Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչները պայմանավորվել են «մոտ ապագայում» հանդիպել, Տելեգրամի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հետ։
«Քննարկել ենք արդար և կայուն խաղաղությանն ուղղված հետագա քայլերը, մտքեր ենք փոխանակվել նաև երկկողմ հարաբերությունների շրջանակներում անվտանգության հարցերի և դիրքորոշումների համակարգման վերաբերյալ, ինչպես նաև պայմանավորվել ենք մոտ ապագայում մեր թիմերի հանդիպման շուրջ՝ շարունակելու այս կարևոր աշխատանքը», - գրել է Երմակը։
"РБК-Украина"-ն, վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, նշում է, որ ուկրաինական և ամերիկյան թիմերը մարտի 5-ին սկսել են աշխատել հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։
«Դրական տեղաշարժ կա, հուսով ենք հաջորդ շաբաթ առաջին արդյունքները կլինեն», - ըստ լրատվամիջոցի՝ ասել է Զելենսկին։
Ուոլցն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ը և Ուկրաինան քննարկում են հանդիպման տեղն ու օրը, ինչպես նաև հանդիպման մասնակիցների շրջանակը։
Ուկրաինային ամերիկյան ռազմական օժանդակության կասեցումից մեկ օր անց Վլադիմիր Զելենսկին X-ում վերահաստատել էր Ուկրաինայի հավատարմությունը խաղաղությանը՝ ընդգծելով՝ թեև փետրվարի 28-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն «այնպես չի անցել, ինչպես ակնկալվում էր», սակայն Կիևը պատրաստ է «որքան հնարավոր է շուտ» նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Թրամփն էլ ասել է, որ գնահատում է, Զելենսկու քայլը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին պնդել է՝ «պատրաստ ենք աշխատել Թրամփի ուժեղ առաջնորդության ներքո». ԱՄՆ նախագահն արձագանքել է