Վրաստանում հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ վարչապետ Իրակլի Կոբախիձեն քաղաքացիներին կոչ է արել «չդիմել ռիսկի և չհակադրվել պետական համակարգին ու օրենքին», քաղաքական ուժերին էլ խորհուրդ է տվել հեռու մնալ «սահմանադրական կարգը տապալելուն կամ բռնի կերպով փոխելուն ուղղված» միջոցառումներին մասնակցելուց։
«Յուրաքանչյուր օրինախախտ կարժանանա ամենախիստ պատասխանի», - հայտարարել է Կոբախիձեն։
Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր ուժերը բոյկոտում են ՏԻՄ ընտրությունները, որին ընդհանուր առմամբ մասնակցում է 12 կուսակցություն։ Մայրաքաղաք Թբիլիսիի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 9 թեկնածու, այդ թվում՝ գործող քաղաքապետ Կախա Կալաձեն։