Կիևը դաշնակիցներից ստացել է ևս շուրջ 2 մլրդ դոլարի աջակցություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունում է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային, Կիև, 18-ը սեպտեմբերի, 2025թ.

Ուկրաինային զենք տրամադրելու՝ արևմտյան դաշնակիցների համաձայնեցրած նոր մեխանիզմով Կիևը նաև Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր և HIMARS հրթիռներ կստանա, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է՝ դաշնակիցներից ստացել են ավելի քան 2 միլիարդ դոլար աջակցություն, որն ակնկալում են, որ կշարունակվի նաև հոկտեմբերին։

«Առաջին երկու փաթեթների մասին, որոնցից յուրաքանչյուրը 500 միլիոն դոլար է, մանրամասներ չեմ հայտնի, սակայն դրանք կներառեն Patriot և HIMARS հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռներ», - հայտարարել է Զելենսկին;

Նոր ծրագրով՝ Ուկրաինան նախապես ներկայացնում է իրեն առաջնահերթ անհրաժեշտ սպառազինության ցանկը, հետո ստանում ՆԱՏՕ-ի հաստատումը և դրանից հետո միայն զենքը գնում ԱՄՆ-ից՝ եվրոպական դաշնակիցների ֆինանսական աջակցությամբ:

Օրերս Reuters-ը հաղորդել էր, որ առաջին փաթեթները հաստատվել են և կարող են շուտով առաքվել: Patriot-ների առաքումը, որոնց կարիքն Ուկրաինան շատ ունի ռուսական ագրեսիային դիմակայելու համար, դադարեցվել էր դեռ հունիսին, երբ ԱՄՆ-ը հայտարարեց, որ վերանայում է իր պաշարները:

Ռոբերտա Մեցոլան, իր հերթին, հայտարարել է, որ կավելացնեն մարդասիրական, ռազմական և դիվանագիտական աջակցությունը Կիևին ու ներդրումներ կանեն Ուկրաինայում զենքի արտադրության ոլորտում:

«Մենք կշարունակենք, նախևառաջ, թուլացնել ռուսական ռազմական մեքենան՝ համակարգված և ուժեղ պատժամիջոցների միջոցով։ Իրականում աշխատում ենք պատժամիջոցների 19-րդ փաթեթի վրա, մինչ բանակցությունները շարունակվում են», - ասել է Եվրախորհրդարանի նախագահը:

Լատվիան էլ հայտարարել է, որ Ուկրաինային ևս 42 Patria զրահափոխադրիչներ և այլ սարքավորումներ կտրամադրի։

Financial Times-ը գրում է, որ Եվրամիությունը շատ է մտահոգված իր արևելյան սահմանների պաշտպանությամբ վերջին միջադեպից հետո, երբ ռուսական անօդաչուները խախտեցին Լեհաստանի և Ռումինիայի օդային տարածքները: Եվ հիմա որոշել է «պաշտպանիչ պատ» ստեղծել:

Ըստ թերթի՝ ՆԱՏՕ-ն շատ թանկարժեք տեխնոլոգիաներ է կիրառում համեմատաբար էժան անօդաչուներ որսալու համար: Սա, ըստ թերթի, կարող է արագ սպառել պահուստները, բյուջեն, ստեղծելով «ակնհայտ խոցելիություն», որից Մոսկվան կարող է օգտվել: Դրա համար Բրյուսելը նախատեսում է ակտիվորեն օգտագործել այն տեխնոլոգիաները, որոնք մարտական փորձարկում են անցել Ուկրաինայում:

