Հարյուրավոր զոհեր և տուժածներ Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով

Աֆղանստան, Ջալալաբադ, 1-ը սեպտեմբերի, 2025թ.

Աֆղանստանի արևելքում՝ Պակիստանի հետ սահմանի մոտ կիրակի ուշ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, հաղորդում են երկրի իշխանությունները:

«Թալիբան»-ի կառավարության ներքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ «Կունար նահանգում 610 մարդ է նահատակվել, 1300-ը՝ վիրավորվել, մեծ թվով տներ են ավերվել, Նանգարհար նահանգում 12 մարդ է նահատակվել, 255-ը՝ վիրավորվել, տասնյակ տներ են ավերվել»:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը Աֆղանստանի Նանգարհար նահանգի Ջալալաբադ քաղաքից մոտ 27 կիլոմետր հեռավորության վրա է, օջախի խորությունը՝ 8 կիլոմետր:

Գերմանիայի երկրաբանական գիտությունների հետազոտական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժին 20 րոպե անց հաջորդել է 4.5 մագնիտուդ հզորությամբ հետցնցում, դրան էլ՝ ևս մեկը՝ 5.2 մագնիտուդով:

Նանգարհար նահանգի մի բնակիչ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայությանն ասել է, որ «մարդկանց տներն ավերվել են, ամեն ինչ հողին է հավասարվել»: Նա ընդգծել է աղետից տուժածներին բժշկական պարագաներ և սնունդ բաշխելու հրատապ անհրաժեշտությունը:

Էպիկենտրոնից մոտ 300 կմ հեռու գտնվող՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ևս ցնցումները զգացվել են: