Լրանում է Իսրայել - Իրան արյունալի պատերազմի մեկ շաբաթը

Իսրայելը հերթական հարվածն է հասցնում Իրանի տարածքին, 18-ը հունիսի, 2025թ.

Արդեն մեկ շաբաթ է՝ Իսրայելն ու Իրանը շարունակում են արյունալի պատերազմը, մինչ աշխարհն սպասում է, թե ինչ կորոշի ԱՄՆ նախագահը պատերազմին Միացյալ Նահանգների ուղիղ մասնակցության վերաբերյալ:

Իրանը հրթիռային նոր հարվածներ է հասցրել Իսրայելի տարբեր քաղաքների: Հրթիռներից մեկը հարվածել է երկրի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքի հիվանդանոցին, կա մի քանի տասնյակ վիրավոր, հիվանդանոցը լրջորեն վնասվել է: Իրանն ասել է, որ թիրախը եղել է մոտակայքում գտնվող ռազմական շտաբը:

Թեել Ավիվին մոտ գտնվող Ռամաթ Գան քաղաքում էլ հարվածել են բազմաբնակարան բնակելի շենքի, կան տասնյակ վիրավորներ: Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ իրանական հարվածներից երկրում կա ընդհանուր մոտ 240 վիրավոր:

Ռամաթ Գանի բնակիչ Սմադար Շիտրիտը պատմում է, որ հրթիռներն այնքան շատ էին, ասես հրթիռների ցունամի լիներ. - «Շուրջբոլորը և շենքի մուտքը լի են ապակիներով, ամեն ինչ ընկել է գետնին: Սա վնաս է, բայց վնասը, որ մեր սրտում է, հոգում, շատ ավելի ուժեղ է, շատ ավելի ցավոտ»։

Նախկին պատգամավոր և իրավաբան Դեյվիդ Մենան պատմում է, որ իրանական հրթիռների հարվածներից վնասվել է իր գրասենյակը. - «Սարսափելի գիշեր էր: Առավոտյան լսեցինք ռումբի ձայն, և պատուհանից տեսա, թե ինչ է կատարվում, շատ ծանր իրավիճակ է, բոլոր պատուհանները կոտրված են ... հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի»։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սոցցանցում գրել է, որ Իրանը ծանր գին կվճարի այս հարվածների համար: Երեկ էլ հայտարարել էր, որ քայլ առ քայլ առաջ են շարժվում Իրանից եկող սպառնալիքները՝ միջուկային ու բալիստիկ հրթիռների ծրագիրը չեզոքացնելու ուղղությամբ:

«Մենք վերահսկում ենք Թեհրանի երկինքը։ Հուժկու հարվածներ ենք հասցնում այաթոլայի ռեժիմին։ Թիրախավորում ենք միջուկային օբյեկտները, հրթիռները, հրամանատարական կենտրոնները և ռեժիմի խորհրդանիշները», - պնդել է Նեթանյահուն:

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այս հարձակումից հետո վարչապետի հետ բանակին հրահանգել են ակտիվացնել հարվածները Իրանին: Իսրայել Կացը շեշտել է, որ հիվանդանցն ու բնակելի շենքերը թիրախավորելուց հետո Իրանի հոգևոր առաջնորդը չի կարող այլևս ողջ մնալ:

«Զինվորականներին հրահանգ է տրվել, և նրանք գիտեն, որ իրենց բոլոր նպատակներին հասնելու համար, այս մարդը չպետք է շարունակի գոյություն ունենալ», - ասել է Կացը:

Իսրայելի բանակն, իր հերթին, հարվածել է Իրանի Սպահան և Նաթանզ քաղաքներում գտնվող օբյեկտների, որոնք, Իսրայելի պնդմամբ, օգտագործվում են միջուկային զենք ստեղծելու համար: Հարվածել են նաև Արաք քաղաքի Խոնդաբի ծանր ջրային ռեակտորին, որը, ըստ իսրայելական կողմի, չի գործում: Բանակի փոխանցմամբ՝ խոցել են Իրանի հրթիռներ արձակող կայանքների երկու երրորդը, սակայն կա ևս 100 այդպիսի կայանք:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ այս հարձակումը «միջազգային իրավունքի նոր խախտում է», հետևաբար բողոք են ներկայացրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն: Կազմակերպությունը հայտնել է, որ հարվածից տուժածներ չկան, տարածքի բնակիչներին էլ վտանգ չի սպառնում:

