Արդեն մի քանի օր շարունակվող՝ Հնդկաստանի քաղաքացիների գործադուլի պատճառներն այսօր քննարկելու համար Իջևանի կարի արտադրամաս էր եկել Հայաստանում Հնդկաստանի հյուպատոսը: Մի քանի ժամ շարունակ «Գրանդ տեքստիլ» ընկերությանը պատկանող արտադրամասի տարածքում փակ հանդիպումից հետո հյուպատոսն ու արտադրամասի տնօրենը հեռացան՝ առանց մեկնաբանությունների:
Ավելի քան 200 հնդկաստանցիները օրեր շարունակ բարձրաձայնում էին երեք ամսվա չվճարված աշխատավարձի, իրենց աշխատանքային նվաստացուցիչ պայմանների, անգամ ատրճանակի սպառնալիքների տակ աշխատելու մասին:
Այսօր երկար տևած փակ հանդիպումից հետո տարածքից դուրս եկած հնդիկ աշխատակիցները, որոնց հետ հայերենով ու անգլերենով հնարավոր չէր խոսակցության բռնվել, նշան տվեցին, թե ամեն ինչ նորմալ է:
Դեռ խորհրդային տարիների հանրախանութի տարածքում է գործում «Գրանդ տեքստիլ» ընկերության կարի արտադրամասը, որի աշխատակիցների կեսից ավելին Հնդկաստանի քաղաքացիներ են:
Տարածքից հեռացած տնօրեն Մհեր Միրզոյանը «Ազատության» հարցերին միայն հեռախոսով պատասխանեց: Հերքեց Հնդկաստանի քաղաքացիների բոլոր մեղադրանքները թե՛ աշխատավարձի պարտքի ու թե՛ սպառնալիքների մասին: Ասաց միայն, որ Հնդկաստանի հյուպատոսի հետ երկարատև քննարկման արդյունքում պայմանավորվել են, որ առաջիկայում հնարավորության սահմաններում կբարձրացնեն աշխատավարձը: Շեշտեց, որ տարածքում նրանց հանրակացարան են տրամադրել ու սննդով են ապահովում:
Միայն շատ հեռվից մի կերպ հնարավոր էր տեսնել այն հատվածը, որ տնօրենը կացարան է համարում: Թիթեղյա մի մեծ կառույց էր՝ առանց լուսամուտների: Մի դուռ էր միայն երևում, որտեղից ելումուտ էին անում հնդիկ աշխատակիցները: Ետնամասից միայն մի հատված կար, որ հնարավոր էր մոտենալ արտադրամաս տանող աստիճաններին: Մեր նկարահանման պահին երկու հայ տղամարդիկ մոտեցան, դժգոհ էին ինչ-որ բանից ու խոսում էին աշխատակիցներին պատժելու մասին: Ասացին՝ տարածքը կեղտոտ են պահել:
«Ո՞ւմ եք ուզում պատժել», - «Ազատության» այս հարցին նրանք արձագանքեցին. - «Ոչ մեկին, ասում ենք կեղտոտ ա, բան ա, էդ ենք նայում, ո՞վ ա կեղտոտել»: «Եթե տեսնում եք կեղտոտ է, պատժում ե՞ք», - սրան էլ պատասխանեցին. - «Չէ, ո՞նց կարանք պատժենք»:
Չնայած հնդիկների հրապարակային պահանջներին, նրանց հետ աշխատող հայերը «Ազատության» հարցերին ի պատասխան նշում էին, թե իրենք գոհ են պայմաններից: Իսկ թե ինչից են դժգոհ հնդիկները, կանայք ասացին. - «Իրանց հարցրեք, մենք չգիտենք, մենք հնդկերեն չենք հասկանում»:
Մինչդեռ նույն շենքում գործող մեկ այլ կարի արտադրամասի աշխատակիցները հակառակն էին ասում: Իրենց կցկտուր ու զգուշավոր պատասխաններով նշում էին, թե հիմնականում «Գրանդ տեքստիլ»-ից են տեղափոխվել: Ընդ որում ոչ այնքան աշխատավարձից, որքան աշխատանքային պայմաններից են դժգոհ եղել: Չասացին, թե հատկապես ինչից:
Այսօր Հնդկաստանի քաղաքացիների պահանջների քննարկման ողջ ընթացքում նրանք տարածքից չկարողացան դուրս գալ: Ընթացքում ոստիկաններ մտան, անգամ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև Աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներ: Վերջիններս ասացին՝ վարչական վարույթ են հարուցել, ստուգումների են եկել. - «Էդ վարույթը շատ հոդվածներ կան, կնայենք կտեսնենք, առայժմ չենք կարող ասել», - լրագրողների հարցերին ի պատասխան նշեցին նրանք:
«Գրանդ տեքստիլ» ընկերության սեփականատերը 2024 թվականից ազգությամբ ռուս Տիմուր Օսիպովն է: Հենց այդ թվականից էլ սկսել է այստեղ գործել կարի արտադրամասը, ու հնդիկ աշխատակիցների ներհոսք է սկսվել: