Լրագրողի ծեծի գործով դեպքից հինգ օր անց դեռ մեղադրյալ չկա

Լրագրող Հակոբ Կարապետյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 16-ը սեպտեմբերի, 2025թ.

Լրագրող Հակոբ Կարապետյանի դեմ բռնությունից հինգ օր անց էլ դեռ գործով որևէ մեղադրյալ չկա։ Մինչդեռ դեպքի վայրում՝ Երևանի Փարպեցի փողոցում, լրագրողի ծեծից գրեթե մեկ շաբաթ անց արյան հետքերը դեռ կան։

«Եթե իմ գործընկերները ձայնի վրա չգային, ես չգիտեմ, թե ինչ կլիներ», - ասում է լրագրողը:

Առայժմ խիստ նկատողություն է ստացել միայն քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը, ում լրագրողը կասկածում է ծեծը կազմակերպելու համար: Քաղաքապետը նրա պաշտոնավարումը չի դադարեցրել, փոխարենը նրան ուղարկել է արձակուրդ:

Հակոբ Կարապետյանն անցած ուրաբաթ էր հարձակման ենթարկվել՝ Ֆեյսբուքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին հրապարակավ քննադատելուց հետո, երբ անդրադարձել էր տրանսպորտում տոմս ունեցող ուղևորին անհիմն տուգանելու միջադեպին։ Հենց Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատարն էր հսկիչների հետ շրջում հանրային տրանսպորոտում ու մասնակցում քաղաքացիներին տուգանելու աշխատանքներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քաղաքացին ահազանգում է՝ տրանսպորտում իրեն տուգանել են, չնայած վճարել էր ուղևորության համար

Տարածելով Ավետ Բաբայանի կադրերով նյութը՝ Կարապետյանը եզրահանգել էր, թե «նեղմիտ ու ոչ կոմպետենտ կառավարիչներ ունենալը սա է»։ Ասում է՝ այս գրառումից հետո էլ սկսել էր հայհոյանքներ, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ ստանալ քաղաքապետարանի պաշտոնյայից։

«Օգոստոսի 28-ին, երբ ես տեղեկացրել եմ դրա մասին քաղաքապետարանի աշխատակազմին, էդ ժամանակ եթե էդ գործողությունը արվեր, ես կհամարեի, որ դա բավարար և ադեկվատ գործողություն է: Էս դեպքում ո՛չ ժամանակին է արված, ո՛չ տեղին ձևակերպումներով է արված, և, իհարկե, բավարար չէ, որովհետև այստեղ գիշերով դիմակավորված անձը արձակվել է իմ վրա, հարվածներ է հասցրել», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Կարապետյանը:

Լրագրողական կազմակերպությունները պահանջել էին քաղաքապետից ուսումնասիրել միջադեպն ու փաստերի հաստատման դեպքում Հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավարին անհապաղ ազատել պաշտոնից։

«Գիտե՞ք, անպատժելիությունը, ամենազորության զգացողությունը ստեղծում է նոր բռնություններ կամ ավելի խորացնում է ագրեսիան», - ասաց լրագրողը:

Կարապետյանը կարծում է՝ քաղաքապետարանում համոզվել են՝ Բաբայանն իրոք իր հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել։

«Ավետիք Բաբայանը ասել է, որ Կարապետյանի հետ, ինձ հետ որևէ առնչություն չունի, չի ճանաչում, և այլն: Եվ քաղաքապետի այս որոշումը ինձ համար հատկանշական է նաև նրանով, որ փաստորեն ոչ միայն նախաքննության մարմինը, այլ նաև քաղաքապետարանը ընդունում է, որ էդպիսի բան եղել է: Այսինքն՝ նաև այստեղ շատ մեծ հարց է առաջանում, որ մարդը, որը հարձակման հետ կապ չունի, ինչո՞ւ է հերքում մի դրվագ, որը հանրային ծառայողի վարքագծի տեսակետից ընդունելի չէ», - նշեց լրագրողը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավինյանը խիստ նկատողություն է տվել և արձակուրդ ուղարկել Հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավարինԼրագրող Հակոբ Կարապետյանի դեմ բռնության առիթով քրեական գործ է հարուցվել, ձերբակալված կա

Այսօր վարչապետը ևս անդրադարձավ միջադեպին, բացառեց, թե որևէ մեկը կարող է պատասխանատվությունից խուսափել։

«Ինչ վերաբերվում է պադյեզդում ծեծելու դեպքերին, էլի ասում եմ՝ բացառված է, որ որևէ մեկը պատասխանատվությունից խուսափի», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մինչդեռ հենց նույն Փաշինյանի կառավարության օրոք ամիսներ առաջ Լոռու մարզի զինվորական կոմիսար է նշանակել քաղաքացուն բռնության ենթարկելու գործով անցնող փոխոստիկանապետ Սարգիս Վահրադյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քաղաքացու նկատմամբ բռնության գործով անցնող ոստիկանը՝ Լոռու զինկոմ