Խորհրդային միության փլուզումից հետո Կոմկուսը վերադառնում է Գյումրի, հեգնում է Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով ավագանու առաջին նիստում ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ ընտրվելու հավանականությանը:
«Իսկ էն թեկնածուները, որոնց քաղաքացիները ձայն են տվել, երևի թե պատրաստվեն պիոների վզկապներով գնալ ավագանու նսիտերին: Սաղ աշխարհ առաջ է գնում, Գյումրին հետ է գնում, ակրմիր վզկապներով պիտի գնան ավագանու նիստերին», - ասաց Առուշանյանը:
Գյումրիի ընտրությունների արդյունքներով ամենաշատ՝ 14 մանդատ իշխող ՔՊ-ն է ստացել, բայց քաղաքապետ ընտրելու համար այդ քվեները բավարար չեն, առնվազն 17 ձայն է պետք: Ավագանի անցած մյուս ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ կաջակցեն նախկին քաղաքապետ, մի շարք քրեական գործերով մեղադրյալ Վարդան Ղուկասյանի ընտրությանը:
Չնայած այս հանգամանքին՝ ՔՊ-ից ավելի ու ավելի հաճախ են ասում, որ իրենք էլ պետք է իրենց ցուցակը գլխավորած Սարիկ Մինասյանի թեկնածությունը առաջադրեն: Առուշանյանը, որ իշխող ուժի նախընտրական շտաբի ղեկավարն էր, այսօր կառավարության նիստից հետո ասաց՝ այս հարցում հստակություն կմտնի ապրիլի 14-ին, երբ կբաշխվեն ավագանու մանդատները: ՔՊ-ում սպասում են այդ օրվան ու նոր միայն պաշտոնապես կհայտարարեն՝ կառաջադրեն Սարիկ Մինասյանին, թե՝ ոչ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարտուն Գրիգորյանի դաշինքը անհրաժեշտ թվով քվեներ կտա Վարդան ՂուկասյանինԵթե առաջադրելու են, ապա ի՞նչ ակնկալիքով, երբ 14 մանդատը բավարար չէ իրենց թեկնածուին քաղաքապետ ընտրելու համար, մյուս ուժերն էլ Ղուկասյանին աջակցելու իրենց հայտարարությունից մինչև այսօր ետ չեն կանգնել: Առուշանյանը այս հարցին հստակ պատասխան չտվեց. - «Կառաջնորդվեմ պաշտոնական հայտարարությամբ, և կսպասենք, որպեսզի լինի պաշտոնական հայտարարություն: Պաշտոնական հայտարարության ժամանակ հստակ դիրքորոշում կհայտնի»:
ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն անցած տարիներին մի շարք համայնքներում պարտվել է, բայց հետո կարողացել է իշխանության գալ տարբեր սցենարներով, օրինակ, գործող համայնքապետին անվստահություն հայտնելով ու իր կողմը տանելով այլ խմբակցությունների անդամների, որոնք ապահովել են պակասող ձայները: Լրագրողները հետաքրքրվեցին՝ գուցե մյուս համայնքների օրինակներով ՔՊ-ն Գյումրիում էլ «մարդաորսությամբ» կարողանա իրենց օգտին քվեարկողներ ապահովել:
«Մենք երբևիցե մարդագողությամբ չենք զբաղվել, այն իրողությունները, որոնք եղել են, եղել են օրենքի սահմաններում և մենք չենք պատրաստվում Գյումրիում որևիցե նման գործողություններով զբաղվել», - պատասխանեց Դավիթ Առուշանյանը:
Ինքը՝ Վարդան Ղուկասյանը վստահ է, որ իր առաջնորդած խմբակցությունից հօգուտ իշխանության մտքափոխվողներ չեն լինի: Նա միաժամանակ չէր բացառել իր ձերբակալվելու հեռանկարը:
Գյումրիի նախկին քաղաքապետն անցնում է պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման, նաև ապօրինի հարստացման գործերով: Նախընտրական քարոզչության ընթացքում էլ մի վարույթ ավելացավ՝ հավաքին մասնակցելուն հարկադրելը հոդվածով, որով Ղուկասյանին մեղադրանք դեռ չի առաջադրվել: Վերջին օրերին նրա դեմ երկու հաղորդում է դատախազություն ուղարկվել՝ ԼԳԲՏ համայնքին թիրախավորելու, ատելության խոսք տարածելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընտրատարածքային հանձնաժողովը դիմել է դատախազություն՝ Վարդան Ղուկասյանի հայտարարությունների առնչությամբ