Գյումրին հոկտեմբերի սկզբին կնշի քաղաքի օրը, բայց ոչ թե համայնքային բյուջեի հաշվին, այլ՝ ընդդիմադիր, ճաղերի ետևում գտնվող Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերության: Չսպասելով ավագանու այսօրվա արտահերթ նիստին՝ կալանավորված միլիարդատիրոջ «Մեր ձևով» շարժման անդամներից Ռուբեն Մխիթարյանը տեսանյութ էր հրապարակել ու հայտարարել, որ «Տաշիր» ընկերությունը կկազմակերպի Գյումրիի օրը:
«Մոտ օրերս կհայտարարենք հստակորեն, թե երբ է լինելու Գյումրու քաղաքի տոնը», - ասում էր Մխիթարյանը:
Գյումրիի ավագանու այսօրվա արտահերթ նիստը, որ պիտի քննարկեր այս հարցը, կրկին անցավ լարված մթնոլորտում: Կրքերը թեժացան հատկապես այն ժամանակ, երբ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ում նախաձեռնությամբ հրավիրվել էր արտահերթը, հարցն օրակարգից հանեց:
«Ես առաջարկում եմ այս հարցը հանել, որովհետև բարերար կա, որ ինքը ստանձնում է էս պարտականությունը իր վրա, և ինչքան որ մենք նախատեսել էինք՝ կրկնակի և ավելի, եռակի անգամ գումար է ծախսելու քաղաքի օրը անցկացնելու համար: Եվ մենք էլ կկարողանանք էդ գումարներով նախակրթարան, սպորտդպրոց, երաժշտական դպրոց, կամ ինչ-որ կտուրներ, կամ մարդկանց սոցիալապես օգնել: Մի խոսքով՝ մենք ուրախ կլինենք, որ բարերարներ լինեն՝ քաղաքում ներդրումներ անեն», - հայտարարեց Ղուկասյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը դեմ էր, որ քաղաքի օրվա միջոցառումը բարերարի միջոցներով կազմակերպվի, առաջարկում էր բարեգործական միջոցներն ուղղել քաղաքապետի թվարկած՝ մանկապարտեզների, շենքերի տանիքների նորոգմանն ու տնակներում ապրողների պայմանները բարելավելուն:
«Հիմա եթե ուզում եք հանեք, դա Ձեր իրավունքն է, ունեք իրավունք՝ հանեք, մենք միանշանակ պնդում ենք, որ Գյումրիում բոլոր կազմակերպչական, մշակութային, այլ միջոցառումներ միանշանակ պետք է անցկացվեն ավագանու, համայնքի ղեկավարի համաձայնությամբ, որևիցե մեկը՝ անկախ իր փողերի չափից, չի կարող անտեսել էս Գյումրու բարձրագույն իշխանությունը», - հայտարարեց Մինասյանը:
Ոչ պակաս թեժ էին կրքերը բուն հարցը օրակարգ մտցնել-հանելու շուրջ։ Քաղաքապետը հիմնավորեց, որ ոչ թե միանձնյա որոշում է կայացրել, այլ առաջնորդվել է ավագանու տրամադրություններով:
«Տրամադրությունը տեսնելով ավագանիների, կարծիքը հարցնելով բոլորի, ես ասեցի՝ եկեք տեղափոխենք, հետո նորից, եթե անհրաժեշտություն եղավ, մի հատ նորից կքննարկենք կամ կտեղափոխենք», - ասաց Ղուկասյանը:
Մինասյանը պնդեց՝ նման բան Ղուկասյանից չեն լսել, որպես ապացույց՝ այդ օրվա տեսագրությունը վկայաբերեց. - «Տեսագրությունները կա, ես չուզեցա էդ ժամանակ տարածեմ, բան, բոլորս գիտենք: Ասեցիք ցուրտ է, տրամադրություններ չկա, հարցը հանում ենք: Ամանորին ավելի ցուրտ է ... Հա՜, դահլիճի տրամադրությունը: Հիմա դահլիճը երբ տրամադրություն չունենա, գյումրեցիների համար լավ բան չանե՞նք: Մենք պարտավոր ենք լավ տրամադրություն փոխանցել»:
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն ամբիոնի մոտ հասավ ու նկատեց, թե ամեն հարց քննարկելիս լարվածություն է նկատում: Ավագանիում ամենաշատ՝ 14 մանդատ ունեցող ՔՊ-ին դիմեց. - «Քաղաքացին տունը նստած փորձում է հասկանալ՝ հիմա էս մարդիկ գնացել են էնտեղ փիառվելո՞ւ, թե՞ գործ անելու: Եթե գնացել եք փիառվելու, մեզ պետք չէր էդ ավագանին, միք փիառվեք: Չէ, ես ամենայն անկեղծությամբ, ես ոչ մի բան չունեմ ընդդիմախոսելու իշխող ուժին, ընդհակառակը՝ ես ուզում եմ բերեմ իրենց էն դաշտ, որ փորձեն կառուցողական աշխատել և օգնեն քաղաքի կառավարման հարցում քաղաքապետին, որովհետև օգնելով իրեն՝ նաև օգնում եք ամբողջ քաղաքին և քաղաքացուն»:
Սիմոնյանը պնդեց՝ եթե անգամ կալանավորված Սամվել Կարապետյանի միջոցները ծախսեն ՔՊ-ի առաջարկած սցենարով, նրանք այլ բան կգտնեն քննադատության համար: Այս դիտարկմանն էլ ՔՊ-ից բուռն արձագանքեցին:
Իրավիճակը Ղուկասյանը փորձեց հարթել: «Շատ, էսպես, մանր բաների հետևից շատ միք ընկեք, էսպես, մի քիչ բան արեք, էլի, հանգիստ տարեք ամեն ինչ», - ասաց քաղաքապետը:
Չնայած ՔՊ-ի քննադատությանը՝ Ղուկասյանը որոշումն անփոփոխ թողեց. տոնը կկազմակերպվի «Տաշիր»-ի միջոցներով, բյուջեն էլ 15 մլն դրամ կտնտեսի։ «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավարն առաջարկեց այդ գումարով մանկապարտեզներից մեկի խնդիրը լուծել: Բայց անգամ այս հարցում վեճերից խուսափել չհաջողվեց:
Վերջին նիստերն ավագանիում թեժ են անցնում, նույնիսկ ամենափոքր հարցը վիճաբանությունների է հասնում հատկապես ՔՊ-ի և մնացած խմբակացությունների միջև:
Ավագանիում ընդդիմություն դարձած ՔՊ-ից «Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ կմասնակցե՞ն քաղաքի օրվա միջոցառմանը, թե՞ ոչ: Խմբակցության ղեկավարն ասաց, թե քանի դեռ օրն ու ծրագիրն անորոշ է, ՔՊ-ն ինչի՞ն մասնակցի:
Նշենք, որ 2021 թվականին նույն ՔՊ-ն կազմակերպել էր Անկախության օրվա տոնակատարությունը մասնավորից ստացված միջոցներով: