Գալստանյանը չեմ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան: Ձեզ համար դժվար չի դա փոխել և այդպես ներկայացնել», - հայտարարեց արքեպիսկոպոսը:

«Հարգելի մեղադրյալ, հասկանալի է, դատական նիստերի քարտուղարի ուշադրությունը հետայսու նշված հարցին կհրավիրվի», - արձագանքեց դատավորը:

Ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործով հերթական նիստին դատավորը շարունակեց քննել մեղադրյալների խափանման միջոցի հարցը: Կխոչընդոտի գործի քննությանը, կթաքնվի իրավապահներից, նոր հանցանք կգործի՝ այս երեք փաստարկներն էին այսօր դատախազները ներկայացնում բոլոր մեղադրյալների դեպքում:

«Առաջին ատյանի դատարանը նաև հաստատված է համարել հավանականությունը, որ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալը կարող է չկատարել Քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունը, մասնավորապես, խոչընդոտել վարույթի քննությանը՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով: Դատարանը հաստատված է համարել նաև հավանականությունը, որ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից», - հայտարարեց դատախազ Հայկ Հովհաննիսյանը:

Դատավոր Կարեն Ֆարխոյանը հերթով բավարարում էր դատախազների միջնորդությունները:

Իր քաղաքական պայքարն անցած տարի Կիրանցից սկսած ու վարչապետի հրաժարականի պահանջով Երևան հասած Տավուշի թեմի նախկին առաջնորդն ու մյուս 17 մեղադրյալները դատարանում պարբերաբար կրկնում են՝ այս գործը շինծու է, իրենք որևէ հանցագործություն չեն արել, մեղադրանքն ընդհանրական է, ոչ մի մեղադրյալի կոնկրետ հանցագործություն վերագրված չէ: Դատախազները, հակառակը, հայտարարում են՝ ծանր հանցագործություն են կանխել:

Դատավորն անցած երեք օրերին 17 մեղադրյալի կալանքի հարց քննեց: 15-ին թողեց կալանքի տակ, մեկի կալանքը փոխարինեց տնայինով, մյուսի տնային կալանքը երկարաձգեց երեք ամսով: Չքննեց 18-րդ մեղադրյալի` վերջերս կալանքից Վերաքննիչ դատարանով ազատ արձակված Հրայր սարկավագի խափանման միջոցի հարցը:

Երկարաձգելով մասնավորապես արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանքը՝ Ֆարխոյանը հայտարարեց. - «Գալստյանի խափանման միջոցի հիմքերի և պայմանների հետ կապված նախ նշեմ, որ մեկ հիմք էր նշվել նախկինում, արձանագրվել դատարանի կողմից՝ դա խոչընդոտելու հիմքն է, որի բարձր հավանականությունը այս պահի դրությամբ կրկին պահպանվում է»:

Պատասխանելով դատախազներին՝ մեղադրյալն ասաց՝ ազատության մեջ չի խոչընդոտի գործի քննությանը, երբևէ որևէ խախտում թույլ չի տվել, վերջին գնած պայթուցիկն էլ կրակայրիչն է: Ասաց՝ պետք է աշխատի, որ ընտանիքը պահի, բայց անազատության մեջ, անգամ՝ տնային կալանքի տակ, դա անել չի կարող:

«Ես համոզված եմ, որ մեղադրող կողմը շատ ավելի, երևի յուրաքանչյուր Նոր տարի կամ երեխայի ծնունդով դուք հրավառություն եք անում այդ ամենի մասով, իսկ ես 20 թվականից հետո մեր տանը ընդհուպ տոնածառ չի զարդարվում՝ հաշվի առնելով՝ իմ երեխաների քեռին առայսօր անհայտ կորած է; Եվ այս ամենի կապակցությամբ՝ եթե պայթուցիկ, իմ վերջին գնած պայթուցիկը կրակայրիչն է», - ասաց Գալստյանը:

Այս գործի պատվիրատուներն այս մարդուց հայրենիք են խլել, հիմա էլ ուզում են ազատությունը խլել, հայտարարեց փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը, ինչին ի պատասխան՝ դատավորն ընդգծեց՝ ինքն անկողմնակալ է, իսկ նման արտահայտությունները կդիտարկի վիրավորական. - «Պաշտպան Խուդոյան, նման ելույթը և նման կոչ ասենք, թե դիրքորոշում հայտնել, առավել ևս՝ դատարանի հասցեին, և սա նաև վիրավորական է Ձեր կողմից՝ այս կամ այն կողմ նշելով: Դատարանը անկողմնակալ է՝ ի գիտություն Ձեզ, և չի կարող այս կամ այն կողմի ինչ-որ քմահաճույքներ կատարել»:

Եվս երեք ամիս բանտում կանցկացնի նաև դաշնակցական Իգոր Սարգսյանը:

«Ես հիմա չգիտեմ՝ այս պարագայում պատվարժանը տեղի՞ն է, թե՞ ոչ, բայց ինչևէ, անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնեք, ինձ մոտ ոչինչ չի փոխվելու, ես մնալու եմ պայքարի տրամաբանության մեջ», - հայտարարեց Սարգսյանը:

Նրա փաստաբանը քննադատեց ոչ միան դատախազներին, այլև՝ դատավորին, ավելին՝ Մկրտիչ Դավթյանը պնդեց՝ այս գործը հրահանգված է:

«Ես հասկանում եմ, որ էս դատական գործը հրահանգված է: Իրականում, ասեմ, ես դատարանում, գտնվելով այս դատական նիստին, տեսնում եմ չորս հանրային մեղադրողների՝ երեքը՝ դիմացը նստած, իսկ մեկը դատական ակտ է կայացնում: Ես դատավորի՝ որպես անաչառ դատավորի, մասնակցություն չեմ տեսնում էս դատարանում», - հայտարարեց փաստաբանը:

«Ուրեմն նստեք, դատարանը նման ձևով Ձեզ թույլ չի տա շարունակել», - արձագանքեց դատավոր Ֆարխոյանը:

Իր քննադատությունում Իգոր Սարգսյանն ավելի հեռուն գնաց՝ հիշեցրեց փաստաբանների երեկվա բոյկոտը, ըստ իր բնորոշման՝ դատավորի թույլ տված խախտումների պատճառով, անցավ քաղաքական հայտարարությունների, քննադատեց վարչապետ Փաշինյանին, ինչից հետո դատարանը թույլ չտվեց շարունակել ելույթը:

Երեկվա նիստը բոյկոտած գրեթե բոլոր փաստաբաններն այսօր ներկա էին դատավարությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բագրատ Գալստանյանի ու մյուսների գործով ևս երեք մեղադրյալ կմնա կալանքի տակԳալստանյանն ու ևս 5 մեղադրյալ կշարունակեն մնալ կալանքի տակԲագրատ Գալստանյանի և մյուսների գործով միակ կին մեղադրյալը կմնա կալանքի տակ«Մենք ահաբեկիչ չենք». մեկնարկեց Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատը