Ինչո՞ւ է Հայաստանը նախորդից շատ ավելի բարձր տոկոսով պարտք վերցրել

Հայաստանի վերցրած նոր՝ նախորդից շատ ավելի բարձր՝ 7.1 տոկոսով պարտքի վերաբերյալ առաջին մանրամասներն են հայտնի: Այն կազմում է 13 միլիարդ 581 միլիոն դոլար: Մարտին Ֆինանսների նախարարությունը տեղեկացրել էր՝ Հայաստանը 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր է թողարկել: Նախարար Վահե Հովհաննիսյանը միայն հիմա է փակագծեր բացում, թե ովքեր են պարտք տվել:

«Ներդրողների աշխարհագրությունը եղել է հիմնականում Մեծ Բրիտանիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Եվրոպան՝ 14 տոկոս, Մեծ Բրիտանիան՝ 45 տոկոս, ԱՄՆ-ն՝ 34 տոկոս, Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկան՝ 5 տոկոս», - այսօրվա ասուլիսին նշեց նախարարը:

Հայաստանը վերջին անգամ 2021-ին էր եվրապարտատոմսեր թողարկել, շատ ավելի ցածր՝ 3.87 տոկոսով. ինչո՞ւ է նոր պարտքի տոկոսն այսքան բարձր, ըստ գերատեսչության ղեկավարի՝ միջազգային շուկան է փոխվել՝ եվրաբոնդերի դեպքում ուղենիշը ամերիկյան պարտատոմսերն են, որոնց հիման վրա էլ հաշվարկվում են տոկոսադրույքները: Պարզ ասած՝ ԱՄՆ տասը տարի ժամկետով պարտատոմսերի տոկոսին X չափով ավելացում է լինում՝ հաշվի առնելով երկրի վարկանիշը: Այս դեպքում գումարվել է ևս 2.8 տոկոս և ստացվել ընդհանուր 7.1:

Այս ամենը, սակայն, ենթադրում է, որ նախորդ չորս տարիներին չնայած աննախադեպ ֆինանսկան մուտքերին, տնտեսական աճին ու հարկային եկամուտների ավելացմանը՝ Հայաստանի նկատմամբ վստահությունն էապես չի ավելացել՝ միջազգային ներդրողները Հայաստանը գնահատել են այնպես, ինչպես 2021-ին: Ինչո՞ւ այս մասով փոփոխություն չկա, «Ազատությունը» հարցրեց նախարարին:

«Իրականում պատճառներն այդքան գծային չեն, որովհետև, ինչպես ասացի, շուկայում տեղի ունի մի պրոցես, որտեղ մեզ նման երկրների սպրեդները աճել են, այսինքն՝ մյուսներինը աճել են, մերը՝ չէ», - նշեց ֆինանսների նախարարը:

Նախարարն ասաց՝ այս հարցը հուզել է նաև նոր պարտատերերին: Վահե Հովհաննիսյանի կարծիքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է բարելավել Հայաստանի վարկանիշը:

Ադրբեջանը, մինչդեռ, հիմա էլ Հայաստանից շատ ավելի բարձր վարկունակության վարկանիշ ունի, Վրաստանը նույնպես գերազանցում է Հայաստանին:

Ֆինանսների նախարարն այսօր անդրադարձավ նաև մի խումբ փաստաբանների հայտարարությանը, թե ինքը պաշտոն ստանձնելուց հետո անտոկոս փոխառնություն է ստացել, ընկերություն գնել ու հետո էլ իր բաժնեմասերը մորեղբորը վաճառել: Այդ ընկերությունը պետական օժանդակությունից է օգտվել՝ ստանալով 1.8 միլիարդ դրամի մաքսատուրքի արտոնություն:

«Ստանձնեցի այդ պաշտոնը, երբ արդեն պարզ էր, որ ես այլևս այդ գործունեությամբ չեմ կարող զբաղվել, ուղղակի այդ պարտքը և այդ ընկերությունը ես փոխանցեցի երրորդ անձի», - նշեց նախարարը:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.