Նախօրեին հորդառատ տեղումներից հետո Երևանում դարձյալ գետեր էին հոսում. այս անգամ նույնիսկ փրկարարների կարիքը զգացվեց։ Տարբեր վարչական շրջաններից ահազանգեր էին ստացել, որ ջրի տակ մեքենաներ են մնացել։
Համատեղ ջանքերով մեքենաները դուրս բերվեցին, տուժածներ չկան, սոցցանցերն էլ հեղեղվեցին Վենետիկի հետ արդեն սովորական դարձած համեմատականներով:
Հորդառատ տեղումների ժամանակ վերջին շրջանում կրկնվող իրավիճակի համար երևանցիները քաղաքային իշխանություններին են մեղադրում:
Առատ անձրևներին ու քաղաքացիների դժգոհություններին անդրադառնալու հնարավորություն վերջերս անձամբ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ունեցավ՝ պատասխանը կարճ էր՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բավարար գործիքներ չունեն:
«Երևանի քաղաքապետարանը կլիմայական փոփոխությունների դեմ իր լիազորությունների շրջանակում մեծ գործիքակազմ չունի, ես ուզում եմ բոլորին տեղեկացնել՝ անձրևների քանակը Երևան քաղաքում ավելանում է և գնալով ավելանալու է, և դա ընդհանուր պայմանավորված է աշխարհում կլիմայով փոփոխությամբ», - ասել էր քաղաքապետը:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.