Մահացած են գտել Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանի զուգարանում

Բորիս Ավագյանը, արխիվային լուսանկար

Գիշերը Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի հյուպատոսարանում արված տեսագրությունից հետո Բորիս Ավագյանին, ըստ ռուսական լրատվամիջոցների, մահացած են գտել` նախնական տեղեկություններով հյուպատոսարանի զուգարանում:

«Այսօրվա դրությամբ իրավապահ մարմինները չեն կարողանում ինձ պատասխանել, թե ինչ պատճառներով ՀՀ քաղաքացուն չեն կարողանում ձևակերպել էքստրադիցիայի պահը», - մահից առաջ հրապարակված տեսանյութում ասում էր Ավագյանը:

Տեսագրությունում Ավագյանը խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալն իր վերջին տեսագրությունն ուղարկել է հայաստանցի լրագրող Լիա Սարգսյանին, բացատրել, որ14 ժամ խնդրում է իրեն արտահանձնել հայրենիք, բայց հայաստանյան իշխանությունները մերժում են:

«Ցանկանում են, որ ՌԴ իրավապահ մարմիններին ինձ հանձնեն, որ չիրականանա իմ էքստրադիցիան: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազը կայացնի որոշում և ուղարկի ՀՀ ոստիկանության աշխատակիցներին իմ էքստրադիցիայի կատարման համար», -տեսանյութում շեշտում էր Ավագյանը:

Տեսագրությունից ժամեր անց հայտնի դարձավ նրա մահվան մասին: Ռուսաստանի իրավապահները տեղի ունեցածն ինքնասպանություն են որակել: Սանկտ Պետերբուրգի դատարանների Միացյալ մամուլի ծառայության ղեկավարը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, որ Ավագյանը, ով նաև «Ռոսրեեստր»-ի Սանկտ Պետերբուրգի վարչության ղեկավարի նախկին տեղակալն էր, փախուստի է դիմել Կրոնշտադտի շրջանային դատարանից: Ռուսական կողմը նրան դատարանի առջև էր կանգնեցրել ավելի քան 4,2 մլրդ ռուբլի մաքսատուրքերից խուսափելու գործով:

Ավագյանի հետ զրուցած լրագրողը մանրամասներ է պատմում

«Այսինքն՝ հետախուզման մեջ գտնվող անձը ինքնակամ գալիս է և ուզում է որպեսզի Հայաստանում իրեն դատեն, սակայն, այդ պահին, երբ նա ինձ հետ զրուցում էր, ասաց, որ արդեն 13-14 ժամ է՝ գտնվում է հյուպատոսարանում և տեղեկություն ունի, որ իրեն հանձնելու են ՌԴ իրավապահներին: Նա այդ պահի դրությամբ փախուստի էր դիմել, դատարանից դուրս էր եկել: Իմ տեղեկություններով՝ ասել էր, որ գնամ դուրս ծխեմ, հետ վերադառնամ ու այնտեղից փախուստի էր դիմել: Եվ, որպես ապահով ապաստան, գնացել էր Հայաստանի հյուպատոսարան», - «Ազատության» հետ զրույցում պատմեց լրագրող Լիա Սարգսյանը:

43-ամյա Ավագյանի դեմ քրեական գործ կա նաև Հայաստանում: Նա մեղադրյալի կարգավիճակ ունի: Քննչական կոմիտեից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ Ավագյանին հետախուզում էին փողերի լվացման, պետական սահմանն ապօրինի հատելու համար:

Հայաստանի իրավապահները չեն անդրադառնում Ավագյանի կյանքի վերջին ժամերին հնչեցրած մեղադրանքներին

Հայաստանի իրավապահներն առայժմ որևէ տեղեկատվություն չեն փոխանցում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի տարածքում տեղի ունեցած մահվան դեպքի վերաբերյալ, նաև չեն անդրադառնում Ավագյանի կյանքի վերջին ժամերին հնչեցրած մեղադրանքներին, թե չեն կազմակերպում իր արտահանձնումը Հայաստան:

Արտաքին գործերի նախարարությունից փոխանցեցին միայն՝
հարցն իրավապահների տիրույթում է: «Ազատությունը» զանգահարեց հյուպատոսի պաշտոնակատար Ազա Գրիգորյանին, խոսափողից այն կողմ գտնվող կինը խուսափեց մեր հարցերին պատասխանել ու անջատեց:

«Ազատություն». -Հյուպատոսարան եմ չէ՞ զանգել:

Ազա Գրիգորյան.- Այո:

«Ազատություն». - Բորիս Ավագյանի հետ կապված եմ զանգում, գիտեք, այստեղ լուրեր են տարածվում...

Ազա Գրիգորյան.- Այո, գիտեմ, գիտեմ, ուղղակի չեմ կարող հիմա ես որևիցե բան ասել:

Ավագյանի հետ նրա մահվանից ժամեր առաջ զրուցած լրագրողը տպավորություն չի ստացել, թե արցախի նախկին պաշտոնյան կդիմի նման ծայրահեղ քայլի:

«Եկեք հասկանանք. մարդը, որ փախել է Ռուսաստանի իրավապահներից և թաքնվել Հայաստանի հյուպատոսարանում, ավելի քան 15 ժամ մնացել է այնտեղ, հայտնաբերում են արնաշաղախ վիճակում, սանհանգույցում և դանակը կողքին, որպես վկայություն, որ ինքնասպանությո՞ւն է գործել, իսկապե՞ս», - ասում է լրագրողը:

Ո՞վ կքննի Ավագյանի մահվան գործը

Հայաստանը, թե՞ Ռուսաստանը կքննի 43-ամյա Ավագյանի մահվան գործը՝ դատախազությունը դեռ չի հստակեցնում:

Մինչ այդ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը կարծիք է հայտնում՝ թեև դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հյուպատոսարանի տարածքում, բայց միջազգային պայմանավորվածությունների համաձայն՝ քննությունը պետք է վարի ռուսական կողմը: Հնարավոր մեղադրյալին, եթե անգամ նա Հայաստանի քաղաքացի լինի, ըստ փորձագետի, ևս կդատի ռուսական կողմը: Հետագայում արդեն նա կարող է պատիժը կրել Հայաստանում: «Մեծ հաշվով դա համարվում է ՌԴ տարածք, պետք է հարգել դիվանագիտական անձեռնմխելիությունը. քննիչը ներս մտնելիս պետք է թույլտվություն ունենա, գրություններով փոխանակվում են, ուղղակի թույլտվությամբ պետք է մտնի, ներսում քննչական գործողություններ անեն», - ասում է Ղազարյանը:

Ողբերգական դեպքից ավելի քան 12 ժամ անց հստակ չէ՝ ինչո՞ւ են ռուսաստանցի իրավապահները քննությունն սկսել ինքնասպանության, ոչ թե այլ վարկածի շուրջ: Եթե ինքնասպանություն է, ապա ինչպե՞ս է այն տեղի ունեցել, մանրամասները հայտնի չեն:

Համացանցում տարածվել են կադրեր՝ սանհանգույցի հատակին մի տղամարդ, կողքը՝ դանակ: «Ազատությանը» չի հաջողվել ստուգել այդ լուսանկարների իսկությունը:

Ավագյանի փաստաբանի հետ այսօր չհաջողվեց խոսել. նա հյուպատոսարանում քննչական գործողությունների էր մասնակցում: Ավելի վաղ Կոնստանտին Տարասենկոն ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում բացառել էր իր պաշտպանյալի կողմից ինքնասպանության վարկածը: