Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը «սև շուկայում»՝ մինչև 80 անգամ բարձր արժեքով

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, արխիվ

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը հասել են «սև շուկա» ու վաճառքի հանվել աստղաբաշխական, նույնիսկ՝ 80 անգամ բարձ արժեքով, իսկ ինքնարժեքից աննախադեպ բարձ գներով վաճառքի ահազանգերը հասել են իրավապահներին։

Վերավաճառողներից մեկն, օրինակ, այսօր նման 10-ից ավելի տոմս էր առաջարկում։ Մեծ քանակի դեպքում, պարզվեց՝ զեղչեր են գործում։

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ու Պորտուգալիայի հավաքականներն ուժերը չափելու են 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Այս խաղի տոմսերն օգոստոսի 14-ի առավոտյան առցանց վաճառքի հանվեցին, սակայն երկրպագուներից շատերն անակնկալի եկան, երբ փորձեցին գնել տոմսը։ Սկզբում ֆեդերացիայի կայքը խափանվեց, հետո էլ հերթագրման համակարգով շատերը ժամեր շարունակ փորձում էին տոմս գնել, բայց անհաջող։ Նույն օրը երեկոյան պարզվեց՝ 14 հազար հանդիսական տեղավորող Հանրապետական մարզադաշտի բոլոր տոմսերը սպառված են։

Ֆեդերացիայում էլ են անակնկալի եկել տոմսերի նման՝ աննախադեպ պահանջարկից։

Գերատեսչության հաղորդակցության բաժնի ներկայացուցիչ Սուրեն Սուքիասյանն ասում է, թև ի սկզբանե կանխատեսել են, որ մեծ հոսք կլինի, բայց ոչ այս չափերի. - «Ֆեդերացիան, բնականաբար, պատկերացնում էր, որ կլինի մեծ հոսք, բայց այսպիսի հոսք, որի թվերն արդեն ներկայացվել են, մոտ 470 հազար այցելու է եղել, նման դեպք երբեք չի եղել»:

Ի՞նչ է անում ֆեդերացիան, որ կանխի տոմսերի վերավաճառքը, Սուքիասյանն ասում է՝ վերավաճառքի դեպքերի կանխելու համար էին սահմանափակում դրել, որ անձը 2-ից ավելի տոմս չգնի: Շեշտում է՝ տոմսերի վերավաճառքի հարցն ամբողջ աշխարհում կա։ Ֆեդերացիան գործընկերոջ՝ ՈՒԵՖԱ-ի հետ է փորձում լուծումներ գտնել:

«Որքանով ես տեղյակ եմ, արդեն ոստիկանությունն ինչ-որ ուսումնասիրություններ անում է այս հարցով, քանի որ հարցը բավականին մեծ արձագանք է ստացել», - ասաց Սուքիասյանը:

Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանն» այսօր հայտնեցին՝ տոմսերի արժեքից շատ բարձր վերավաճառքների մասին ահազանգեր են ստացել։ Քաղաքացու հաղորդման հիման վրա էլ հիմա հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի։

«Օգոստոսի 19-ին համայնքային ոստիկանության Մուշի բաժնում մի քաղաքացուց ընդունվել է հաղորդում, մի քաղաքացի հաղորդում է տվել, նույնաբովանդակ հաղորդում, որ սեպտեմբերի 6-ին Երևանում կայանալիք Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վերավաճառքը 100 տոկոսից ավելի բարձր է իրական արժեքից: Հաղորդման վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու և լուծելու համար», - ներկայացրեց ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը:

Ազգային հավաքականի գրեթե ոչ մի խաղ բաց չթողած Վահե Գասպարյանին էլ չի հաջողվել տոմս գնել։ «Հայկական առաջին ճակատ» ֆան ակումբի խորհրդի անդամը վստահ է՝ իրավիճակը հնարավոր էր կանխել ու սև շուկա հասած տոմսերի քանակը նվազագույնի հասցնել, եթե ֆեդերացիան ինքը նախապես քայլեր ձեռնարկեր դրա համար։

Ազգային հավաքականին երկարամյա երկրպագուն հիշեցնում է իշխանությունների խոստումները՝ նոր ազգային մարզադաշտ կառուցելու վերաբերյալ, որն այդպես էլ կյանքի չի կոչվում։ Գասպարյանն ասում է՝ քան դեռ միջազգային նման մակարդակի խաղեր ընդունող Հանրապետականից ավելի մեծ մարզադաշտ չկա Հայաստանում, երկրպագուները պարբերաբար բախվելու են տոմսերի սղության խնդրին։

Ի դեպ, Հանրապետական մարզադաշտը վերջերս լրջորեն վնասվել էր ամերիկացի փոփ աստղ Ջեյ Լոյի համերգի ընթացքում: Ֆեդերացիայից վստահեցնում են՝ վնասված խոտածածկը վերականգնվում է և հանրապետականը սեպտեմբերի 6-ին պատրաստ կլինի ընդունելու Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը։