Համատեղ տեսչական ստուգումներից հետո Ռուսաստանը դեռ միայն 9 հայ արտադրողի ծաղիկներ է ընդունում

Ծաղկեգործների բողոքի ակցիան Երևան-Արմավիր մայրուղում, 14-ը հուլիսի, 2025թ.

13 տարի Հայաստանում հոլանդական վարդեր աճեցնող Մարկոս Ղարիբյանը սպասում է «Ռոսսելխոզնադզոր»-ի պատասխանին՝ թույլ կտա՞ն շարունակել իր վարդերի արտահանումը Ռուսաստան, թե՞ ոչ. - «Ռուսական կողը ամեն անգամ մի բան ուզում ա, էլի»:

Հունիսի 27-ից Ռուսաստանը խստացրել է Հայաստանից ծաղիկ ներկրողների նկատմամբ պահանջները։ Ռուսական կողմը սա պայմանավորում է մի շարք գործոններով՝ բուսասանիտարական խախտումներից մինչև հարկերից խուսափելու դեպքեր։

Մարկոս Ղարիբյանը, որի ընկերությունն ամենախոշոր արտահանողներից է, ասում է՝ իրենք խախտումներ չեն արել, բայց մի քանիսի պատճառով տուժել են: Այս մեկ ամսվա ընթացքում, պնդեց, մի քանի հարյուր հազար դոլարի վնաս են կրել. - «Ամեն ինչը արագության վրա ա: Ապրանքը սկառապորտ ա (շուտ փչացող), մենք էլ ժամկետ ունենք, թափում ենք, խոտանվում ա»:

Մեկ ամսում, ասաց Ղարիբյանը, խոտանել են «երևի մի 7-8 հարյուր հազար հատ, ... 3-4 հարյուր հազարի՝ էդքան դոլարի»:

Ռուսական կողմը պնդում է, որ Հայաստանից վարակված ծաղիկներ են մտնում իրենց շուկա։ Բացի այդ, ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի, հայ արտահանողները համագործակցում են Ռուսաստանում գրանցված ֆեյք ընկերությունների հետ, ինչի հետևանքով ծաղիկներն իրացվում են առանց հարկային վճարումների։

Ռուսաստանը նաև կասկածի տակ է դրել Հայաստանից արտահանվող ծաղիկների ծագումը՝ նշելով, որ դրանց թիվը տարեցտարի ավելանում է, ինչը, ըստ Մոսկվայի, կարող է վկայել երրորդ երկրից ներմուծման մասին, որոնք ՌԴ են մտնում որպես հայկական ծագման բույս:

Իսկ թե ինչպես է կազմակերպվում համագործակցությունը Ռուսաստանում գործող կեղծ ընկերությունների հետ, նախորդ շաբաթ փորձեց բացատրել ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը. - «Ես ընդունող կողմն եմ, գնում եմ, բացում եմ ինչ-որ մի հատ կազմակերպություն, էսօր բացեցի, վաղը փակեցի: Կնիքը մնա՞ց իմ ձեռքում, մնաց, չէ՞, անունը մնա՞ց կազմակերպության իմ ձեռքում, մնաց: Ես սահմանում կանգնեմ, գամ, ներկայանամ որպես էդ բեռը ստացող, վերցնեմ գնամ: Մաքսային միության տարածքում էլ, մենք գիտենք, որ դա հեշտացված տարբերակով ա, չէ՛, երրորդ երկիր չի, որ սահմանից դուրս չգա: Եկավ գնաց պահեստ, տարա շուկա վաճառեցի: Ամեն օրվա ռեժիմով մեքենայով ծաղիկ ա անցնում սահմանը ու գնում կորում ա, ո՞ւր ա կորում»:

Ծաղիկ արտահանող հայ ջերմոցատերերից ոմանք էլ ասում են՝ եթե այդ ընկերությունները բացվում են Ռուսաստանում, թող հենց Ռուսաստանն էլ զբաղվի դրանց հսկողությամբ:

Իսկ «Ռոսսելխոզնադզոր»-ից Հայաստանի ՍԱՏՄ-ին գրությամբ ներկայացրել են մեկ շաբաթվա մոնիտորինգի արդյունքներ, ըստ որոնց՝ ՌԴ մտած ծաղիկներով բեռնված 80 բեռնատարներից միայն երկուսն են սանիտարական զննման ներկայացել: Սա, ըստ ՍԱՏՄ ղեկավարի, Հայաստանի վարկանիշի վրա ազդող շատ վատ երևույթ է. - «Ընդունող երկիրն էլ ասում ա՝ «բա ինչի՞ ես պետք ա հայ արտադրողի համար տուժեմ»: Սխալ պահանջ ա՞ ասում մարդը»:

Այս ամենի ֆոնին, «Ռոսսելխոզնադզոր»-ը՝ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աջակցությամբ, սկսել է տեսահսկողություն իրականացնել Հայաստանի ջերմոցներում։ Այդ տեսահսկմամբ ռուսական կողմը հետևում է արտադրական գործընթացին, հսկում բույսերի ընդհանուր վիճակը, քիմիական նյութերի կիրառման գործընթացը, ինչպես նաև փաթեթավորում, որ կանխի կարանտինային վնասատուների տարածումը։

Թեև տեսախցիկները չեն կարող որոշել հիվանդությունների բնույթը կամ քիմիական բաղադրությունը, բայց դրանց միջոցով հնարավոր է ֆիքսել ակնհայտ խախտումներ, օրինակ՝ տերևների դեղնում, հաճախակի ցողումներ կամ անթույլատրելի աշխատանքային պայմաններ։ Սա, ըստ մասնագետների, արտահանման վերահսկողության մի մասն է, որի նպատակն է պահպանել Ռուսաստանի շուկայի բուսասանիտարական անվտանգությունը։

Կոտայքի Գողթ գյուղում գտնվող՝ Մարկոս Ղարիբյանի շուրջ 8.5 հեկտարանոց ջերմոցն արդեն անցել է այս ստուգումը: Նախորդ շաբաթ էլ ի թիվս այլ ծաղիկ աճեցնողների Ղարիբյանն էլ էր գնացել ՍԱՏՄ, որ պետական այդ մարմնի միջոցով ստանա «Ռոսսելխոզնադզոր»ի պատասխանը: Ասում է՝ ծաղիկներով բեռնված մեքենաներ ունի, որոնք սպասում են արտահանման թույլտվության:

Բողոքի ակցիաների դուրս եկած՝ Արմավիրի մարզի Զվարթնոց համայնքի ծաղկեգործները, որոնց ծաղիկները ևս փչանում են, այսօր «Ազատությանն» ասացին՝ ՍԱՏՄ-ից դեռ ոչ ոք իրենցից որևէ մեկի ջերմոց չի մտել: Մտահոգված են՝ մինչև գան, ստուգեն, իրենք այս տարի ձեռնունայն կմնան, անգամ վարկերը չեն կարողանա փակել, որովհետև հայաստանյան շուկայում հնարավոր չէ այդքան ծաղիկ վաճառել:

ՍԱՏՄ-ից ասացին՝ դեռ Զվարթնոց չեն ասել, Հայաստանում շուրջ 700 ջերմոց կա, 12-հոգանոց մասնագետների խմբերը հերթով այցելում են: «Մեկ օրվա գործ չէ», - ընդգծեցին:

Ի դեպ, համատեղ տեսչական այցերից և ստուգումներից հետո Ռուսաստանը դեռ միայն 9 հայ արտադրողների ծաղիկներ է ընդունում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ծաղկեգործները շարունակում են բողոքել. «Մինչև ստուգեն, քննարկեն, միլիոնների ծաղիկներ կկորցնենք»Ծաղիկ աճեցնողները բողոքի ակցիայի էին դուրս եկել Երևան-Արմավիր մայրուղումԱրմավիրի մարզի ծաղկեգործները դժգոհում են՝ արտահանողները չեն գնում իրենց ծաղիկները