Հրմշտոց, փոխադարձ կոշտ մեղադրանքներ Ազգային ժողովում

Հայհոյանք, քաշքշուկ, բղավոցներ ու փոխադարձ կոշտ մեղադրանքներ Ազգային ժողովում. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հայաստան» խմբակցությունների՝ Մարտի 1-ի իրական մեղավորների փնտրտուքի, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, Արցախը հանձնելու ու ապօրինի գույք ունենալու փոխադարձ մեղադրանքներն այսօր հրմշտոցի պատճառ դարձան:

Ամբողջ քառօրյայի ընթացքում ընդդիմություն-իշխանություն խայթոցների պակաս չզգացվեց: Այսօր էլ իշխող ուժի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը թվարկեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ունեցվածքը, որը Դատախազությունը որպես ապօրինի գույք վիճարկում է: Ջուլհակյանը հորդորեց կոռուպցիայի մասին հարցերը հղել Ռոբերտ Քոչարյանի պատգամավոր որդուն՝ Լևոն Քոչարյանին: Երեկ ընդդիմադիրները տարբեր օրինակներով գործող իշխանություններին վերագրվող կոռուպցիոն դրվագների մասին էին հարցեր տալիս:

«Ձեր խոսքերն արժանահավատ չեն, գուցե փոքր-ինչ արժանահավատ կլինեն, եթե մեկ անգամ պտտվեիք, այս հատվածի վերջին շարքում նստող մեր հարգարժան գործընկերոջը՝ սիրելի առաջնորդի որդուն ասեիք՝ Փոքրիկ իշխան, սովորեցրու ինձ 22 տարեկանում 1 մլրդ 74 մլն դրամ արժողությամբ ապահովագրական խոշոր բիզնեսի վերահսկող բաժնեմասի ձեռքբերող դառնալու արվեստը», - նշեց Ջուլհակյանը:

Լևոն Քոչարյանն արձագանքեց ու հայտարարեց, թե իրենց ընտանիքին պատկանող ամեն լուման հիմնավորված է: Ընդդիմադիր պատգամավորն իր ելույթում հիշեցրեց անցած շաբաթ վարչապետի մասնակցությամբ միջադեպը:

«Եթե նկատել եք, օրինակ, արդեն նա այդքան ջղաձգումների մեջ չի հայտնվում, երբ նրան անվանում են թուրք կամ դավաճան: Իմ ընդդիմադիր գործընկերներին նայելով՝ ասում է՝ համբալներ, հաջորդ օրը գնաց Մոսկվա, նայե՞լ եք տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ, կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջն ասում է՝ «դուրս կշպրտեմ դահլիճից», Ալեն Սիմոնյանը թող ուշադիր լինի, երբ իրան դուրս շպրտեմ էնտեղից, բարձր է նստած, շատ ցավոտ է լինելու», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Պատգամավոր Քոչարյանը նախագահների հետ բանավիճելու Փաշինյանի հրավերից էլ խոսեց ու պարզաբանեց, թե ինչու է հայրը մերժում այն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ստախոս», «բանակցային գործընթացը ձախողած կառավարիչ». նախկին նախագահները մերժեցին Փաշինյանին

«Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ խելքը գլխին մարդը չի գալու, չի բանավիճելու ու դրանով ուզում է ցույց տալ, որ՝ «տեսեք, եթե չեն գալիս, ուրեմն ես ճիշտ եմ»։ Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ հայրս, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել պետք է գա և բանավիճի նրա շուրջ, թե 2023-ին Արցախն ով է հանձնել։ Կամ լուրջ մտածո՞ւմ եք, որ 30 տարի բոլորը բանակցել են Արցախը տալու հետ կապված, բայց միայն հանճարեղ Նիկոլ Փաշինյանի՞ն է դա հաջողվել։ Արցախը տալու համար ընդամենը պետք էր անել այն, ինչ դուք արել եք՝ ճանաչել Ադրբեջանի կազմում»։

Չռլեց Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ու դարձյալ Ռոբերտ Քոչարյանին ու ընտանիքին հիշեց. - «Ասեմ, թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին: Մարդիկ ասում են՝ հայրը թուրք է, բայց մենք երբեք այստեղից նման բան չենք ասում: Անունն էլ են ասում: Ասում են՝ անհայրենիք դավաճան են, Արցախը լքել են: Պատերազմական վիճակում Արցախը թողել են, ընտանիքով թողել գնացել են»:

Հանգիստ նստելու հորդորներին ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը չենթարկվեց, սկսվեց հրմշտոց ու բղավոցները, իրավիճակն այնքան թեժացավ, որ Լևոն Քոչարյանը սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց իր պապին թուրք ասողիներին:

Բանը նախորդ անգամվա նման ձեռնամարտին չհասավ, փոխարենը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը ներկա չէր միջադեպին, ավելի ուշ կրկին հիշեցրեց Քոչարյանի ընտանիքի ունեցվածքը, անդրադարձավ քաշքշոցին ու որակումները տվեց: Իշխանականներից Արսեն Թորոսյանն ավելի հեռու գնաց ու Լևոն Քոչարյանի հայհոյանքին Ազգային ժողովի բարձր ամբիոնից հայհոյանքով պատասխանեց:

Իշխանության հողը ոտքերի տակից գնում, իրանք դա քաջ գիտակցում են. ընդդիմադիր Գեղամ Մանուկյանի գնահատականն է իշխանության հայտարարություններին. - «Մենք ենք, չէ՞, էս երկրում ապրում, մենք ենք հողի վրա ապրում, ամեն քայլափոխի, որ իրենց հայհոյանք են տալիս, ոչ թե քննադատում են, ոչ թե դատապարտում են, այլ հասել է ատելության, որ չենք ուզում Նիկոլ Փաշինյան անունը լսել»:

Միջադեպից հետո ընդդիմադիրները լքել էին նիստերի դահլիճը, իշխանության մյուս ներկայացուցիչների ելույթներն էլ նույն ոգով էին: