Հռոմի պապը Գազայում Իսրայելի ռազմական գործողությունները ցեղասպանություն չի որակում։ Լևոն 14-րդը իր մասին պատմող կենսագրական գրքի համար այս ամռանը հարցազրույց է տվել, որը միայն հիմա է հրապարկվել։ Հռոմի պապն ասել է՝ մեծ մտահոգություն ունի Գազայում տիրող իրավիճակի կապակցությամբ, սակայն հավելել է՝ չի կարող որևէ հայտարարություն անել ցեղասպանության մասին:
«Ցեղասպանություն բառը էլ ավելի հաճախ է օգտագործվում, Սուրբ աթոռը չի գտնում, թե մենք այժմ կարող ենք այդ մասին հայտարարություն անել», - ասել է Հռոմի պապը։
Երեկ նա դատապարտել էր Գազայում պաղեստինցիների «անընդունելի» պայմաններն ու համերաշխություն հայտնել բնակչությանը՝ հրադադարի կոչ անելով։
ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողովի օրերս հրապարակած զեկույցը պնդում է՝ 2023-ին «Համաս»-ի հարձակումից հետո Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացրել: 72 էջանոց զեկույցում ասվում է, որ «ցեղասպան գործողությունները» կատարվել են Իսրայելի վարչապետի, նախագահի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի հրահրմամբ:
Իսրայելը զեկույցը «կեղծ» է անվանել՝ պնդելով, թե այն հիմնված է «Համաս»-ի տվյալների վրա: ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանն էլ հայտարարել է, որ դրա հեղինակները հայտնի են իրենց հակասեմական հայացքներով: Ռազմական գործողությունների հետևանքով Գազայում ավելի քան 64 հազար մարդ է սպանվել։