Իրանը դատապարտում է բանակցություններին ընդառաջ նոր պատժամիջոցների ԱՄՆ որոշումը

Իրանը դատապարտում է բանակցություններին ընդառաջ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ որոշումը։
Միացյալ Նահանգները չորեքշաբթի օրը հայտարարեց, որ պատժամիջոցներ է սահմանում իրանական նավթի վաճառքով զբաղվող յոթ ընկերությունների նկատմամբ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պնդել է՝ Իրանը նավթից եկամուտներն օգտագործում է «իր ապակայունացնող և ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելու համար»։

Պատժամիջոցների մասին պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց Հռոմում շաբաթ օրը նախատեսված Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլին ընդառաջ։ Այդ քննարկումներում Թեհրանը փորձում է հասնել պատժամիջոցների մեղմանն իր միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է՝ ԱՄՆ-ն շարունակում է «տնտեսական ահաբեկչությունը», ինչը «ամերիկյան կողմի որոշում կայացնողների հակասական մոտեցման և դիվանագիտության ուղին առաջ մղելու նրանց բարի կամքի ու լրջության բացակայության հստակ ապացույցն է»։

Հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերադարձել է Իրանի դեմ «առավելագույն ճնշման» իր քաղաքականությանը՝ միաժամանակ կոչ անելով նաև երկխոսություն սկսել։