Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորել են Ռուսաստանի նախագահը և վարչապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Հայաստանի Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Միխայիլ Միշուստինը:

«Ընդունեք շնորհավորանքներս ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունների հետագա զարգացումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին», - Կառավարության լրատվականի փոխանցմամբ, իր ուղերձում գրել է Պուտինը՝ ամփոփելով. - «Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»։

ՀՀ և ՌԴ վարչապետներ Նիկոլ Փաշինյան և Միխայիլ Միշուստին, արխիվ

«Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Համոզված եմ, որ նոր խոստումնալից նախաձեռնությունների առաջխաղացմանն ուղղված գործնական համագործակցության ընդլայնումը, Եվրասիական տնտեսական միության և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ինտեգրման խորացումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին», - իր հերթին, գրել է Միշուստինը՝ Փաշինյանին մաղթելով քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը նշում է Անկախության օրը