Երևանի նկատմամբ ՀԱՊԿ պարտավորությունները պահպանվում են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետով, արխիվ

Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ պարտավորությունները մնում են ուժի մեջ, "Известия''-ի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետով՝ նշելով, որ կազմակերպությունը կապեր է պահպանում Երևանի հետ։

«Մենք աշխատանքային կապեր ենք պահպանում Երևանի հետ։ Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության ազդակներին, ապա հարաբերությունների ձևաչափը չի փոխվել, մնում է նույնը», - ասել է Տասմագամբետովը։

Հայաստանը 2024-ի փետրվարին հայտարարեց, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, ապա հրաժարվեց իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։

Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։

2024-ի սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար՝ հավելելով՝ դրա համար է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետ. «Մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ն, ինչպես նախկինում, Հայաստանին դաշնակից է համարում․ ՏԱՍՍ