Ուկրաինան արդեն հայտարարել է, որ Լեհաստանի հետ կկիսվի անօդաչուների ոլորտում իր փորձով: Պաշտպանության նախարար Սերգեյ Շմիգալն այսօր Կիև այցելած լեհ պաշտոնակցի հետ հանդիպումից հետո ասել է, որ պայմանավորվել են համատեղ օպերատիվ խումբ ստեղծել: Այն նաև հետագա համագործակցության հարթակ կդառնա: Լեհաստանը կօգտվի ուկրաինական տեխնոլոգիաներից, որոնք հնարավորություն կտան նախապես տեղեկանալ ռուսական անօդաչուների հարձակումների մասին:

«Այս համատեղ խմբի գլխավորը տարրը կլինեն համատեղ ուսումնական ծրագրերը, որոնք, վստահ եմ, կամրապնդեն ընդհանուր թշնամուն դիմակայելու մեր կարողությունը», - հայտարարել է Շմիգալը:

Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշն էլ ասել է՝ սա համագործակցություն է զինված ուժերի և հետազոտական ու գիտական հաստատությունների և արդյունաբերական ինդուստրիայի միջև։

«Սա մեզ համար շատ կարևոր է, որպեսզի կարողանանք համատեղ նախաձեռնություններ ստեղծել պաշտպանական արդյունաբերության շրջանակում», - հայտարարել է Կոսինյակ-Կամիշը:

Մինչ այդ, «Ազատության» ուկրաինական ծառայության հետաքննությունը պարզել է, որ ռուս զինվորականները մասնակցել են պատերազմի սկզբում Բուչայում 69-ամյա մի խաղաղ բնակչի սպանությանը։

Յեյլի համալսարանի հետազոտողներն էլ նոր ապացույցներ են ձեռք բերել, որ Ռուսաստանում գործող հաստատությունների ցանցը, որտեղ պատերազմի ընթացքում առևանգված ուկրաինացի երեխաներին վերակրթում են, զրկում իրենց մշակութային ինքնությունից, շատ ավելի մեծ է, քան նախկինում ենթադրվում էր: Ընդորում, ռուսական հայրենասիրական պատմություններ և նույնիսկ մարտական հմտություններ են սովորեցնում ընդհուպ մինչև 8 տարեկան երեխաներին:

Այս ֆոնին ռուսական զինուժը շարունակում է հարվածել Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքներին: Գիշերը հարվածել է Պոլտավայի մարզի երկաթուղուն, կա հինգ վիրավոր: Երեկ էլ հարվածել էր Խարկովի և Դոնեցկի մարզերի երկաթուղուն:

Ուկրաինայի տարածքային զարգացման նախարարն ասել է, որ Ռուսաստանը դրանով փորձում է մեծացնել ճնշումը բնակչության և տնտեսության վրա:

Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է «Գազպրոմ»-ի՝ Բաշկորտոստանում գտնվող նավթավերամշակման գործարանին։ Վոլգոգրադի օդանավակայանը կասեցրել է աշխատանքը: Ուկրաինայի նախագահն ասել է, որ ուկրաինական զինուժը հակահարձակման է անցել Դոնեցկի մարզի Դոբրոպիլյայի և Պոկրովսկի շրջանում։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ էլ Ուկրաինան և Ռուսաստանն այսօր դիեր են փոխանակել. Ռուսաստանը փոխանցել է 1000, Ուկրաինան՝ 23 դի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լեհաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է ԿիևԿիևը հայտնում է Բուչա և Բորիսպոլ բնակավայրերի վրա ռուսական հարձակման մասինՌուսական ԶՈւ-ն հարվածել է Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքներինԶելենսկին Ռուսաստանի վերջին հարձակումից հետո կոչ է արել Եվրոպային զարգացնել ՀՕՊ-ըԹրամփը հայտարարել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպումը հազիվ թե հնարավոր լինի Մոսկվան ՆԱՏՕ-ին մեղադրում է Ռուսաստանի դեմ պատերազմելու մեջՌուսաստանը և Բելառուսը զորավարժություններ են սկսել ՆԱՏՕ-ի սահմանի մոտ՝ Լեհաստանի տարածք ԱԹՍ-ների ներխուժումից հետո