«Ազատության» ուղիղ հեռարձակումը՝ ստորև.
18:36
Քննչական դիմացից մի խումբ անձինք քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։
«Ազատության տեղեկություններով խոսքը արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթի մասին, որը ՔԿ-ն ժամեր առաջ հարուցեց այն պատճառաբանությամբ, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի կարողացել գնալ Քննչական կոմիտե՝ հարցաքննության:
17:51
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քիչ առաջ ժամանեց Քննչական կոմիտե և իրավապահների ուղեկցությամբ մտավ ներս: Ողջ Քննչական կոմիտեն շրջափակված է ոստիկաններով, Կոմիտե տանող փողոցը փակ է:
17:43
Մի խումբ քաղաքացիներ ոտքով Էջմիածնից շարժվում էին Երևան արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից: Էմիածնից դուրս գալուց հետո ոստիկանները մի քանիսին բերման ենթարկեց՝ հորդորներից հետո, որ ազատեն ճանապարհի երթևեկելի հատվածը:
17:25
«Դադարեցնել ձերբակալությունների արշավն ու հանդարտամտորեն մոտենալ հակաօրինական համարվող հարցերին», - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը դատապարտել է իրավապահ մարմինների մուտքը Սուրբ Էջմիածին: Արամ առաջինը սրբավայրերը «երկյուղած մոտեցմամբ» հարգելու կոչ է արել:
Անթիլիասից տարածված հաղորդագրությունում Կիլիկիո կաթողիկոսը կոչ է անում դադարեցնել բոլոր հրապարակային մեղադրանքները՝ որպես բարդ իրավիճակի հանգուցալուծման առաջին քայլ:
Արամ առաջինը նշել է, որ շարունակելու է իր քննարկումները կուսակցությունների ու Հայաստանի իշխանության հետ, որպեսզի կանխվեն նոր բարդությունները և հարցերի լուծման ուղիներ որոնեն փոխըմբռնման ու հարգանքի մթնոլորտում:
17:17
«Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում։ Տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում իրենք իրենց մեջ անցան բռնունցքների», -իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծված իրավիճակին։
«Բախումներ չեն լինելու։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը քրիստոնեաբար ազատելու է և Վեհարանը հանձնելու է Վեհի», - նշել է նա։
16:25
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գնում է երևան՝ Քննչական կոմիտե: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոտ հավաքվածները ևս հետևեցին նրան:
Արքեպիսկոպոսը երթը սկսեց ոտքով, ապա որոշ ժամանակ անց նստեց մեքենա՝ ճանապարհը շարունակելու համար:
Մինչև այդ քաղաքացիները թույլ չէին տալիս, որպեսզի նա մեքենայով գնա Քննչական կոմիտե:
15:57
«Համայն հայության հոգևոր կենտրոնում իրավապահների կողմից դրսևորված պահվածքը, ուժի կիրառումը քաղաքացիների հանդեպ դատապարտելի է և անընդունելի», - ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրությունում։
«Հունիսի 27-ի առավոտյան ՀՀ իրավապահ մարմինների ուժեր, մուտք գործելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհարանի տարածք, փորձել են ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով Մայր Աթոռ էր ժամանել քահանայից տարեկան ժողովի առիթով իբրև հավաքի համակարգող։ Չնայած այն հանգամանքին, որ Միքայել Սրբազանը պատրաստակամություն էր հայտնել մեկնել Քննչական կոմիտե և փորձում էր իրավապահ մարմնի ներկայացուցիչների հետ նստել մեքենա, քաղաքացիները և ներկա հոգևորականները բողոքի ձայն բարձրացրեցին՝ տեսնելով դիմակավորված ԱԱԾ և ոստիկանության ծառայողների մեծ հոսքը», - ասված է հաղորդագրությունում:
Միքայել Սրբազանը, ըստ Մայր Աթոռի հայտարարության, «հակառակ որ պատշաճ կարգով չի ծանուցվել, կայացրել է որոշում և չխուսափելով ներկայացված պահանջից կմեկնի Երևան` ներկայանալու Քննչական կոմիտե»։
Մայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը և շարունակել իրենց սատարումը օրինական բոլոր միջոցներով։
1548
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքված քաղաքացիները շրջափակելով մեքենան, որով արքեպիսկոպոսը փորձում էր հեռանալ, չթույլատրեցին Միքայել Աջապահյանին գնալ Քննչական կոմիտե:
15:44
«Ես որևիցե բանից չեմ վախենում, մեղադրանքը բացարձակ շինծու է»
«Ես որևիցե բանից չեմ վախենում, մեղադրանքը բացարձակ շինծու է, ապօրինի: Ես երբեք չեմ թաքնվել, չեմ թաքնվում: Ասածներիցս չեմ հրաժարվում, ասել եմ, լավ եմ արել», - հայտարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Միակ խնդրանքս է, որ թողնեք, որպեսզի ես նստեմ մեքենան ու մեր սիրելի փաստաբանի հետ գնամ Քննչական կոմիտե ներկայանալու», - ասաց նա
15:34
Միքայել սրբազանը և փաստաբանական խումբը հիմա ինքնակամ գնում է Քննչական կոմիտե, հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը:
Ներկայացնելով իրավիճակը՝ փաստաբանը նշեց՝. - «Այսօր նախատեսված էր քահանաների ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և համակարգողը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էր, դա նախատեսված էր ավելի քան մեկ ամիս առաջ, ու այսօր ԱԱԾ աշխատակիցները, ներկայանալով ու տեղեկացնելով, որ ձերբակալման որոշում է կայացվել, այսինքն, Քննչական կոմիտե պետք է ներկայացնենք արբ ազանին»:
Զոհրաբյանն ասաց, որ իրավապահներին առաջարկվել է, որ Միքայել Աջապահյանը Քննչական կոմիտե ներկայանա ժողովի ավարտից հետո, սակայն ԱԱԾ ներկայացուցիչները չեն համաձայնվել:
«Միքայել սրբազանը համաձայնել է ներկայանալ Քննչական կոմիտե նույնիսկ այդ անհամաձայնության դեպքում, սակայն հոգևորականներին, երբ որ պարզաբանումներ է տվել այդ ժամանակ նաև ԱԱԾ և ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել այստեղ: Այդ մեծ հոսքն ու սրբազանին այդ եղանակով այստեղից ձերբակալելու այդ գործողությունն առաջացրել է ինչպես հոգևորականների ինչպես հոգևորականների վրդովմունքն, այնպես էլ ներկա քաղաքացիների», - ասաց փաստաբանը:
15:02
ՄԻՊ-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանրային համերաշխության տեսանկյունից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարում։
«Պետական իշխանությունը բացառիկ կարևորություն ունի հասարակական կյանքը կանոնակարգելու հարցում։ Միևնույն ժամանակ, Հայ Առաքելական Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի բազմաթիվ քաղաքացիների խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացման տեսանկյունից», - ասված է ՄԻՊ հաղորդագրությունում։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ թե՛ հասարակական կարգի պահպանումը, թե՛ կրոնական ազատությունների երաշխավորումը հնարավոր են բացառապես հանրային համերաշխության առկայության պայմաններում։ Պաշտպանը կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, առաջ եկած խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի, իրավունքի գերակայության արժեքների պահպանմամբ՝ հանրային համերաշխության և հանդուրժողականության առանցքային բնույթը նկատի ունենալով։
14:59
Նկատի ունենալով, որ մի խումբ անձանց կողմից խոչընդոտվել է իրավապահ մարմինների օրինական գործունեությունը, ուստի այդ փաստով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն:
14:41
Հայաստանի ԱԱԾ-ն և ոստիկանությունը որոշել են դուրս գալ Մայր Աթոռի տարածքից
Հայաստան ԱԱԾ-ն և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից:
«Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից», - ասված է ԱԱԾ հայտարարությունում։
ԱԱԾ-ը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը:
14:28
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանն ասաց, որ սրբազանը պատրաստ է եղել ներկայանալ, բայց մինչ օրս իրավապահ մարմինները որևէ կոնտակտ չեն ունեցել՝ ո՛չ զանգով, ո՛չ ծանուցագրով չեն հրավիրել հարցաքննության:
«Այսօր առավոտյան երբ սրբազանը գտնվում էր Մայր Աթոռում տեղեկություն եկավ, որ իրավապահներն ե հարցնում, սակայն սրբազանը ծանրաբեռնված էր իր պարտականություններով: Դրանից հետո տեղի է ունեցել այն, ինչին դուք ականատես եք եղել: Այսինքն՝ որևէ առիթով իրավապահները չեն փորձել որևէ պարզաբանում ստանալ կամ կապ հաստատել հարցաքննության կամ այլ գործողությունների ցանկություն չեն հայտնել», - նշեց փաստաբանը:
14:07
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի շուրջ զարգացած իրավական գործընթացների հետ կապված Գյումրու ավագանու «Մեր քաղաքը», «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Իմ հզոր համայնք», «Մայր Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը։ Կատարվածը որակվում է մտահոգիչ և անթույլատրելի
13:45
«Միքայել Սրբազանը մոտեցավ ավտոմեքենային, ժողովուրդը նրան թույլ չտվեց նստել ավտոմեքենա: Երկրորդ անգամ ևս փորձը արվեց, նորից մենք չկարողացանք: Այնպես որ, որևէ մեկը չի պահմտնում, փախուստ չի տալիս չիրագործած հանցագործությունից»,- քիչ առաջ Մայր Աթոռի մոտ հայտարարեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ չպատասխանելով հարցերի:
13:40
Ազգային անվտանգության ծառայությունը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ է անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող ԱԱԾ օպերատիվ խմբին։
«2025թ. հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին», - ասված է ԱԱԾ հայտարարության մեջ:
13:35
Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Երևանից Էջմիածին քաղաք տանող մուտքի մոտ: Նրանք առանձին մեքենաներ են կանգնեցնում, բեռնախցիկներն են ստուգում, այնուհետև թույլատրում երթը:
13:20
Հավաքվածները պատրաստվում են շրջափակել Վեհարանի բոլոր մուտքերը, որպեսզի թույլ չտան իրավապահներին տանել Աջապահյանին: Նրանք այս պահին աղոթք են հնչեցնում:
13:00
Մայր տաճարի զանգերը անդադար ղողանջում են:
Հոգևորականներից մեկն «Ազատությանն» ասաց՝ սա օգնության կանչ է:
12:35
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դարպասների մոտ ևս մեկ բախում ու հրմշտոց գրանցվեց, քաղաքացիները շարունակում են թույլ չտալ իրավապահներին այստեղից տանել Շիրակի թեմի հոգևոր առաջնորդին:
12:28
Միքայել Աջապահյանը Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ միասին վերադարձավ Վեհարան:
Իրավիճակը տարածքում շարունակում է լարված մնալ: Ուժայիններին են միացել նաև կարմիրբերետավորները:
12:10
Իրավիճակը Մայր Աթոռում կրկին լարվեց. հավաքվածները փորձում են թույլ չտալ, որ իրավապահները Աջապահյանին տանեն Էջմիածնից:
11:57
Ամենայն Հայոց կաթողիկոսը հայտարարեց, որ Միքայել սրբազանի հետ գնալու է իրենց փաստաբանը, իսկ մյուսները այսօր վեհարանում քննարկում են անելու:
«Այնտեղ կհամախմբվենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումները կանենք մեր հետագա գործողությունների համար։ Մենք բոլորս ամեն ջանք ենք ներդնելու, որ արդարությունը գործի», - ասաց Գարեգին Բ-ն:
11:50
