Հերթական Մայիսի մեկը Հայաստանում. քանի հայաստանցի գործ կամ որևէ այլ տիպի զբաղվածություն ունի

Մինչ բարձրաստիճան պաշտոնյաներն աշխատանքի կարևորության մասին դիֆերամբներ են ձոնում, անգամ վիճակագրական չոր թվերն են փաստում ամենատաբեր խնդիրների մասին՝ աշխատավարձերի անհամաչափ բաշխումից մինչև գենդերային խտրականություն ու գործազրկություն:

Աշխատանքային տարիքի 2.4 միլիոն հայաստանցիներից գործ կամ որևէ այլ տիպի զբաղվածություն ունի մոտ 1.2 միլիոնը, տասնյակ հազարավոր քաղաքացիներ այս պահին էլ ակտիվորեն աշխատանք են փնտրում, բայց չեն գտնում: Ավելի քան մեկ միլիոնն, ընդհանրապես, աշխատաշուկայից դուրս է:

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ ավելի քան 360 հազարը աշխատանք գտնելու հույս, առհասարակ, չունի, նրանց շարքում մեծամասնությունը կանայք են. ևս ավելի քան 150 հազար կին չի աշխատում ընտանեկան հանգամանքներից դրդված, հազարավոր կանանց թույլ չեն տալիս գործի գնալ:

Հերթական Մայիսի մեկը՝ Աշխատանքի օրը Հայաստանն ամփոփում է այս և բազմաթիվ այլ խնդիրներով:

Օրն ուղերձներով էր սկսվել. վարչապետ Փաշինյանն չանդրադառնալով խնդիրներից և ոչ մեկին բարեկեցության բանաձև առաջարկեց՝ կրթվել և աշխատել. - «Եվ թերևս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով և լավ ապրում ենք մեր իմացածի չափով, և մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը և ընդլայնել մեր իմացածի ծավալը, իսկ սա հնարավոր է աշխատանքի և կրթության, կրթության և աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով»:

2023 թվականը ամփոփող Աշխատաշուկայի մասին վիճակագրական կոմիտեի զեկույցը, սակայն, փաստում է կրթությունը բարեկեցություն ու պատշաճ վարձատրություն ոչ բոլոր դեպքերում է ապահովում, հաճախ ուղիղ հակառակն է. դպրոցը չավարտած հայաստանցիները ամսական միջինը մոտ 130 հազար դրամ աշխատավարձ են ստանում՝ հարկերը հանած: Միջնակարգ կրթություն ստացածները նրանցից միջինը տասը հազար դրամ պակաս են վաստակում:

Համալսարաններ ավարտածները թեև ավելի լավ են վարձատրվում, բայց այս դեպքում էլ այլ խնդիր է խորանում՝ տղամարդկանց ու կանանց եկամուտների խզվածքն է մեծանում: Բուհական կրթությամբ տղամարդիկ միջինը 200 հազար են վաստակում, կանանց մաքուր աշխատավարձը 130 հազար դրամ է: Բարձր որակավորում պահանջող աշխատատեղերում խզվածքն էլ ավելի մեծ է:

Այս ամենի ֆոնին ինչպես տասնամյակներ առաջ աշխատավորներն օրվա երկրորդ կեսին դուրս էին եկել քայլերթի՝ իրենց իրավունքների պաշտպանության, արդար վարձատրության պահանջով. տարբեր ոլորտներ ներկայացնող երթի մասնակիցները պաստառներով էին եկել. դրանցից մեկը գնաճի ու նվազագույն աշխատավարձի հարաբերակցության մասին էր, որտեղ թանակցումները հրթիռի, իսկ աշխատավարձը կրիայի տեսքով էին պատկերված:

Մեկ այլ պաստառում նույն կրիան սպառողական զամբյուղի հետ կշեռքի հակառակ նժարներում էին հայտնվել, որտեղ աշխատավարձը խորհրդանշող կրիան ակնհայտորեն զիջում էր:

Պատշաճ աշխատավարձի մասին բոլորն են խոսում՝ անկախ ոլորտից ու տարիքից: Օրինակ՝ կրթության ոլորտում աշխատողներից մեկը բացատրում է՝ եթե դպրոցներում ուսուցիչների համար քայլեր ձեռնարկվում են, մյուս աշխատողների դեպքում ոչինչ չի փոխվում:

Աշխատանքային պայմանների բարելավման պահանջով այս տարվա գլխավոր իրադարձությունը թերևս Հայաստանի հարավում էր. փետրվարին Քաջարանի պնղձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն էին ոտքի ելել, գործադուլ հայտարարել, երկրի ամենամեծ ընկերությունը փաստացի ավելի քան 10 օր չաշխատեց: Ընկերությունն, ի վերջո, ընդառաջ քայլ արեց, բայց ցույցերի ամենաակտիվ մասնակիցներն ազատվեցին աշխատանքից: Նրանք մինչ օրս չեն վերականգնվել իրենց հաստիքներում: Երթի մասնակիցների շարքում նրանցից երկուսին հանդիպեցինք: Նրանք այժմ դատական կարգով են վիճարկում իրենց իրավունքները:

Աշխատանքային իրավունքների իրացման խնդիրներն այսօր նաև Մարդու իրավունքների պաշտպանն է արձանագրել՝ մատնանշելով և՛ պայմանների, և՛ արդար վարձատրության հարցերը: Անահիտ Մանասյանը նաև կարևորում է աշխատաշուկայում կանանց ցածր մասնակցության խնդրի լուծումը, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների ապահովումը: