Կառավարությունը երկու ամսով երկարաձգում է արցախցիների սոցիալական աջակցության ծրագիրը

Կառավարությունը երկու ամսով երկարաձգում է արցախցիների սոցիալական աջակցության՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 40 հազարական դրամ տրամադրելու ծրագիրը, որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստին:

Նշվում է, որ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ:

Անցած տարեվերջին կառավարությունը որոշել էր այս ապրիլից սահմանափակել բնակվարձի փոխհատուցման ծրագրից օգտվող արցախցիների շրջանակը ու կրճատել աջակցության չափը: Եթե մինչև այս տարվա ապրիլ բոլորը, որ բռնի տեղահանվածի կարգավիճակ ունեին, ստանում էին 50 հազարական դրամ, և օրինակ՝ 4-5 հոգանոց ընտանիքն գոյացած գումարով կարող էր բնակարան վարձել, ապա ապրիլից արդեն աջակցությունը միայն անչափահասները, ուսանողները, թոշակառուները, կերակրողին կորցրածները և 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները պետք է ստանային և ոչ թե 50 հազար, այլ 40, իսկ հուլիսից արդեն 30 հազար դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պարզաբանել էին՝ բնակվարձի աջակցման ծրագիրը ժամանակավոր էր և կրճատվելու էր, իսկ ծրագրի նպատակն արցախցիներին դեպի ավելի երկարաժամկետ՝ բնակարանային ապահովման ծրագիր ուղղորդելն էր:

Այս որոշումն արցախցիների շրջանում մեծ դժգոհության ալիք էր բարձրացրել։ Նախարարությունից էլ ասել էին, թե զուգահեռաբար նաև նոր ծրագիր կներդնեն սոցիալապես անապահովների համար, որով կկարողանան աջակցություն ստանալ այն անապահովները, որ դուրս են մնացել բնակվարձի աջակցման ծրագրից՝ դրանով առաջարկելով 40 հազար դրամ աջակցություն տալ անապահով ընտանիքի միայն մեկ անդամին, իսկ մյուսներին՝ 10 հազարական։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից բռնի տեղահանված մոտ 3 հազար ընտանիք «նոր լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն» կստանա