Հայաստանն ու Չինաստանը հաստատում են ռազմավարական գործընկերություն

Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվում է ռազմավարական գործընկերություն, այսօր Չինաստանում հայտարարել են այդ երկրի նախագահ Սի Ծինփինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման արդյունքներով: Նշվել է, որ այդ մասին ընդունվում է համատեղ հայտարարություն:

Կառավարության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այսօր է ժամանել Չինաստան՝ մասնակցելու այնտեղ կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Ծինփինի հետ զրույցում նա վերահաստատել է Երևանի ցանկությունը՝ անդամակցելու ՇՀԿ-ին: Նրանք պայմանավորվել են խորացնել համագործակցությունը ՇՀԿ-ի շրջանակում:

Թիենծին քաղաքում կայացած հանդիպմանը Սի Ծինփինը շեշտել է, որ ՉԺՀ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Միաժամանակ, ՉԺՀ նախագահը շեշտել է, որ Չինաստանն աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին: Փաշինյանը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը լավագույնս կարող է շաղկապվել նաև Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ, որին Հայաստանն առաջիններից է պաշտոնապես միացել։

Նա նաև ընդգծել է, որ կառավարությունը շահագրգիռ է չինական ընկերությունների կողմից ՀՀ-ում ներդրումային ծրագրերի ընդլայնմամբ:

Կառավարությունն ավելի ուշ հրապարակել է Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հայտարարության տեքստը:

Հայտարարությամբ հայկական կողմը վերահաստատում է իր դիրքորոշումն ի աջակցություն «Մեկ Չինաստանի» սկզբունքի՝ ճանաչելով, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, և Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ Չինաստանի կառավարությունն ամբողջ Չինաստանը ներկայացնող միակ օրինական կառավարությունն է. վճռականորեն դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձևի ու աջակցում է ազգային վերամիավորման ուղղությամբ Չինաստանի կողմից գործադրվող ջանքերին։

Չինական կողմը վերահաստատում է իր ամուր աջակցությունը Հայաստանի քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը։ Չինաստանն աջակցում է հայկական կողմի կողմից առաջարկված խաղաղության օրակարգին և ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

Կողմերը հավատացած են, որ առճակատում խրախուսող աշխարհաքաղաքական ինտրիգները որևէ նպատակի չեն կարող ծառայել, և համատեղ հանդես են գալիս այն քայլերի դեմ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը ու հրահրում նոր էսկալացիա։

Առաջիկա չորս օրերին նախատեսված գագաթնաժողովը կլինի ամենամեծը ՇՀԿ-ի ավելի քան 20 տարվա պատմության ընթացքում։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աշխարհի տասնյակ առաջնորդներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետն այսօր ուղևորվում են Չինաստան