Գերմանիան հնարավորինս շուտ հակաօդային պաշտպանության հինգ Patriot համակարգ կտրամադրի Ուկրաինային, որի կարիքը երկիրն այս պահին շատ ունի ռուսական ագրեսիայի դեմ պայքարում, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարը Ռամշտայնի ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի առցանց նիստին:
Բորիս Պիստորիուսն ասել է, որ մատակարարման ծրագիրը կորոշվի առաջիկա օրերին, ապա հավելել, որ Patriot-ներն ուղարկելով հստակ ազդակ են հղում Ռուսաստանին. - «Սա հստակ ազդակ է Պուտինին, որ պատերազմը ձգձգելու համար հնարավորինս թանկ կվճարի: Ուկրաինան հաջողությամբ կշարունակի մարտահրավեր նետել Պուտինի ռազմական մեքենային և յուրաքանչյուր օր է՛լ ավելի կթուլացնի այն»:
Ուկրաինայի պաշտպանության նախարարն, իր հերթին, եվրոպացի դաշնակիցներին կոչ է արել օգնել ԱՄՆ-ից Patriot-ների գնման ֆինանսավորումն ապահովելու համար: Դենիս Շմիգալն ասել է, որ Ուկրաինային 6 միլիարդ դոլար անհրաժեշտ է այս տարվա պաշտպանական գնումների բացը լրացնելու համար։ Դա, ըստ նրա, թույլ կտա արտադրել ավելի շատ անօդաչու թռչող սարքեր՝ առաջնագծի պաշտպանական գծերը պահպանելու, օդային պաշտպանությունն ամրապնդելու և Ռուսաստանի խորքերին հարվածելու համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, հայտնել է, որ արդեն պայմանավորվածություն կա ֆրանսիական ընկերությունների հետ Ուկրաինայում անօդաչուների համատեղ արտադրություն սկսելու մասին:
Այս ֆոնին Կրեմլի խոսնակն արձագանքել է ռուս - ուկրաինական ուղիղ բանակցություններն այս շաբաթ վերսկսելու Կիևի առաջարկին: Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը կողմ է բանակցություններին, սակայն դեռ դրանց անցկացման օր չեն որոշել: Պեսկովը նշել է, որ խաղաղության հուշագրերի տեքստերի ռուսական և ուկրաինական տարբերակներն այս պահին շատ են տարբերվում միմյանցից, ուստի շատ աշխատանք կա անելու:
«Այս երկու նախագծերի շուրջ դեռ կարծիքների փոխանակում և բանակցություն չի եղել։ Մինչ այժմ նախագծերն ամբողջությամբ և տրամագծորեն հակասում են իրար։ Հետևաբար՝ դեռ շատ դիվանագիտական աշխատանք կա անելու», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:
Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին մեկնելու է Պեկին՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Եվ եթե Դոնալդ Թրամփը ևս այդ ժամանակ լինի Պեկինում, ապա չի բացառվում, որ երկու առաջնորդների հանդիպում տեղի ունենա:
Թուրքական և ռուսական մամուլը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում են, որ ռուս - ուկրաինական ուղիղ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ հուլիսի 23-24-ը Ստամբուլում:
Մինչ Կիևը սպասում է Patriot համակարգերին, Ռուսաստանը գիշերը բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով լայնամասշտաբ հարձակում է գործել Ուկրաինայի մի քանի շրջանի վրա: Ռուսական զինուժը հարվածել է Իվանո-Ֆրանկովսկին: Ըստ քաղաքապետի՝ սա պատերազմի սկսվելուց ի վեր ամենազանգվածային հարձակումն է, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Հարձակման թիրախում են եղել նաև Խարկովը, Դնեպրոպետրովսկը, Կուպյանսկը, կան տուժածներ, Վիննիցայում կա մեկ զոհ: Հարվածել են նաև Կիևին, որտեղ կա մեկ զոհ, մի քանի վիրավոր, քաղաքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել:
Ռուսական զինուժը հայտնել է, որ Ուկրաինայի արևելքում ևս մեկ բնակավայր է գրավել: Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է Ռուսաստանի յոթ շրջանի: Ռոստովում վնասվել է երկաթուղային կայարան: Ռուսաստանում 130 ուղևորատար գնացք ուշացումով է երթևեկել, սահմանափակումներով են աշխատել Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի օդանավակայանները:
Վերջին 30 ժամում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում չեղարկվել է 118 չվերթ, հետաձգվել է 200-ից ավելի չվերթ: Մարդիկ ժամերով սպասել են իրենց չվերթին, շատերին երկար ժամանակ թույլ չեն տվել դուրս գալ ինքնաթիռից: