Կրեմլը դեռ չի հաստատել Պուտին - Զելենսկի հանդիպման նախապատրաստման մասին լուրերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, կոլաժ

Պուտին - Զելենսկի հանդիպում կազմակերպելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից երկու օր անց Կրեմլը դեռ չի հաստատել, որ այդպիսի հանդիպում է նախապատրաստվում:

Մոսկվան երեկ խախտեց լռությունը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ առաջնորդների միջև ցանկացած շփում պետք է մանրամասն նախապատրաստվի:

«Աշխատանքի որևէ ձևաչափից չենք հրաժարվում, ո՛չ երկկողմ, ո՛չ եռակողմ, նախագահը սրա մասին մի անգամ չէ, որ խոսել է: Կարևորը, որ ցանկացած ձևաչափ չօգտագործվի զուտ նրա համար, որ առավոտյան թերթերը գրեն, երեկոյան հեռուստացույցով ցույց տան կամ սոցցանցերում բամբասեն», - նշել է Լավրովը:

Փորձագետներն ընդգծում են՝ Լավրովի խոսքերը ցույց են տալիս, որ Կրեմլը նման հանդիպման պատրաստ չէ: Ռուսաստանի արտգործնախարարի այս խոսքերից հետո, սակայն, Վաշինգտոնում կրկնել են հանդիպման կազմակերպման մասին հայտարարությունը:

Մինչ աշխարհում ծանոթանում էին ռուս պաշտոնյայի գնահատականներին, Ատլանտյանից այն կողմ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը ճեպազրույց տվեց ու ընդգծեց՝ Պուտինը համաձայնել է:

«Նախագահ Թրամփը նախագահ Պուտինի հետ հեռախոսով խոսել է, և նա համաձայնել է մեկնարկել խաղաղության գործընթացի նոր փուլը՝ Պուտին-Զելենսկի հանդիպումը, որից հետո, եթե անհրաժեշտ լինի, եռակողմ հանդիպում կլինի: Ինչպես ասել է նախագահը՝ փոխնախագահ Վենսը, պետքարտուղար Ռուբիոն և հատուկ բանագնաց Ուիթքոֆը կշարունակեն Ռուսաստանի և Ուկրաինայի հետ աշխատանքը, որպեսզի դա տեղի ունենա որքան հնարավոր է շուտ», - նշել է Լևիթը:

Իսկ ի՞նչ են մտածում արդեն երեքուկես տարի պատերազմի մեջ ապրող ուկրաինացիները հնարավոր հանդիպման մասին. Կիևում «Ազատության» հետ զրուցած քաղաքացիները թեև այդ իրադարձության հետ խաղաղության հույսեր չէին կապում, սակայն, ասում էին՝ հանդիպել, ամեն դեպքում, պետք է.

«Որպես պատմական իրադարձություն դա պետք է տեղի ունենա, սակայն չեմ կարծում, թե դա էական արդյունք կտա»:

«Ես էլ եմ կարծում, թե պետք է, շփումներն անհրաժեշտ են, նույնիսկ եթե դրանք ոչ մի բանի չեն հանգեցնում, անգամ եթե մեր դիրքորոշումը չընդունվի»:

«Երևի պետք չէ հանդիպել, դա կնշանակի, որ զիջումների ենք գնում: Ահաբեկիչների հետ ընդհանրապես պետք չէ շփվել»:

«Գուցե իմաստ կա, բայց ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես: Ես այդ զզվելի արարածին նույնիսկ պատկերացնել չեմ կարողանում: Նրա ձե՞ռքը սեղմել, ախր դա ո՞նց է հնարավոր»:

Փորձագետները թերահավատ են, որ մոտ ապագայում նման հանդիպում տեղի կունենա: Քուինսիի պետական պատասխանատու կառավարման ինստիտուտի փորձագետ Ջորջ Բիբիի կարծիքով՝ Պուտինը չի պատրաստվում հանդիպել Զելենսկիին, քանի դեռ խաղաղության հնարավոր գործարքի բոլոր պայմանները համաձայնեցված չեն:

«Նա չի գնա հանդիպման, քանի դեռ չի ապահովել այն ամենն, ինչ անհրաժեշտ է Ռուսաստանին: Կարծում եմ, որ նրանց առաջին շփումը կլինի եռակողմ հանդիպման շրջանակում, որին Ռուսաստանը կգնա համաձայնագիր ստորագրելու համար», - ասում է Բիբին:

Լոնդոնում գործող Եվրոպական բարեփոխումների կենտրոնի հետազոտող Յան Բոնդը համակարծիք է՝ քիչ հավանական է, որ Ռուսաստանի նախագահը երկկողմ հանդիպման գնա, քանի դեռ սեղանին նրա համար շատ գրավիչ փաստաթուղթ չկա. - «Ես չեմ կարծում, թե հիմա այն փուլում ենք, երբ սեղանին այդպիսի թուղթ կա: Ես լավատես չեմ, վախենամ, թե սա երկարատև պատերազմ է, և Պուտինը տրամադրված է շարունակել այն, քանի դեռ իր նպատակներին չի հասել՝ անկախ մարդկային կորուստներից ու Ռուսաստանի տնտեսական իրավիճակից»:

Նախ Ալյասկայում Պուտինի, ապա Վաշինգտոնում Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ Դոնալդ Թրամփի հանդիպումներից հետո բանակցությունների վերաբերյալ գլխավոր հարցը խաղաղության հնարավոր համաձայնությունից հետո Ուկրաինային անհրաժեշտ անվտանգության երաշխիքներն են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփն ու Պուտինը Ուկրաինայում հրադադարի շուրջ փաստացի համաձայնության չեն եկել Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը ստիպված կլինեն զիջումների գնալ՝ խաղաղության համաձայնագիր կնքելու համար. Ռուբիո

Թե ինչպես կգործեն դրանք առայժմ հայտնի չէ, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում այժմ հենց այս հարցն է քննարկվում:

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ավելի վաղ հայտարարել էր՝ Ռուսաստանը համաձայնել է թույլատրել Ուկրաինային ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի նման երաշխիքներ տրամադրել: Հենց այս հոդվածն է սահմանում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա հարձակումը համարվում է հարձակում դաշինքի բոլոր պետությունների վրա:

Առաջնորդներն արդեն խոսում են իրենց պատկերացումներից: Ֆրանսիայի նախագահը «վստահության ուժերի» մասին է խոսել՝ հայտարարելով, որ եթե խաղաղության հաստատումից հետո Ռուսաստանը դարձյալ հարձակվի, այդ ուժերը մարտի մեջ կմտնեն: ԱՄՆ նախագահը բացառել է ամերիկացի զինվորականների տեղակայումն Ուկրաինայում, սակայն առանց մանրամասնելու հայտնել է՝ Վաշինգտոնը կարող է օդային աջակցություն տրամադրել:

Սպիտակ տան խոսնակը երեկ փակագծեր չբացեց. - «ԱՄՆ ուժերն Ուկրաինայում չեն տեղակայվի, սակայն մենք կարող ենք աջակցել համակարգման հարցում, նաև մեր եվրոպացի դաշնակիցներին անվտանգության երաշխիքների այլ միջոցներ տրամադրել: Նախագահը հասկանում է, որ անվտանգության երաշխիքները շատ կարևոր են կայուն խաղաղություն ապահովելու համար»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն ու Զելենսկին հանդիպման կազմակերպման գործընթացում են. Թրամփ

Չնայած Սթիվ Ուիթքոֆի՝ ՆԱՏՕ-ի ոճի անվտանգային երաշխիքների մասին հայտարարությանը, Քուինսիի պետական պատասխանատու կառավարման ինստիտուտի փորձագետ Ջորջ Բիբիի կարծիքով՝ ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ եվրոպական տերությունները Ռուսաստանի հետ ուղիղ պատերազմի մեջ մտնելու պայմանագրային պարտավորություն չեն ստանձնի:

«Մյուս կողմից, հարցն այն է՝ կկարողանա՞ Արևմուտքը այնպիսի հավաստիացումներ տալ, որոնք քիչ հավանական կդարձնեն խաղաղության համաձայնությունից հետո Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և որոնք Զելենսկին կարող է մատնանշել ու ասել՝ «մենք ունենք մեզ անհրաժեշտ երաշխիքները և կարող ենք վստահ առաջ շարժվել», - ընդգծում է փորձագետը:

Մինչ արևմտյան առաջնորդներն անվտանգության երաշխիքներն են քննարկում, Ռուսաստանը շարունակում է թիրախավորել Ուկրաինան. ռուսական ուժերն այս գիշեր հարվածներ են հասցրել Սումիի և Օդեսայի մարզերին, ավելի քան տասը մարդ է վիրավորվել: