Գործադուլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ աշխատավարձերի բարձրացման պահանջով

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում երեկվանից գործադուլ է: Հայաստանի ամենախոշոր հարկատուի աշխատողները պահանջում են աշխատավարձերի բարձրացում:

Զանգեզուրի պղնձամոլիբենային կոմբինատը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ այս գործողությունները գործադուլ չի համարում և չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։

Ընկերությունը նշել է, որ մի խումբ աշխատակիցներ պահանջում են «աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել Ընկերությունում աշխատանքային գործընթացը»:

«Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով Ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, Ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։Եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, Ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի», - նշված է հայտարարությունում:

«Ելնելով «ԶՊՄԿ» ՓԲԸ և Ընկերության աշխատակիցների ճնշող մեծամասնության շահերից, Ընկերությունը կիրացնի աշխատանքային պարտավորությունները խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ գլխի», - նաև նշված է հաղորդագրությունում:

Ակցիայի մասնակիցներից մեկը պնդեց, որ պատրաստվում են շարունակել գործադուլը՝ չնայած ԶՊՄԿ-ի հայտարարությանը:

Your browser doesn’t support HTML5

Գործադուլ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

Տեսանյութը՝ ակցիայի մասնակիցներից մեկի