«Ինչ կատարվում է, բացարձակ ապօրինություն է, բայց ես երբեք չեմ թաքնվել և հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվելու։ Չեմ ուզում իմ եղբայրների թիկունքում թաքնված լինելու տպավորություն ստեղծել: Եկել են իմ հետևից, ես կգնամ: Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած»,- Մայր Աթոռում հայտարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նա ասաց, որ հոգևորականները կհետևեն իրեն:
11:40
Իրավիճակը Մայր Աթոռում լարված է: Վեհարանի մոտ քաշքշուկ սկսվեց տեղում հավաքված հոգևորականների և ուժայինների միջև:
ԱԱԾ աշխատակիցներն այս պահին վեհարանում են:
11:27
Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան գրառման մեջ շեշտել է, որ «Հայաստանի ողջ հոգևոր դասը պատրաստ է կալանավորվելու»:
«Բոլորս Մայր Աթոռում ենք: Եկել են Մայր Աթոռ. Սուրբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ մեր դիակը», - գրել է նա:
Քիչ առաջ այստեղ են ժամանել ԱԱԾ աշխատակիցները:
11:17
Հոգևորականները Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ արեցին դուրս չգալ Մայր Աթոռից։
«Թող գան, բոլորիս տանեն»,- ասացին նրանք։
11:05
Քննչական գործողությունների Շիրակի առաջնորդարանում ավարտվեցին, քննիչները առգրավված նյութերով հեռացան:
11:00
Փաստաբան Արա Զոհրաբյանը քիչ առաջ Մայր Աթոռում հավաքվածներին, այդ թվում՝ Շիրակի թեմի առաջնորդին ներկայացրեց նրա նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի մանրամասները. «Ներկայացվում է ՔԿ քննիչի որոշում, որի համաձայն պետք է Միքայել սրբազանին ձերբակալեն՝ կալանավորման ներկայացնելու նպատակով: Այս քրեական գործը հարուցվել է ՆԳՆ ոստիկանության վարչության կողմից ստացված հաղորդման հիման վրա հունիսի 17-ին, առիթը նշված է 2024թ. փետրվարի 3-ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել սրբազանի խոսքերին»:
Նշենք, որ այստեղ է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը:
10:56
Միքայել սրբազանն այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է, որտեղ հավաքված են նաև բազմաթիվ հոգևորականներ:
10:47
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արսեն Ոսկանյանը պնդեց, որ դատարանի որոշում կա՝ խուզարկություն ու քննչական գործողություններ իրականացնելու համար: Չնայած Արտաշես սարկավագ Աջապահյանը պնդեց, որ ներսում աշխատակիցներից և հոգևորականներից ոչ ոք չկա, բայց Արսեն Ոսկանյանը հակառակի մասին հայտնեց:
10:45
Փաստաբան Թամարա Յայլոյանն ահազանգում է, որ ԱԱԾ -ն, այսօր «խախտելով ՀՀ քրեական դատավարության կանոնները», իրեն թույլ չի տվել ներկա գտնվել Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի ունեցող խուզարկությանը, չնայած նրան, որ ինքը տեղեկացրել է՝ սրբազանի պաշտպանն է:
10:20
Արտաշես սարկավագ Աջապահյանը ուղիղ եթերում պնդեց, որ Ոստիկանությունը Էջմիածին՝ վեհարան է գնացել Միքայել սրբազանի հետևից:
10:15
Ոստիկանությունը բերման ենթարկեց ներկաներից Մհեր Խաչատրյանին: Նրան հորդորում էին անցնել փողոցի մյուս մայթ, իրավիճակը լարվեց:
09:29
Իրավապահներն այս պահին Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացնում: Դուռը փակ է, դրսից ոստիկաններ են հսկում:
Միքայել սրբազանը, ինչպես «Ազատությանը» փոխանցեց քահանաներից մեկը, առաջնորդարանում չէ: Այստեղ ժամանած փաստաբան Թամարա Յայլոյանին, առաջնորդարանի աշխատակիցներին չթողեցին շենք մտնել:
Առաջնորդարանի մոտ նաև գյումրեցիներ են հավաքվել:
Գլխավոր դատախազությունը երեկ տեղեկացրեց՝ մեկ շաբաթ առաջ քրեական վարույթ են նախաձեռնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ հեղաշրջում անելու կոչի համար: Դատախազությունն այլ տեղեկություն չի տրամադրել, նաև չեն հստակեցրել, թե կոնկրետ որ հայտարարությունն են հիմք վերցրել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել