Լավրովն Անկարայից հետո մեկնում է Թեհրան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անկարայից հետո, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հրավերով, այսօր աշխատանքային այցով մեկնում է Թեհրան։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ, Լավրովն ու Արաղչին կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգը, առևտրատնտեսական համագործակցության հարցեր։

Մոսկվան և Թեհրանը հունվարի 17-ին ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեցին։ Իրանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն Իրանի համար եղբայրական և բարեկամ երկիր է, որի հետ հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն:

Ակնկալվում է, որ Լավրովն ու Արաղչին Թեհրանում մտքեր կփոխանակեն միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ Սիրիայի, Կովկասի, Աֆղանստանի, Եմենի, Մերձավոր Արևելքի, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աշխարհը պետք է վերադառնա Իրանի վրա «առավելագույն ճնշում գործադրելու» քաղաքականությանը. Քելլոգ