Գազայում սով է. ՄԱԿ-ը պաշտոնապես արձանագրել է

Գազա, օգոստոս, 2025թ.

Այսօր ՄԱԿ-ը առաջին անգամ պաշտոնապես արձանագրեց՝ Գազայում սով է: Կազմակերպության՝ սննդի հասանելիությունը որոշող դասակարգման համակարգի համաձայն՝ Գազայում իրավիճակը հատել է սովի շեմը, քանի որ Գազայի պաղեստինցի բնակչության մեկ քառորդն աղետալի պայմաններում է՝ բախվում է սովի, աղքատությանն, մահվան, և վիճակն արագորեն վատթարանում է: Մարտից ի վեր Իսրայելն արգելում է օգնության մատակարարումները Գազա:

Որպեսզի որևէ տարածաշրջանում սով հայտարարվի, ըստ սննդի հասանելության դասակարգման համակարգի՝ պիտի արձանագրվի, որ բնակչության առնվազն 1/5 ը սննդի ծայրահեղ պակաս ունի, յուրաքանչյուր երրորդ երեխան սուր թերսնված է, և ամեն օր տասը հազար բնակչության հաշվարկով առնվազն երկու մահացության դեպք է գրանցվում սովից, թերսնումից կամ հիվանդություններից:

Ահա այդ համակարգով մոնիթորինգի արդյունքում է արձանագրվել, որ ավելի քան կես միլիոն մարդ՝ Գազայի բնակչության մեկ քառորդը, սովի մեջ է, իսկ մինչև սեպտեմբերի վերջ ակնկալվում է, որ այդ թիվը կմոտենա 650 հազարին:

Ռոյթերսը Գազային կադրեր է հրապարակել է, որտեղ հիվանդանոցներում խիստ թերսնված, հյուծված երեխաներ են: Գազայում մարդիկ ասում են՝ ամենաանհրաժեշտ մթերքները՝ միս, կաթ, ձու, մի քանի ամիս է՝ չեն տեսել, շուկաներում, եթե որևէ մթերք էլ վաճառվում է՝ ապա աստղաբաշխական գներով:

«Անհերքելիորեն՝ սա սով է, Գազայի սովը». ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ղեկավար

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Ջերեմի Լոուրենսը ուղղակիորեն Իսրայելի կառավարությանն է մեղադրել Գազայում սովի համար`շեշտելով Իսրայելը ապօրինի կերպով սահմանափակել է մարդասիրական օգնության ու այլ ապրանքների մուտքը, որ անհրաժեշտ են Գազայի հատվածում քաղաքացիական բնակչության գոյատևման համար. «Սովը որպես պատերազմի գործիք օգտագործելը պատերազմական հանցագործություն է: Իսրայելի իշխանությունները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն Գազայի հատվածում սովը վերացնելու և հետագա մահերը կանխելու համար»:

ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ղեկավար Թոմ Ֆլետչերն էլ այսօր հայտարարել է`սովը հնարավոր էր կանխել. «Անհերքելիորեն՝ սա սով է, Գազայի սովը։ Սա սով է, որը մենք կարող էինք կանխել, եթե մեզ թույլ տրվեր։ Այնուամենայնիվ, սնունդը կուտակվում է սահմաններին՝ Իսրայելի կողմից համակարգված խոչընդոտների պատճառով։ Սա սով է բերրի երկրում՝ սննդից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր ուղերձում շեշտել է՝ որպես օկուպացիոն տերություն՝ Իսրայելը պարտավորություններ ունի բնակչությանը սնունդով և բժշկական պարագաներով ապահովելու, չի կարելի թույլ տալ, որ այս իրավիճակը շարունակի անպատիժ:

Իսրայելից արձագանքում են

Իսրայելից արձագանքում են, թե «Գազայում սով չկա»: Այդ երկրի արտգործնախարարությունը հայտարարել է՝ միջազգային կառույցի զեկույցը «հիմնված է «Համաս»-ի ստերի վրա», որ կազմակերպությունը իր մեթոդաբանությունն ու չափանիշներն է փոխել, որպեսզի իրավիճակը Գազայում սով համարվի: Բացի այդ, Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարում է, որ պատերազմի սկզբից ի վեր գազա է մտել ավելի քան 100,000 բեռնատար օգնություն, իսկ վերջին շաբաթներին օգնության զանգվածային հոսքը հիմնական սննդամթերքները հասցրել է Գազա, ինչը հանգեցրել է սննդամթերքի գների կտրուկ անկման:

Մինչ այդ, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X-ի իր էջում գրել է, որ հաստատել են Իսրայելի պաշտպանության բանակի՝ Գազայում «Համաս»-ի ոչնչացման ծրագիրը». «Մինչև չհամաձայնեն Իսրայելի կողմից սահմանված պատերազմի դադարեցման պայմաններին, և չվերադարձնեն բոլոր պատանդներին ու զոհվածների մարմինները, Իսրայելը կանգ չի առնիի։ Եթե չհամաձայնեն՝ Գազան «Համաս»-ի իշխանության տակ կվերածվի ավերակների», - նշել է Կացը:

Նախօրեին Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին, որ իսրայելական բանակը հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա: Երեկ նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է ժամանել Գազայի հատված՝ նշելով, որ այդպիսով հաստատում է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու Իսրայելի պաշտպանության բանակի ծրագրերը:

«Համաս»-ի կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերին իրականացված հարձակումը, որը սկիզբ դրեց պատերազմին, հանգեցրեց 1219 մարդու մահվան, որոնց մեծ մասը Իսրայելի բնակիչներ էին։ Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 62 հազար պաղեստինցի, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են: