Կարող է «հարատև խաղաղություն բերել Մերձավոր Արևելքում». Թրամփը՝ Գազայի հարցով իր ծրագրի մասին

Սպիտակ տունը հրապարակեց Գազայի հակամարտության կարգավորման 20 կետից բաղկացած փաստաթուղթ, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, նախատեսում է պատանդների վերադարձ, Իսրայելի փուլային հեռացում Գազայից, «Համաս»-ի զինաթափում և միջազգային մարմնի գլխավորությամբ անցումային կառավարության ստեղծում:

Ներկայացնելով իր այս պլանը ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե քաղաքակրթության պատմության հզորագույն իրադարձություններից մեկն է տեղի ունենում, օր, որը կարող է «հարատև խաղաղություն բերել Մերձավոր Արևելքում»:

Ինչ է նախատեսում Թրամփի ծրագիրը

Այս ծրագրով մասնավորապես նախատեսվում է ձևավորել Խաղաղության խորհուրդ՝ միջազգային վերահսկող մարմին, որը կղեկավարի ոչ այլ ոք քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարն ասում է՝ շատերն են իրեն խնդրել և որոշել է ընդառաջել. «Արաբական աշխարհի, Իսրայելի առաջնորդները և բոլոր շահագրգիռ կողմերը խնդրեցին ինձ, ուստի այն կգլխավորի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ անունով հայտնի մի ջենթելմեն»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նոր Գազա». Սպիտակ տունը հրապարակել է հակամարտության կարգավորման ծրագիրը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Սպիտակ տան ղեկավարը երեկ խոստովանում էր՝ այդ նոր պաշտոնն իր սրտով է, թեև լրացուցիչ աշխատանք է ենթադրում, բայց ասում է՝ պատրաստ է այդ բեռն էլ իր ուսերին վերցնել։

Թրամփի գլխավորած այդ խորհրդն իր հերթին կվերահսկի պաղեստինյան անկլավի կառավարումն իրականացնող ժամանակավոր անցումային «տեխնոկրատական, ապաքաղաքական» մարմնի գործունեությունը: Խումբը բաղկացած կլինի պաղեստինցիներից և միջազգային փորձագետներից և կհոգա Գազայի վերակառուցման ֆինանսավորումը մինչև պաղեստինյան ինքնավարության էական բարեփոխումները։

Նեթանյահուի խոսքով՝ ծրագիրն, ըստ էության, համապատախանում է Իսրայելի ռազմական նպատակներին

Առայժմ հստակ չէ՝ ինչ դերակատարում կունենա Պաղեստինի ինքնավարությունը այս գործընթացում, հայտնի չէ նաև Գազայի դեմ երկու տարի շարունակվող պատերազմը ղեկավարող Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասնակցության ձևաչափը խաղաղ նպատակներ հետապնդող այդ խորհրդում։

Նա երեկ Թրամփի հետ հանդիպմանը հայտարարում էր, թե ծրագիրն, ըստ էության, համապատախանում է Իսրայելի ռազմական նպատակներին, ապահովում, որպեսզի Գազան չկառավարվի ո՛չ Համասի, ո՛չ էլ Պաղեստինի ինքնավարության կողմից, այլ նրանց կողմից, ովքեր հավատարիմ են Իսրայելի հետ իրական խաղաղությանը»։

Պաղեստինյան անկավը վերահսկող «Համասը» դեռևս գնահատական չի հնչեցրել: Խմբավորումը հայտարարել է, թե առհասարակ չի ստացել փաստաթուղթը և ծանոթ չէ դրա բովանդակությանը։

«Համաս»-ի համար ոչինչ նախատեսված չէ

Երեկ Թրամփն ու Նեթանյահուն «Համաս»-ից պահանջեցին անհապաղ հանձնվել, հակառակ դեպքում կրկին սպառնալով՝ ոչնչացնել:

Ծրագրով «Համաս»-ի համար ոչինչ նախատեսված չէ: Ավելին՝ փաստաթղթում հստակ գրված է, որ ո՛չ այդ, ո՛չ էլ այլ խմբավորումներ չեն կարող մասնակցել Գազայի կառավարմանը. ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի։ Բոլոր ռազմական կառույցները, այդ թվում՝ թունելներն ու զենքի արտադրամասերն էլ կվերացվեն։

«Համաս»-ի հնարավոր հեռացումից հետո ամերիկյան պլանը նախատեսում է պատերազմից գրեթե ամբողջովին ավերված Գազայի հատվածում ստեղծել հատուկ տնտեսական գոտի՝ արտոնյալ մաքսատուրքերով և մուտքի պայմաններով, որոնք կկարգավորվեն ներգրավված երկրների հետ։ Ծրագրի համաձայն՝ ոչ ոք ստիպված չի լինի լքել Գազան, որ վաղուց փլատակների է վերածվել, ցանկացողները կարող են ազատորեն հեռանալ և վերադառնալ։

Հարևանները ողջունել են Թրամփի առաջարկը

Մինչ այդ անկլավը անկախ դիտորդների վերահսկողությամբ պետք է ապառազմականացվի և դառնա ինչպես փաստաթղթում է նշված՝ «Նոր Գազա», որը լիովին նվիրված կլինի բարեկեցիկ տնտեսության կառուցմանը և խաղաղ համակեցությանը հարևանների հետ։

Հարևանները ընդհանուր առմամբ ողջունել են Թրամփի այս նոր առաջարկը, որը արաբական երկրների համար զգալի առաջընթաց է համարվում նաև այն պատճառով, որ այլևս չի հիշատակվում Գազան ռիվիերայի վերածելու ԱՄՆ նախագահի փետրվարյան աղմկահարույց գաղափարը, որը նախատեսում էր պաղեստինցիների բռնի վերաբնակեցում։

Իսրայելում, որտեղ դեռևս սպասում են Գազայում պահվող տասնյակ պատանդների ազատ արձակմանը, ոգևորված են Թրամփի պլանից և անհամբերությամբ սպասում են, որ «Համաս»-ն էլ ընդունի այն:

Գազայում թերահավատ են Թրամփի ծրագրի բարի նպատակների հարցում

Երկու տարի շարունակ Իսրայելի ռազմական հարձակումների թիրախում գտնվող Գազայում, որտեղ պատերազմի հետևանքով ավելի քան 65 հազար մարդ է զոհվել՝ մեծ մասը կանայք և երեխաներ, ռազմական գործողություններին զուգահեռ էլ դիմակայում են համատարած սովին, թերահավատ են Թրամփի ծրագրի բարի նպատակների հարցում. «Թրամփը երեկ խոստանում էր, որ կլինի խաղաղություն: Ասում էր, թե խաղաղություն կլինի և պատանդներն ազատ կարձակվեն։ Իսկ մենք՝ որպես պաղեստինցիներ, որտեղ ենք այդ ծրագրում, ո՞վ է լուծելու մեր իրավիճակը։ Ո՞վ է մեզ փրկելու այս սիոնիստական հանցագործություններից։ Ո՞վ է մեզ փրկելու»: