Չնայած վարչապետի հավաստիացումներին, երկու օրից կայանալիք համագումարին ընդառաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հակասությունը չհաջողվեց պահել կուսակցության ներսում:
Նախ լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեներին նամակ ստացվեց, ուղարկողը, որն անաուն էր ցանկացել մնալ, հավաստիացնում էր, թե ինքը ներկա է եղել մի քանի օր առաջ Կոտայքում տեղի ունեցած կուսակցության ժողովին, որի ժամանակ Հայկ Սարգսյանը պատմել է, թե դիմել է ՔՊ վարչությանը՝ ԱԺ նախագահին կուսակցությունից հեռացնելու համար:
Տարաձայնությունների հիմքում Սարգսյանի հեղինակած բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու նախագիծն է եղել, որը, ըստ նամակագրի, ջղայնացրել է ԱԺ նախագահին, քանի որ ««Վիվառո» ընկերությունից ֆինանսական շահ ունի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարկային փոփոխություններ խաղատների ոլորտում․ քննարկումները շարունակվում ենՆա սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև երկրի վարչապետին, ըստ անանուն օգտատիրոջ, Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար և կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել։ Սա անանուն օգտատիրոջ վարկածն է:
Շատ բուռն քննարկումներից հետո նախագիծն ԱԺ-ում իսկապես ընդունվել է:
Այս տեղեկության տարածման ֆոնին ամիսների լռությունից հետո կուսակցությունն ընդունեց, որ Սիմոնյանի և Սարգսյանի տարաձայնություններն այնքան են սրվել, որ կուսակցական միջամտություն է պահանջվել: Ապրիլին Ալեն Սիմոնյանի դիմումից հետով Հայկ Սարգսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։
Հարցի քվեարկությունից առաջ, ըստ ՔՊ-ի, Հայկ Սարգսյանը Ալեն Սիմոնյանի նկատմամբ է կարգապահական վարույթ հարուցելու հակընդդեմ դիմում ներկայացրել։ Հայկ Սարգսյանը երկու անգամ հրավիրվել է բացատրություններ տալու համար, բայց ըստ ՔՊ-ի՝ չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանում չգտնվելու պատճառով, իսկ Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն տեսել:
«Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ՔՊ կանոնադրության համաձայն կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։ Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության», - նշել են իշխող ուժից։
Ի՞նչ զգուշացում է սա, ինչո՞ւ էին հիշել բանավեճի էթիկայի կանոնները՝ չէին պարզաբանել: Համենայն դեպս ՔՊ կանոնադրության համաձայն՝ խիստ նկատողությունից բացի, վարչությունը կարող է նաև կուսակցությունից հեռացման որոշում կայացնել:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արշալույսները խաղաղ են այնքանով, որ կուսակցությունն ապրում է իր բնականոն կյանքով, բայց էլի եմ ասում՝ այդ խաղաղությունը երբեք ճահճային լռություն չի եղել և չի լինելու, - այսօր ասուլիսի ընթացքում ասաց վարչապետը, հավելելով, - Քննարկումները տեղի են ունենում միշտ բուռն, միշտ սուր քաղաքական բանավեճի մթնոլորտում, լինում են նաև, ցավոք սրտի, բոլորի հետ լինում է, ինձ հետ էլ է պատահել և նույնիսկ վերջերս, որ քաղաքական բանավեճի ընթացքում թույլատրելիի սահմանները մի փոքր կամ ոչ մի փոքր անցնում ենք, և բոլոր այդ դեպքերում վրա են հասնում կարգապահական գործընթացները»: