«Համաս»-ը խոստացել է ազատ արձակել գերեվարված ԱՄՆ քաղաքացի Իդան Ալեքսանդրին

ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը խոստացել է ազատ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին գերեվարված ԱՄՆ-ի և Իսրայելի 21-ամյա քաղաքացի Իդան Ալեքսանդրին։

Այս քայլը տեղի է ունենում Իսրայելի հետ հրադադարի հասնելու ջանքերի շրջանակում և Թրամփի՝ այս շաբաթ Մերձավոր Արևելք կատարելիք այցից առաջ, ասվում է խմբի հայտարարության մեջ:

«Համաս»-ը աև պատրաստակամություն է հայտնել համաձայնագիր կնքել բոլոր պատանդների ազատ արձակման վերաբերյալ։

Չի նշվում, թե կոնկրետ երբ է Իդան Ալեքսանդրը ազատ արձակվելու։ Երկու ամիս առաջ՝ մարտ ամսին, «Համաս»-ն արդեն նմանատիպ պաշտոնական հայտարարություն էին արել, բայց պատանդը ազատ չէր արձակվել։

The Times of Israel-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ Ալեքսանդրի փոխանցումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա երկուշաբթի՝ մայիսի 12-ին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ Իդան Ալեքսանդրը «վերադառնալու է տուն»։

«Ուրախ եմ հայտարարել, որ 2023 թվականի հոկտեմբերից պատանդ պահվող Ամերիկայի քաղաքացի Իդան Ալեքսանդրը վերադառնում է տուն՝ իր ընտանիքի մոտ։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել այս հիանալի լուրը հնարավոր դարձնելու գործում», - գրել է նա իր Truth սոցիալական ցանցում։