Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Հռոմի պապի քահանայապետական ամառանոցում էր՝ Լևոն 14-րդ պապի հետ պաշտոնական հանդիպման։ Սա նրանց առաջին հանդիպումն է։
Հռոմի այս քահանայապետի ընտրության սպիտակ ծուխը դուրս եկավ մայիսի սկզբին, նույն ամսվա վերջից ծայր առավ հակակաթողիկոսական արշավ հայոց վեհափառի դեմ:
Վատիկանում Կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի խոսքով՝ Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատում կայացած Վեհափառ-Պապ առանձնազրույցը շատ ջերմ է անցել, քննարկվել են ընդհանուր աշխարհում խաղաղություն հաստատելու հարցերից մինչև Արցախից բռնի տեղահանվածների խնդիրներ:
«Պապը շեշտեց, որ արդարության հիման վրա խաղաղություն պետք է հաստատվի, և Վեհափառը նաև ներկայացրեց մեր հայրենիքի այսօրվա հարցերը, Արցախի մեր ժողովրդի, Արցախում ընթացողը, երբ եկեղեցիներ, վանքեր են քանդվում», - «Ազատությանն» ասաց Պարսամյանը:
Բաքվում պահվող հայ ռազմագերիների խնդիրը նույնպես վեհափառը ներկայացրել է պապին:
Ի՞նչ կարող է անել այս հարցում Լևոն 14-րդ պապը. արքեպիսկոպոս Պարսամյանի խոսքով՝ Վատիկանն միջամտում է տարբեր մարդասիրական հարցերում. «Վստահաբար, փորձելու են օգտակար լինեն, բայց պաշտոնապես կարելի չէ իրենց կողմից որևէ բան հայտարարել»:
Մայր Աթոռը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այս հանդիպման վերաբերյալ՝ տեղեկացնելով. «Հռոմի Սրբազան Քահանայապետի ուշադրությանը հանձնվեցին նաև իրենց նախնիների բնօրրանից՝ Արցախից տեղահանված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների և պատանդառվածների ազատ արձակման հրամայականը»։
Մայր Աթոռի տարածած լուսանկարներում ժպտում են Հռոմի պապն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը, և միայն մի նկարում են երկուսն էլ մտածկոտ։ Այստեղ վեհափառը նվերներ է փոխանցում Հռոմի պապին՝ Արցախի հուշարձանների ալբոմը:
Ըստ արքեպիսկոպոսի՝ այստեղ վեհափառը նաև Ադրբեջանի նկրտումների մասին է խոսել, որ ընդհուպ Էջմիածինը Արևմտյան Ադրբեջան է ներկայացվում: Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման, արցախցիների վերադարձի իրավունքի ու հայ գերիների ազատ արձակման մասին Ամենայն Հայոց կաթողիկոսը սովորաբար խոսում է միջազգային տարբեր հարթակներից, վերջինը Բեռնի միջազգային համաժողովում էր: Իշխանության ներկայացուցիչներին այս հանգամանքը բոլորովին դուր չի գալիս՝ հակակաթողիկոսական արշավում վարչապետի տիկինը ուղիղ էր հարցրել, իր ձևակերպմամբ, «երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզին». «Շվեյցարիայում՝ ի՞նչ եք անում, ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք՝ հոգևորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իմ պլանները չեն կարող փոխվել». Փաշինյանը չի փոշմանել, հակակաթողիկոսական արշավի ընդմիջում էր ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հիսուսն արդեն ազատագրել է եկեղեցին, Փաշինյանը թող օկուպացված տարածքներն ազատագրի». Զաքարիա ծայրագույն վարդապետԿաթողիկոսի շեշտադրումները միջազգային ամբիոններից զայրացնում են Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեին: Նա Եկեղեցիների համաշխարհային խորհրդին նամակ էր հղել, որում Եկեղեցուն մեղադրել է «հայ ժողովրդի ապագան նոր վտանգների ու աղետների մեջ ներքաշելու համար»։ Այդ խորհրդի գլխավոր քարտուղարին կոչ է անում քրիստոնեական ֆանատիզմով պրոհայկական հայտարարություններ չանել։ Փաշազադեն, օգտվելով հարմար առիթից, որ Հայաստանում էլ կաթողիկոսին գահից իջեցնելու գործընթաց է սկսվել, նամակում գրում է՝ «ազատվեք հայ եկեղեցական առաջնորդների ազդեցությունից, նրանց պատիվն ու հեղինակությունը նույնիսկ սեփական երկրում են վիճարկում»:
«Պետք է աղոթել, որ մենք ավելի իմաստուն ձևով, սիրով, ներողամտությամբ մոտենանք՝ միշտ նպատակ ունենալով մեր հայրենիքի և մեր ժողովրդի շահերը», - ասում է Վատիկանում կաթողիկոսի ներկայացուցիչը:
Նա կարծում է՝ ազգային-պետական նպատակները չեն իրականացվի առանց եկեղեցի–պետություն, Հայաստան–սփյուռք համագործակցության: Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսը Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ պապին Հայաստան է հրավիրել: Պապն անպայման նկատի կունենա, վստահ է արքեպիսկոպոս Պարսամյանը:
Ամենայն Հայոց կաթողիկոսը վերջին անգամ Վատիկանում Ֆրանցիսկոս պապի հյուրն էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, քահանայապետի կոչն էր ակնկալում պատերազմի դադարեցման վերաբերյալ: