Իշխանությունը մտադիր է 6 ամսով կրճատել պարտադիր զինվորական ծառայությունը։ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի ընդունվելու դեպքում երկու տարվա փոխարեն մեկուկես տարվա պարտադիր ծառայություն կանցնեն զինվորները: Ռազմական գերատեսչությունը հիմնավորում է, թե պայմանագրային զինծառողների թիվն է աճել, և թվարկում՝ ինչ գրավիչ քայլեր են արել ու անում պայմանագրային զինվորական ծառայությունն ընդլայնելու համար։
«Այդ կապակցությամբ՝ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն», - գրված է նախագծում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՊՆ-ը առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով«Այն հիմնավորումները՝ չակերտավոր, որ դրված են այս նախագծի հիմքում, որևէ կապ չունեն իրականության հետ», - հայտարարեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը:
Ընդդիմադիր պատգամավորը հակադարձում է՝ ուսումնասիրությունները ճիշտ հակառակի մասին են խոսում: Նախ, նրա պնդմամբ, պարտադիր և պայմանագրային ծառայությունը մեկը մյուսով չի կոմպենսացվում, հետո՝ հարցեր են առաջանում՝ եթե զինծառայողների թվի խնդիր չկա, ինչո՞ւ են մարտական հերթապահությունն այսօր իրականացնում վարժական հավաքի մասնակիցներն ու 60-ն անց երկրապահները:
«Իրավիճակը արդեն իսկ խոսում է մարտական հերթապահության և մարտական այլ խնդիրների լուծման համատեքստում Զինված ուժերում համալրվածության բավականին մեծ խնդիրների մասին», - ասաց Աբրահամյանը՝ շարունակելով. - «Ի դեպ, մի քանի ամիս առաջ պաշտպանությանը վերաբերող տարբեր քննարկումների, հրապարակային քննարկումների ժամանակ էլ և՛ Պաշտպանության նախարարության, և՛ նաև իշխող ուժը ներկայացնող պատգամավորների կողմից նաև հստակ հնչել է համալրվածության հետ կապված լուրջ խնդիրների մասին»:
Ուշագրավ է, որ բանակում զինվորների համալրման խնդրի մասին տևական ժամանակ խոսում է իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որ բազմիցս նախաձեռնություններով է հանդես եկել՝ գումարի դիմաց քիչ ծառայելու օգտին։
«Վերջին առնվազն 15 տարիների ընթացքում ամեն տարի ունեցել ենք ավելի քիչ թվով զորակոչիկներ, ժամկետային զինծառայողներ, քան նախորդ տարի, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս», - հայտարարում էր Սարգսյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՔՊ-ն դեմ քվեարկեց Հայկ Սարգսյանի՝ բանակին առնչվող նախագծինՀայկ Սարգսյանի տպավորությամբ՝ ՔՊ-ականները կողմ են գումարով բանակից վաղաժամկետ ազատվելու օրինագծինՓողով բանակից վաղաժամկետ ազատվելու օրինագիծը ԱԺ հանձնաժողովի բացասական եզրակացությունն ստացավ«Ինչ-որ մեկը եթե ասում է, որ երկու-երեք ամսվա ընթացքում, մեկ տարվա ընթացքում շեշտակի փոփոխություն է եղել, որ մենք, մի կողմից, ծանր համալրվածության հետ կապված խնդիրներն ենք լուծել և ստեղծել ենք հնարավորություն՝ ըստ էության գնալու բանակի կրճատմանը, անձնակազմի կրճատմանը, դա որևէ ձևի պարզապես տրամաբանական չէ», - այսօր ընդգծեց Տիգրան Աբրահամյանը:
Տասն ամիս առաջ էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանի ամբիոնից ակնարկում, որ զինծառայության ժամկետի կրճատման կարող են գնալ, բայց պետք է հաշվի առնել երկրի իրավիճակը:
«Կխնդրեմ սրան վերաբերվել երկրի անվտանգության շրջանակներում», - հայտարարում էր նախարարը:
Թե որ շրջանակներում գործադիրը օրենսդրի հետ այս նախագիծը հանրայնացնելուց առաջ չի քննարկել, չգիտի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որին էլ տասն ամիս առաջ նույն հարցի շուրջ պատասխանում էր Պապիկյանը։ Թեև գաղափարապես դեմ չէ, որ պարտադիր ծառայությունը կրճատվի, այդուհանդերձ, Մանուկյանը դրա հիմքերն այս պահին չի տեսնում։
«Այս Կառավարությունը անցնող տարիներին որևէ քայլ, գործնական քայլ՝ մեր Զինված ուժերը պրոֆեսիոնալ բանակի վերածելու, չեն իրականացրել», - «Ազատության» հետ զրույցում ասաց դաշնակցական պատգամավորը:
Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով՝ իշխանական վերնախավը շատ լավ գիտակցում է այդ բոլոր խնդիրները։ Իսկ թե ինչու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից ինն ամիս առաջ գնում այս փոփոխություններին, ասում են՝ պարզից էլ պարզ է:
«Բոլորիս համար էլ պարզ է, որ ինքը շատ լավ մշակված նախընտրական քայլ է», - ասաց Գեղամ Մանուկյանը:
«Ակնհայտորեն նախընտրական տրյուկ է», - իր հերթին, պնդեց Տիգրան Աբրահամյանը:
«Դե չի կարող քարոզչական հնարք լինել, որովհետև դրա հիմքում դնել քարոզչական բանը և չնկատել և չմտածել հենց բանակի մասին, ինչպես նաև երկրի անվտանգության մասին՝ դա անհնար բան ա: Իհարկե ոչ», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահը:
Ալեն Սիմոնյանը պնդեց՝ նախագիծն արդարացված է, խնդրեց սպասել քննարկումներին։
«Այլ որակի, այլ մակարդակի բանակի և այլ տեսակի բանակի մասին ենք մենք հիմա խոսում», - վստահեցրեց խորհրդարանի խոսնակը:
Այդուհանդերձ, ընդդիմությունը կոշտ է իր ձևակերպումներում, պնդում են՝ իշխանությունը իր վերարտադրությունը գերակա է համարում երկրի անվտանգությունից, ավելին՝ առաջարկվող փոփոխություններով շահում են ոչ միայն հայերի, այլ նաև ադրբեջանցիների սրտերը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահը սրա մասին մի քանի անգամ նաև հրապարակային է խոսել, ըստ էության՝ նաև կա պահանջ Հայաստանի Զինված ուժերը կրճատելու կամ ապառազմականացնելու, և Հայաստանի իշխանությունները այս պարագայում սրանով նաև այս քայլն են լուծում», - ասաց Տիգրան Աբրահամյանը:
«Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանի էդ կեղծ թեզը՝ բա «տեսեք, խաղաղություն, խաղաղություն», փորձում են սրա մեջ նաև, այս սղոցի մեջ տեղավորել», - նշեց Գեղամ Մանուկյանը:
«Այս իշխանության համար գլխավորը ոչ թե երկրի և մեր քաղաքացիների անվտանգության ապահովումն է, այլ՝ ցանկացած պայմանով Ադրբեջանի հետ կեղծ խաղաղության հաստատումն է», - պնդեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:
Մինչև սեպտեմբերի 26-ը հանրային քննարկումը կշարունակվի։ Այս պահին արդեն e-draft.am հարթակում քվեարկողների 81 տոկոսը կողմ է իշխանության՝ պարտադիր ծառայությունը կես տարով կրճատելու առաջարկին։