Իրանի հոգևոր առաջնորդն իրանցիներին կոչ է արել ամուր լինել: «Եթե թշնամին զգա, որ վախենում ենք իրենից, նա ձեզ բաց չի թողնի», - սոցցանցում գրել է այաթոլա Ալի Խամենեին:

Իրանի արտգործնախարարն էլ սոցցանցում իսրայելցիներին կոչ է արել հետևել տարհանման իրենց հրահանգներին և խուսափել ռազմական ու հետախուզական օբյեկտներին մոտ լինելուց: Աբբաս Արաղչին գրել է, որ Իրանի զինուժը կշարունակի հարվածել Իսրայելին այնքան, մինչև նրանք չդադարեցնեն իրենց «հանցավոր ագրեսիան»:

Իրանի նախագահը սոցցանցում գրել է, որ կառավարության բոլոր մարմիններին հանձնարարել է լծվել «Իրանին ծառայելու» գործին։ «Աստծո շնորհիվ և կարեկցանքի ու համերաշխության օգնությամբ մենք կհաղթահարենք այս դժվարին օրերը»,- գրել է Մասուդ Փեզեշքիանը։

Մինչ կողմերը հարվածում են իրար, Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ պատերազմին ԱՄՆ ուղիղ մասնակցության մասով դեռ վերջնական որոշում չունի, սակայն պատրաստ են ամեն սցենարի:

«Ես պատկերացում ունեմ, թե ինչ անել, բայց դեռ վերջնական որոշում չեմ կայացրել։ Կցանկանայի դա անել վերջին պահին, քանզի, գիտեք, որ … հատկապես պատերազմի ժամանակ, ամեն ինչ փոխվում է, մի ծայրահեղությունից մյուսը կարող է գնալ», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Իրանի ռազմական հրամանատարությունը Վաշինգտոնին զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ը ուղիղ մասնակցի պատերազմին, Իրանը ԱՄՆ-ին կհասցնի հարվածներ, որոնք անդառնալի հետևանքներ կունենան, իսկ հակամարտությունը կտարածվի տարածաշրջանում:

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ասել է՝ եթե ԱՄՆ-ը չի ցանկանում դադարեցնել պատերազմը, ապա պետք է առնվազն չմիջամտի, և հավելել է, որ Իրանը «սեղանին ունի բոլոր անհրաժեշտ տարբերակները»։

«Եթե ԱՄՆ-ը ցանկանա ակտիվորեն միջամտել՝ Իսրայելին աջակցելու համար, Իրանն այլ տարբերակ չի ունենա, քան օգտագործել իր գործիքները՝ ագրեսորներին դաս տալու և իրեն պաշտպանելու համար», - հայտարարել է փոխնախարարը:

Իրանցի պատգամավորներից մեկն ասել է, որ այս տարբերակներից մեկը Հորմուզի նեղուցը փակելն է, որտեղով փոխադրվում է աշխարհում սպառվող նավթի 20 տոկոսը:

Ռուսաստանը, իր հերթին, հայտարարել է, որ պատերազմին Միացյալ Նահանգների հնարավոր մասնակցությունը կլինի ևս մեկ «սարսափելի սրացում», նշելով, որ Իրանի միջուկային ծրագրի խնդիրը չպետք է լուծվի ռազմական ճանապարհով:

Հարվածների ֆոնին իրանական լրատվամիջոցները հաստատել են, որ Իրանի արտգործնախարարն ուրբաթ օրը կհանդիպի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական միության արտգործնախարարների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:

Ռուսաստանի և Չինաստանի նախագահներն ասօր հեռախոսազրույցի ժամանակ դատապարտել են Իսրայելին Իրանին հարվածելու համար: Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինպինն ընդգծել են, որ պետք է թուլացնել լարվածությունը և խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով:

Երեկվանից Իրանում ինտերնետ կապը գործում է խափանումներով, հազարավոր մարդիկ շարունակում են դուրս գալ երկրից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայել-Իրան հակամարտությունն է՛լ ավելի է թեժանում. թարմացվող