Գերմանիան չի հետևի գործընկերներին Պաղեստինի պետությունը ճանաչելու հարցում, հայտարարել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Մենք չենք միանա այս նախաձեռնությանը», - ասել է Մերցը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Բեռլինում կայացած հանդիպումից հետո:
Ֆրիդրիխ Մերցը պնդել է, թե Գերմանիայի գնահատմամբ՝ պաղեստինյան պետության ճանաչման «պայմանները կատարված չեն»։ Գերմանիան Պաղեստինի պետության ճանաչումը համարում է «երկու պետություն» սկզբունքի իրականացման եզրափակիչ քայլերից, որի դեպքում իսրայելցիներն ու պաղեստինցիները կարող են խաղաղ ապրել կողք կողքի։
Ի տարբերություն Բեռլինի, Կանադայի կառավարությունը անցած ամիս հայտարարել է Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մտադրության մասին։ Մինչ այդ էլ Ֆրանսիայի նախագահն էր նման պատրաստակամություն հայտնել։
Մերցը Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ մասնակի զենքի էմբարգո սահմանեց Իսրայելի նկատմամբ՝ ի պատասխան Իսրայելի կողմից պատերազմն ընդլայնելու ծրագրերի, որի շրջանակներում իսրայելական բանակը շարունակում է ծանր հարվածներ հասցնել պաղեստինյան անկլավին։
Խան Յունիսի «Նասեր» հիվանդանոցի վրա Իսրայելի մահացու հարձակումների հետևանքով երեկ առնվազն 19 մարդ է զոհվել, այդ թվում՝ հինգ լրագրող։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը հարվածել է Գազայի «Նասեր» ԲԿ-ին, կա 15 զոհ, այդ թվում՝ լրագրողներ